«Ադրբեջանը 150 միլիարդ դոլարից ավելի կստանա»
Հարցազրույց Ֆինանսների հասարակական մոնիտորինգի կենտրոնի տնօրեն, տնտեսական վերլուծաբան Ինգլաբ Ահմեդովի հետ
- Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի ներկայիս տնտեսական վիճակը:
- Ադրբեջանական տնտեսության ներկայիս վիճակը բավական հարուստ է իր բովանդակությամբ եւ խոստումնալից հնարավորությունների տեսանկյունից: Այս իմաստով ադրբեջանական տնտեսական պատկերը զգալիորեն ավելի գրավիչ է, իսկ դրա վերլուծությունն ավելի հետաքրքիր, քան հարեւան Վրաստանի եւ Հայաստանի տնտեսական պատկերների վերլուծությունը: Օրինակ՝ 1994թ. որպես հիմք ընդունված նավթային քաղաքականութան շնորհիվ այսօր մենք գործ ունենք մեր երկրի տնտեսության մեջ մեծ ակտիվների ներհոսքի հետ: Բայց այդ ակտիվները ստեղծում են նման հսկա միջոցները գրագետ կառավարելու խնդիր: Եվ այս կապակցությամբ Ադրբեջանի տնտեսական ապագան, անկասկած, հետաքրքիր է նման խնդրի լուծման տարբերակները վերլուծելու համար: Ես չգիտեմ, թե արդյոք դա նախապես ծրագրավորվա՞ծ է եղել, բայց այսօր հայրենի տնտեսության մեջ կան ստանդարտից դուրս շատ բաներ: Այո, ածխաջրածնային պաշարներ կան նաեւ աշխարհի այլ երկրներում: Բայց միայն Ադրբեջանում է ձեւավորվել պատմական եզակի իրավիճակ, երբ բնական այդ հարստությունների միջոցով դրանցից ստացված շահույթի գրագետ բաշխման առկայության պարագայում կարող է արմատապես փոխվել երկրի ապագան' Ադրբեջանը դարձնելով եվրոպական մակարդակի երկիր: Ամեն դեպքում, համոզված եմ, որ ամենաքիչը մինչեւ 2011թ. մենք առավելություններ կունենանք տնտեսական ցուցանիշների առումով: Դա կապված է այն բանի հետ, որ մենք թեւակոխում ենք նավթային հսկայական շահույթներ ստանալու սպասելի փուլ:
Բացի այդ, մենք նաեւ տնտեսության մեջ ներդրումների մեծ հնարավորություններ ունենք: Այո, այդ ներդրումները մեծամասամբ կապված կլինեն նավթային բնագավառի հետ: Օրինակ՝ 2005թ. վեց միլիարդ դոլարի ներդրումների մեջ նավթի մասնաբաժինը 86-87% էր կազմում: Բայց, բացի նավթից, Վրաստանի եւ Հայաստանի համեմատ Ադրբեջանի ընդհանուր տնտեսության մեջ ավելի շատ ներդրումներ են եղել: Անցած տարի Ադրբեջանի ոչ նավթային սեկտորում եղել են կես միլիարդ դոլարից ավելի ներդրումներ: Այո, նավթային բնագավառում կատարված ներդրումների համեմատ այս թիվը կարող է ծայրաստիճան փոքր թվալ: Բայց ամեն ինչ պարզ է դառնում համեմատության մեջ: Այսպես՝ անցած տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության բոլոր բնագավառներում եղել են 248 միլիոն դոլարի արտասահմանյան ուղղակի ներդրումներ: Ինչպես տեսնում եք, մեր տնտեսության ոչ նավթային բնագավառներում արված ներդրումները երկու անգամ գերազանցում են Հայաստանի ողջ տնտեսության մեջ կատարված ներդրումներին: Այս ամենն ապացուցում է իմ այն միտքը, որ ադրբեջանական տնտեսությունը բավական հարուստ է իր բովանդակությամբ եւ խոստումնալից հնարավորություններով:
- Դուք խոսում եք մեր տնտեսության մեջ կատարված հսկա ներդրումների մասին, բայց մի՞թե զգալիորեն բարելավվել է միջին վիճակագրական ադրբեջանցու կյանքը պետբյուջեի մեծացման եւ արտասահմանյան ներդրումների արդյունքում:
- Իհարկե, մեր երկրի շարքային քաղաքացիների կյանքը կարող էր եւ զգալիորեն ավելի լավը լինել: Այո, մենք բավարար բան չենք արել դրա համար: Սա վերաբերվում է հատկապես շրջաններին: Առայժմ մենք կարող ենք հպարտանալ միայն մեր մակրոտնտեսական ցուցանիշներով, որոնք, ի դեպ, լիովին չեն արտացոլում կենսամակարդակը: Մենք դեռեւս չենք կարողացել այդ գումարները վերածել մարդկային կապիտալի:
- Ի դեպ, գումարների մասին. նավթային հսկա շահույթների պատճառով արդյո՞ք մեր տնտեսությունն էլ «հոլանդական հիվանդություն» չի ձեռքբերի:
- Ժամանակին մենք հրապարակեցինք մի հետաքրքիր նյութ, որը վկայում էր այն մասին, որ «հոլանդական հիվանդության» նշաններ կան ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Հայաստանում: Եվ եթե մեր երկրում այդ նշանների առկայությունը կարելի է բացատրել այն հանգամանքով, որ մենք նավթագազային տիպիկ երկիր ենք, ապա առաջին հայացքից տարօրինակ պետք է լինի Հայաստանի պարագան: Մինչդեռ «կողպեքը» շատ պարզ է բացվում. այս երկրի տնտեսությունում էլ կան չվաստակած մեծ գումարներ: Հայկական Սփյուռքը միշտ է դրամական ներարկումներ արել այս երկրի տնտեսության մեջ: Սա հղի է տնտեսության համար բացասական մի շարք հետեւանքներով: Օրինակ՝ արդեն մի քանի տարի է մենք տեսնում ենք, թե ինչպես են ամրանում հայկական դրամական միավորի' դրամի դիրքերը: Եթե 2004թ. ԱՄՆ մեկ դոլարն արժեր 533 դրամ, ապա 2005թ. մեկ դոլարի համար տալիս էին 457 դրամ: Այսինքն' Հայաստանի ազգային արժույթն ամրացել է նույնիսկ ավելի շատ, քան մեր մանաթը:
Թեեւ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում չկա տնտեսական ներդրումների մեծ հոսք: Այլ խոսքերով' Սփյուռքի կողմից օգնության տեսքով ստացվող գումարները «արջի ծառայություն» են մատուցում Հայաստանի տնտեսությանը: Չէ՞ որ ամրացած դրամը դժվարացնում է հայ արտահանողների հնարավորությունները: Եվ եթե Ադրբեջանում «հոլանդական հիվանդության» նշանները գալիս են մեր երկրի տնտեսության մեջ գոյացած եւ դեռ գոյացող ֆինանսական հսկա միջոցներից, ապա Հայաստանում դրանց համար դաշտ չկա, եւ այնտեղ ավելի ծանր են ներդրումային պայմանները:
- Արտասահմանյան ներդրումների մասին խոսելիս հնարավոր չէ չնշել, որ 2005թ. կոռուպցիայի ինդեքսով Transparency International կազմակերպության հաշվետվության մեջ Ադրբեջանը գտնվում է 137-րդ տեղում: Ինչպե՞ս է սա անդրադառնում մեր տնտեսության մեջ արտասահմանյան ներդրումների մակարդակի վրա:
- Անկասկած, Ձեր նշած գործոնը բացասական ազդեցություն ունի հայրենի տնտեսության վրա: Կասկած չկա նաեւ, որ աննախանձելի տեղերը, որոնք գրավում է Ադրբեջանը մի շարք միջազգային կազմակերպությունների հաշվետվություններում, որոնք նվիրված են կոռուպցիայի մակարդակին, երկրում ներդրումային մթնոլորտին եւ տնտեսության համար կարեւոր այլ գործոններին, ստիպում են մտածել շատ բաների մասին: Մեր երկրի գրաված ոչ բարձր տեղերը Ադրբեջանի մասին մինչ օրս ոչինչ չլսած պոտենցիալ ներդրողի համար բացասական ազդանշան են: Միջազգային կազմակերպությունների հրապարակած տվյալների հետ ծանոթանալուց հետո նրանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Ադրբեջանը հերթական վայրի, չզարգացած մի երկիր է, որին, Կռիլովի առակի խոսքերով, Աստված նավթի մի կտոր է ուղակել: Բայց չէ՞ որ իրականում ամեն ինչ այդպես չէ: Եվ դա ապացուցելու համար պետք է պայքարել երկրի շահերի համար, երկխոսություն վարել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նման երկխոսությունից հսկա օգուտ կլինի, եւ արդյունքում Ադրբեջանի նկատմամբ ներդրողների վերաբերմունքը կարող է զգալիորեն դեպի լավը փոխվել: Ես կարծում եմ, որ մենք գործ ունենք մի խնդրի հետ, որը նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներում է առկա, բացառությամբ մերձբալթյան պետությունների:
Ես խոսում եմ կոռուպցիա կոչվող երեւույթի մասին, որը բեռ է տնտեսության համար: Կոռուպցիայի խնդիրը հատկապես սուր է նավթային հարստություններ ունեցող երկրներում: Բայց ադրբեջանական իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ երբեմն ազդեցիկ այդ կազմակերպությունների հետ երկխոսության գնալու, տեղի ունեցող երեւույթները բացատրելու փոխարեն մենք նախընտրում ենք գնալ նվազագույն դիմակայության ճանապարհով եւ մեղադրել նրանց Ադրբեջանի նկատմամբ բռնած ոչ կառուցողական դիրքորոշման համար: Չնայած՝ չի կարելի չնշել, որ մենք հաճախ բախվում ենք մեր երկրում ինչպես կոռուպցիայի մակարդակի, այնպես էլ տնտեսական այլ խնդիրների ոչ օբյեկտիվ գնահատականի հետ: Այս կապակցությամբ չեմ կարող չնկատել, որ ես անձամբ վկա եմ եղել, որ այն դեպքերում, երբ նման երկխոսություն եղել է, եւ մեր երկիրը ներկայացրել են իսկական պրոֆեսիոնալներ, մենք միշտ հաղթել ենք, եւ Ադրբեջանի մասին կարծիքները արմատապես դեպի լավն են փոխվել:
- Որքա՞ն երկար ժամանակ Ադրբեջանը շահույթներ կստանա նավթից, եւ ի՞նչ կլինի մեր երկրի հետ, երբ «սեւ ոսկու» պաշարները սպառվեն:
- Ես կարող եմ որոշակիորեն հանգստացնել բոլոր նրանց, ովքեր հոռետեսորեն մտորում են այն մասին, թե ի՞նչ կլինի Ադրբեջանի հետ, երբ մեր երկրում վերջանան նավթի պաշարները: Հուրախություն մեզ, իրողություններն ավելի լավատեսական են: Ինչպես գիտեք, Ադրբեջանի շատ հանքավայրերում աշխատանքներն առաջ դադարեցված էին նրանց՝ առեւտրային տեսանկյունից անհիմն լինելու պատճառով: Բայց չէ՞ որ դա եղավ այն ժամանակ, երբ նավթի մեկ բարելի գինը 15-20 դոլար արժեր: Այժմ այն վաղուց արդեն անցել է 50 դոլարի սահմանը, եւ ես չեմ զարմանա, եթե մոտ ժամանակներս մեկ բարել նավթի գինը հասնի 100 դոլարի:
Արդյունքում, նախկինում փակված նավթահանքերը դարձել են առեւտրային իմաստով բավական հիմնավոր եւ խոստումնալից: Բացի այդ, կան նաեւ բավական լավատեսական կանխատեսումներ, որոնք կարող են իրականանալ արդեն ճշգրտորեն սպասելի նավթային շահույթների գրագետ բաշխման դեպքում: Դուք միայն պատկերացրեք, որ ամենանվազագույն, միայն չորս նավթագազային ծրագրերով Ադրբեջանը կստանա 150 միլիարդ դոլարից ավելի: Այս ամենը պատկերացնելու համար նշեմ, որ մինչ օրս Ադրբեջանը ստացել է այս հսկա գումարից 2,5 միլիարդ դոլար: Ինչպես տեսնում ենք, առջեւում հսկա փողեր են: Եվ դրանց խելացի օգտագործման դեպքում մեզ սպասում է նոր շահույթների անսպառ հոսք: Պետք է, որ մեր երկրի բոլոր քաղաքացիները, անկախ իրենց քաղաքական հայացքներից, միավորվեն եւ քննարկեն նավթային շահույթների ավելի ճիշտ եւ գրագետ բաշխման թեման: Սա դատարկ հարց չէ, նրանից է կախված Ադրբեջանի' որպես երկրի եւ ադրբեջանցիների' որպես ազգի ապագան:
Հարցազրույցը' Ռ. Վելիեւի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել