
Արայի լեռան վրա դեռևս 6 ծխացող օջախ կա
Արայի լեռան վրա շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները, կրակը մեկուսացվել է, սակայն դեռ չի հաջողվել մարել: Այս պահի դրությամբ լեռան վրա կա 6 ծխացող օջախ: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոնդ Զարգարյանը:
«Այս պահին տեղում աշխատում է 24 փրկարար: Ակտիվ կրակ չկա, հիմա շիջման պրոցեսն է, գնում է դեպի մարում: Տեղում հերթապահություն է սահմանված: Փրկարարներն աշխատում են ուսապարկային գործիքներով, որովհետև տեղանքի դժվարամատչելիության պատճառով մեքենան չի կարողանում բարձրանալ»,- նշեց Էդմոն Զարգարյանը:
Հարցին, թե այժմ հրդեհի տարածման վտանգ կա՞, նախարարի մամուլի քարտուղարն ասաց, որ նույնիսկ մարելուց հետո էլ հրդեհի տարածքը շարունակում է վտանգավոր մնալ:
«Երբեմն նույն տարածքում երկու-երեք անգամ հրդեհ է բռնկվում: Մի կայծից անգամ կարող է հրդեհ բռնկվել, որովհետև ամբողջ երկրում խոնավությունը շատ քիչ է: Առաջիկա օրերին էլ մեր օդերևութաբանների կանխատեսմամբ՝ կարծես թե անձրև չի լինելու: Նորմայից 5 աստիճան բարձր ջերմաստիճան ունենք, որն արդեն իսկ հրդեհի ծագման օբյեկտիվ պայման է: Դրան գումարվում է նաև սուբյեկտիվ պայմանը, այսինքն՝ մարդկային գործոնը»,- ասաց նախարարի մամուլի քարտուղարը:
Էդմոնդ Զարգարյանի խոսքով՝ Արայի լեռան հրդեհի բռնկման նախնական վարկած չկա. «Մենք չենք կարող որակում տալ, քանի դեռ փաստացի որևիցե մեկի կողմից կատարված գործողություն չենք տեսել: Այս պահի դրությամբ հրդեհի բռնկման համար կոնկրետ վարկած չունենք»,- ասաց Զարգարյանը:
Հարցին, թե անտառային տարածքներ այրվե՞լ են, Էդմոն Զարգարյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ փոքր թփուտներ այրվել են, սակայն դրանք անտառ համարել չի կարելի:
Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղարը ընդգծեց Արայի լեռան հարակից համայնքների բնակիչների ակտիվ ներգրավածությունը հրդեհաշիջման աշխատանքներում՝ ասելով, որ նրանք սրտացավ վերաբերմունք են ցուցաբերել: Լեռան վրա հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են Կոտայքի մարզի Արագյուղ, Սարալանջ, Զորավան գյուղերի, Եղվարդ համայնքի, Արագածոտնի մարզի հարակից գյուղերի բնակիչներ:
Հիշեցնենք, որ Արայի լեռան ստորոտին հրդեհ էր բռնկվել օգոստոսի 20-ի առավոտյան, որն աստիճանաբար տարածվել էր լեռան լանջերին: ԱԻՆ-ի վերջին հաշվարկներով՝ այրվել է ընդհանուր 1800 հեկտար խոտածածկույթ:
Մեկնաբանել