Տնկվել է ավելի քան 20 հազար ծառ
Համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընդհանուր առմամբ տնկվել է ավելի քան 20 հազար ծառ:
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ծառատունկն իրականացվել է բացառապես ոռոգելի տարածքներում: Հացենի, թեղի, թխկի, սոսի և դեկորատիվ այլ տեսակների շուրջ 3600 ծառ է տնկվել մայրաքաղաքի փողոցներում: 4350 ծառ տնկվել է զբոսայգիներում և պուրակներում:
Ապրիլի 9–ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Քաղաքապետարնի աշխատակազմի ներկայացուցիչների հետ քաղաքապետը եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Փարոսի բլուր» կոչվող տարածքում, որտեղ, ըստ էության, մեկնարկել է նախկին անտառային գոտու վերականգնման ծրագիրը;
«Պետք է հետևողական լինենք, որ անտառն ապրի»,- նշել է քաղաքապետը:
Լրագրողների հետ զրույցում, շնորհակալություն հայտնելով համաքաղաքային շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին, Կարեն Կարապետյանն ընդգծել է մայրաքաղաքի մաքրության, բարեկարգ վիճակի պահպանման գործում բնակչության հոգատար վերաբերմունքի անհրաժշտությունը:
Առողջապահական, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և հանրակրթական դպրոցների տարածքներում տնկվել է ավելի քան 4360 ծառ: Շուրջ 2970 ծառ էլ, համատիրությունների ուժերով, տնկվել է բակային տարածքներում: Նոր տնկված բոլոր ծառերի խնամքը, մինչև ոռոգման տարեշրջանի սկիզբը, կիրականացվի ջրցան մեքենաներով:
Ծառատունկից բացի` մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացվել են սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ, ինչի համար քաղաքապետարանը տրամադրել է 55 միավոր հատուկ տեխնիկա:
Բոլոր աշխատանքներին, կոմունալ տնտեսությունների, կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցների հետ միասին, մասնակցել են բազմաթիվ հիմնարկությունների, ուսումնական հաստատությունների աշխատակիցներ և սովորողներ:
Արձագանքելով Երևանի քաղաքապետի կոչին` շաբաթօրյակին ու ծառատունկին իրենց ակտիվ մասնակցությունն են բերել նաև բիզնես կառույցների, միջազգային ու հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել