HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեղամիջոց են ընտրվել ծովային երազանքները

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ռմբակոծված ու գրեթե ամբողջությամբ ավերված գերմանական Կասսել քաղաքը վերականգնելու եւ այն արվեստի կենտրոն դարձնելու համար հիմնադրվեց ժամանակակից արվեստի' այսօր արդեն աշխարհում բավական հայտնի ցուցահանդեսը' դոկումենտան: Մոտավորապես նույն մտադրությամբ 1998թ.-ին Հայաստանի երկրորդ քաղաքում բացվեց ժամանակակից արվեստի առաջին բիենալեն: Ավերիչ երկրաշարժից 10 տարի անց սա, թերեւս, մշակութային առաջին միջոցառումն էր Գյումրիում:

Գյումրիում բիենալեների շարք սկսելուց առաջ 3 արվեստագետների' Ազատ Սարգսյանի, Վազգեն Պահլավունի-Թադեւոսյանի եւ Հենրիկ Խաչատրյանի (մականունը' Սեւ) ջանքերով ստեղծվեց ժամանակակից արվեստի կենտրոն, որն էլ նախաձեռնեց երկամյա ցուցահանդեսների կազմակերպումը: Նշված արվեստագետներից երկուսն այլեւս արտերկրում են հաստատված. Վազգեն Պահլավունի-Թադեւոսյանը' Ֆրանսիայում, Սեւը' ԱՄՆ-ում: Էնպես որ Գյումրիի նախորդ 4 բիենալեների ուրվագիծը մեզ համար գծեց Ազատ Սարգսյանը:

«Գյումրեցի» Ազատը

96-97թթ.-ին' Վենետիկի հերթական բիենալեից վերադառնալուց հետո, Ազատ Սարգսյանը ծանոթացավ Վազգենի հետ, ու որոշեցին ինչ-որ բան սկսել Գյումրիում: Առաջին նախաձեռնությունը «Արշավախումբ 101» խորագրով ցուցահանդեսն էր, որ խորհրդանշում էր Երեւանն ու հանրապետության երկրորդ քաղաքը բաժանող 101կմ-երը:

«Ես գյումրեցի չեմ, բայց այսօր դեռ շարունակ կատակում են, թե ինչպես Ազատը հանկարծ գյումրեցի դարձավ»,-պատմում է նկարիչ, արվեստագետ Ազատ Սարգսյանը:

Գյումրին պատահաբար չէր ընտրվել որպես նշանակետ. նախ՝ սա բնության քմահաճույքով ավերված մի քաղաք էր, որն օգնության կարիք ուներ: Որպես բուժման ու վերականգնման այլընտրանքային մի տարբերակ առաջ քաշվեց ժամանակակից արվեստի լեզուն: «Երկրաշարժից հետո մեր երկրում քանդվել էին գրեթե բոլոր համակարգերը: Գյումրիում ակտիվություն մտցնելու եւ նրա երբեմնի մշակութային դեմքը վերականգնելու համար մենք որոշեցինք ոչ թե հուսահատ խնդրանքներով թակել աշխարհի դռները, այլ աշխարհը բերել Գյումրի»,-իրենց նախաձեռնության մասին հիշում է Ազատը:

Բայց, թերապեւտիկ դերից բացի, Գյումրիում կազմակերպվող ցուցահանդեսն այլ նպատակ էլ ուներ: Անկախացումից հետո եւ այսօր հատկապես մեր երկիրը կենտրոնացել է մայրաքաղաքում: Հայկական բիենալեն Երեւանից դուրս կազմակերպելով' նպատակ կար որոշ ապակենտրոնացում մտցնել գոնե արվեստի ոլորտում: Ազատը ցավով է նշում այն փաստը, որ 21-րդ դարասկզբին մայրաքաղաքից անգամ կես ժամի ճանապարհ անցնելով՝ կարելի է տեսնել գյուղեր, որտեղ նույնիսկ բժիշկ չկա:

Իսկ բիենալեն, այսինքն՝ ցուցահանդեսների կազմակերպման երկամյա հաճախականությունը պիտի ապահովեր սկսած գործի շարունակականությունը: «Մենք' հայերս, գործը մեծ ոգեւորությամբ սկսելու, բայց այն անավարտ թողնելու վատ սովորություն ունենք: Ի սկզբանե որոշեցինք ժամանակակից արվեստի ցուցահանդեսը Գյումրի տանել յուրաքանչյուր 2-րդ տարին, որպեսզի այն շարունակական լինի»,-ասում է Ազատ Սարգսյանը:

Անհաս ծովն ու մեր պատրանքների վերլուծությունը

Գյումրիի յուրաքանչյուր բիենալե նախապես որոշակի համատեքստի մեջ է դրվում: Խորագրի ընտրությունը կատարվում է երկար քննարկումների ու վերլուծությունների արդյունքում, քանի որ ցուցահանդեսի անվանումով են պայմանավորվում դրանում ընդգրկվող աշխատանքների ընտրությունն ու իրադարձությունն ընդհանրապես:

«Մենք շատ ենք կարեւորում յուրաքանչյուր ցուցահանդեսի գաղափարական հիմքը, դա օգնում է, որպեսզի մեր երկրում կատարվող այլ երեւույթների նման խնդիրը չտարրալուծվի ու չկորչի»,-ասում է Ազատ Սարգսյանը:-«Ամեն անգամ հիմնվում ենք որեւէ տեղական խնդրի վրա ու առաջնորդվում «լոկալից դեպի գլոբալ» նշանաբանով, այսինքն' փորձում ենք ներքին խնդիրների միջոցով հարաբերվել աշխարհի իրավիճակների հետ: Փակ ու պահպանողական մեր երկիրն այս առումով լավ միջավայր է հետազոտության համար»:

Այս տարի Գյումրիի բիենալեն 5-րդ պտույտն է կատարում: Որպես համատեքստ-խորագիր ընտրված է երանելի ծովի գաղափարը' ծով, երազանքներ ու պատրանքներ: «Եկել է ժամանակը խոսելու մեր երազանքների մասին: Կոնկրետացնելու համար որոշեցինք անդրադառնալ ծովի շուրջ ունեցած պատրանքներին, որ բնորոշ են, թերեւս, բոլոր ազգերին եւ հայերիս հատկապես: Ծովին ու երազանքներին վերաբերող արվեստի գործեր հավաքելով' փորձել ենք նյութականացնել երազանք կոչվածն ու, ինչու չէ, ինչ-որ կերպ իրականացնել այն»,- պատմում է Գյումրիի 5-րդ բիենալեի համադրող, արվեստագետ Արփինե Թոքմաջյանը: «Որոշեցինք խոսակցություն սկսել երազանքների թեմայով' պարզելու համար, թե որոնք են դրանք հիմա եւ ինչպես վարվել դրանց հետ»:

Այս տարի Ազատ Սարգսյանը բիենալեի ոչ թե կազմակերպիչ, այլ մասնակից է: Ներկայացրել է 2 տարի առաջ Թայվանում ստեղծված մի աշխատանք, որն անմիջականորեն առնչվում է ծովի ու երազանքի թեմային: Լուսանկարների շարքը ներկայացնում է թայվանական մի լիճ, որը ոչ մի ձեւով չի միանում շուրջբոլորը փռված օվկիանոսին: Սա լճի անհաս երազանքն է, որը Ազատը համադրում է մեր Սեւանի շուրջ եղած պատրանքների հետ:

Ծովային պատրանքները կողողեն Գյումրին օգոստոսի 12-ից, բայց մինչ այդ մի խումբ արվեստագետներ մոտ մեկ շաբաթ կաշխատեն մեր երազանք-լճի ափին: Այս տարի փորձ է արվելու իրականացնել վաղուց մտածված մի նախագիծ:

«Քանի որ միշտ խնդիրներ են եղել' կապված ցուցահանդեսի կարճատեւության հետ, որոշեցինք ստեղծել արվեստ-բնակավայր (art-residence), որտեղ տարբեր երկրներից ժամանած արվեստագետները մերոնց հետ գոնե որոշ ժամանակ աշխատելու հնարավորություն կունենան»,-ասում է Արփինեն: «Սեւանի ափին գտնվող Արտանիշ գյուղն այս տարի բիենալեից առաջ կվերածվի art-ա-նիշի, այնտեղ կհավաքվի ու մոտ մեկ շաբաթ կմնա այս տարվա բիենալեի մասնակիցների մի մասը»:

Արտանիշը կդառնա փոխըմբռնման յուրատեսակ մի դաշտ, իսկ Գյումրին կշարունակի մնալ ազատ ու չեզոք տարածք երկխոսության համար, տարածք, որը, սակայն, բազում խնդիրներ ունի նաեւ բիենալեի կազմակերպիչների համար: Խոսքը տարածքի մասին է բառի նյութական իմաստով. Գյումրիի նախորդ 4 բիենալեներից հետո նվիրատվությունների արդյունքում կուտակվել է ժամանակակից արվեստի գործերի ամբողջ մի հավաքածու, որն այսօր ցուցադրման տարածք չունի: Աշխատանքները պահվում են քաղաքի արվեստի ակադեմիայի պահոցներում: Այս հարցի լուծումը բիենալեի հեղինակներն արդեն պետությունից չեն ակնկալում, հույսը կապում են սփյուռքահայ բարերարների հետ, ովքեր միգուցե մի օր որոշեն օգնել մեր երկրի համար բացառիկ այս հավաքածուն հասարակությանը ներկայացնելու հարցում:

Արվեստ, որ սիրում է քայլել մարդկանց մեջ

Մեզանում այսօր ժամանակակից արվեստ ասելով' շատերն անմիջապես պատկերացնում են ՆՓԱԿ-ում ինչ-որ «խենթ»-երի իրականացրած միջոցառումները: Աշխարհում վաղուց շքերթի դուրս եկած արվեստի ձեւերը' ինստալյացիան, պերֆորմանսները, վիդեո-արտը, ցանցային արվեստն ու այլ տարատեսակներ մեզ համար ոչ միայն նոր, այլեւ անընդունելի են: Ինչպե՞ս կարող է, օրինակ, փակ սենյակում պտտվող ու զանազան հետագծեր թողնող լույսերի բազմությունն արվեստի գործ համարվել: Այս մտայնությամբ է առաջնորդվում մեր շուրջն ապրողների մեծամասնությունը:

«Այսօր մեր բուհերում աբստրակտ (վերացական) արվեստը դեռ ավանգարդ է համարվում, այն դեպքում, երբ աշխարհում աբստրակցիոնիզմը վաղուց դասական արվեստների շարքին է դասվում: Էլ ինչ խոսք կարող է լինել ստեղծագործողի նոր արտահայտչամիջոցներն ընկալելու մասին»,-բացատրում է Ազատ Սարգսյանն ու շարունակում, որ սա ոչ թե զուտ տեղական, հետխորհրդային մտածելակերպի հետեւանք է, այլ շատ ավելի արմատական մի խնդիր, որ կապված է երկրի ընդհանուր համակարգի հետ: «Ժամանակակից արվեստը քաղաքացիական հասարակության արվեստ է, որպիսին մենք դեռ չունենք: Աշխարհում պոստ-պոստ մոդեռն արվեստը հանրային տարածքներում է իրագործվում, իսկ մեզանում արվեստի ժամանակակից խոսակցությունները տեղի են ունենում շատ փոքր ու առանձնացված տարածքներում, արդյունքում ընդհանուր դաշտը բաց է մնում»:

«Ժամանակակից արվեստը պատվանդաններ չի սիրում, նա կոչված է քայլել մարդկանց մեջ»,-շարունակում է Արփինե Թոքմաջյանը:

Ու հենց նշված խոչընդոտների պատճառով աշխարհի տեմպերով շարժվող հայ արվեստագետները, որպես կանոն, անհատական կապեր են հաստատում արտերկրի գործընկերների հետ ու դառնում մի տեսակ առանձին գործող արվեստագետ-համակարգեր:

«Արվեստագետը շարունակում է աշխատել, նա չի կարող սպասել, թե, ասենք, երբ Հայաստանում կձեւավորվի քաղաքացիական հասարակություն, որը վերջապես պատրաստ կլինի ընկալելու «նոր» արվեստը»,-պնդում են զրուցակիցներս, ովքեր համոզված են, որ արվեստի մերօրյա լեզուն հայկական համատեքստում շատ ավելի մեծ ասելիք ունի, քան, օրինակ, պարզապես կտավի վրա թեկուզ վառ գույներով ու մի փոքր համարձակ ձեւերով արված նատյուրմորտը:

Ինչ վերաբերում է Գյումրվա բիենալեին ու դրա շուրջ առաջացող արձագանքներին, կազմակերպիչների հավաստմամբ՝ հանդիսատեսի առումով էնտեղ վիճակը շատ ավելի հուսադրող է: Բանն այն է, որ գյումրեցիները նախ մտածում են, որ Երեւանից ու առավել եւս արտերկրից ժամանած արվեստագետներից հաստատ մի նոր բան կարող են լսել ու սովորել: Բացի այդ, նրանք, ի տարբերություն մայրաքաղաքի բնակիչների, ավելի բաց են, քանի որ չեն ազդվում բազմաշերտ Երեւանում իշխող մտայնություններից: «Երեւանցիները ինֆորմացիայի իրենց «հարուստ» պաշարով համոզված են, որ ավելին իմանալու եւ ընկալելու կարիք չկա էլ»,-ասում է Արփինեն:

Եվ մինչեւ վիճակը կփոխվի, ժամանակակից արվեստում ստեղծագործող հայ արվեստագետները շարունակում են ինքնարտահայտվել հայրենիքից դուրս եւ գոնե 2 տարին մեկ Գյումրիի բիենալեի շրջանակներում հանդիպում են տեղացի եւ այլազգի գործընկերների հետ ու առժամանակ զգում իրենց ինչպես «ձուկը ջրում»:

Սեդա Պապոյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter