
Արթուր Դավթյանը պատվեր է համարում Հայկ Հարությունյանի նկատմամբ ճնշում գործադրելու մասին հրապարակումները
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատվեր է որակում զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը նախքան ինքնասպան լինելը խոսել է իր նկատմամբ գլխավոր դատախազի և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի գործադրած ճնշումների մասին:
«Ցանկացած ողջամիտ մարդ այդ վարկածը լսելիս շատ լավ հասկացել է, թե ինչ պատվերների իրացման մասին է խոսքը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Դավթյանը:
Նշենք, որ Հայկ Հարությունյանի մահված մասին հայտնի դառնալուց հետո hayeli.am և armlur.am կայքերը, հղում անելով իրենց աղբյուրներին, տեղեկություն էին տարածել այն մասին, թե Հայկ Հարությունյանը ինքնասպանությունից առաջ ասել է, թե ՀՔԾ պետն ու գլխավոր դատախազը իրեն ստիպում են ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ:
«Գլխավոր դատախազի պաշտոնը և՛ իրավական, և՛ բարոյական առումով այդպիսի բան թույլ չի տալիս»,- ասաց Դավթյանը:
Հայկ Հարությունյանի մահից հետո շրջանառվում է նաև տեղեկություն այն մասին, որ նրա մահը կարող է կապ ունենալ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալների հետ, և պետք է պատշաճ ապահովվի այդ գործով վկաների անվտանգությունը: Այս առնչությամբ Արթուր Դավթյանն ասաց.
«Դա իսկապես շատ կարևոր խնդիր է, և մեր երկրում այսօր մենք այդ ինստիտուտը զարգացնելու խիստ անհրաժեշտություն ունենք: Մենք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսել ենք պաշտպանության կամ անվտանգության միջոցներ, սակայն դրանց կառուցակարգեր երբեք նախատեսված չեն եղել, գործնականում բազում բարդություններ են առաջացել: Ներկայումս օրենսդրական փաթեթն առկա է, և հույս ունենք, որ դրա կիրառման արդյունքում կիրացվեն այդ պաշտպանության միջոցները»:
Դավթյանը նշեց, որ Հայկ Հարությունյանը պետք է սահմանադրական կարգը տապալելու առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննվեր դատարանում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Մեկնաբանել