
«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության մեջ մեղադրվում է Ռուսաստանի 32-ամյա քաղաքացի
Հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանվել էր 46-ամյա «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը՝ Մասիվցի Անդիկ մականունով:
Ինչպես հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը, պարզվել է, որ սպանությունը կատարել է Ռուսաստանի 32-ամյա մի քաղաքացի: Քննչական կոմիտեի փոխանցմամբ էլ՝ վերջինս 2019թ. հունիսի 25-ին ՌԴ-ից ժամանել է Հայաստան և 2019թ. հուլիսի 3-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում ապօրինի ձեռք բերված հրազենի՝ ատրճանակի գործադրմամբ, կրակոցներ արձակելով՝ սպանել է Անդրանիկ Հարությունյանին: ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա բնակիչը քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ՝ Հայաստանի քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Իսկ նրան հանցագործությունը կատարելուն օժանդակել է Երևանի 50-ամյա մի բնակիչ: Նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել: Նրան էլ մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ սպանությունը կատարած անձին և հանցագործության գործիք` հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Մեկնաբանել