HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԿՆ կոլեգիայի նիստ

Տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում քննարկվել են հողի հարկի, գույքահարկի ապառքների զրոյացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող հարկային վարչարարության հստակեցմանն առնչվող հարցեր:

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը տեղեկացրել է, որ Ազային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացվել եւ արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է «Գույքահարկի գծով հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագիծը: Խնդրին առավել համապարփակ լուծում տալու նպատակով կառավարության հետ համատեղ աշխատելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, եւ ՏԿ նախարարությունը նախագծի վերաբերյալ առաջարկություններ կներկայացնի:

Փոխվարչապետը, անդրադառնալով առաջարկությունների հիմնական նպատակներին ու ուղղություններին, պարզաբանել է, որ վարչարարական ողջ շղթայի վերլուծության հիման վրա փորձ է արվելու սահմանել այնպիսի մեխանիզմներ, որոնք հետագայում թույլ չեն տա ապառքների գոյացումը:

«Հարցերը պետք է լուծվեն վարչարարության արդյունավետության բարձրացման եւ համայնքների համար բյուջետավարման գործընթացի պարզեցման տեսանկյունից»,-նշել է Ա. Գեւորգյանը:

Հաշվի առնելով հարկերի գանձման հետ կապված վաղեմության ժամկետի հանգամանքը՝ առաջարկվում է սահմանել հստակ ժամկետ եւ զրոյացնել մինչ այդ ժամկետը հողի հարկի եւ գույքահարկի մասով գոյացած ապառքները:

Մյուս առաջարկը վերաբերում է արդեն ամրագրված ժամկետից հետո ընկած հատվածի համար հարկային արտոնությունների տրամադրմանը: Փոխվարչապետը նշել է, որ վերջին տարիներին հողի հարկի մասով կիրառված արտոնությունները ոչ միայն սոցիալական, այլեւ տնտեսական նշանակություն են ունեցել. մասնավորապես համայնքային բյուջեներ է մուտքագրվել մոտ 3 մլրդ դրամ:

Առաջարկությունների մյուս ուղղությունները վերաբերում են հարկային վարչարարության որոշ մեխանիզմների կատարելագործմանը եւ համայնքի ղեկավարի պատասխանատվությանը:

Նշվել է, որ այս առաջարկությունների հիման վրա համատեղ օրենսդրական փոփոխությունների փաթեթ կմշակվի: Փոխվարչապետը կոլեգիայի անդամներին եւս առաջարկել է մասնակցել այդ աշխատանքներին:

Կոլեգիայի նիստում ներկայացվել են նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններ-գործարար հատված հարաբերությունների հստակեցման եւ գործող ընթացակարգերի բարելավման նպատակով կատարված ուսումնասիրությունները: Զեկուցվել է, որ կատարվել է վերլուծություն` ըստ նշված հարաբերությունների բնույթի եւ ոլորտների: Ա. Գեւորգյանը հանձնարարել է շարունակել վերլուծությունները եւ ուսումնասիրությունները, բացահայտել ՏԻՄ-գործարար հատված հարաբերություններում վարչական կախվածության մեխանիզմները, ընթացակարգերի օրենսդրական կանոնակարգվածությունը, եւ անհրաժեշտության դեպքում` առաջարկել դրանք պարզեցնելու եղանակներ:

Նիստում ի գիտություն է ընդունվել նաեւ ՀՀ համայնքների 2011 թ. բյուջետային ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը: Նշվել է, որ 2011թ. ծախսերը կազմել են 106,6 մլրդ դրամ` 2010թ. համեմատ 6,4 մլրդ դրամով ավելի: Փոխվարչապետն ընդգծել է, որ ՏԻՄ-երի կողմից իրականացվող ծախսային քաղաքականության ընդհանուր մեթոդաբանության մշակման հարցը ՏԿՆ 2012թ. գերակայությունների թվում է, եւ այդ ուղղությամբ կատարված աշխատանքների եւ ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկություններ պարբերաբար կներկայացվեն կոլեգիայի նիստում: Նա կոլեգիայի անդամներին եւս հորդորել է մասնակցություն ունենալ այդ աշխատանքներին: Այդ մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter