HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Թեհրանը մեծացնում է ճնշումը Բաքվի վրա

Փետրվարի 12-ին Իրանում Ադրբեջանի դեսպան Ախունդովը հրավիրվել է իրանական ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել արդեն պաշտոնական բողոքի նոտա: Թեհրանը պնդում է, որ իսրայելական «Մոսադի» գործակալները, ովքեր իրականացրել են իրանցի միջուկային մասնագետներին սպանելու ահաբեկչական գործողությունները, «ազատ տեղաշարժվել են Ադրբեջանի տարածքով»: Սա ակնհայտ ակնարկ է, որ նրանք, Թեհրանի կարծիքով, Իրան են թափանցել հենց Ադրբեջանից: Միաժամանակ Իրանը իր դժգոհությունն է հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ներով սիստեմատիկ հակաիրանական քարոզչությունից, իրանական կազմակերպությունների գործունեության դեմ հարուցվող խոչընդոտներից և անգամ այն հանգամանքից, որ Ադրբեջանը թույլ չի տալիս իրանական խոշոր բեռնատարներին երթևեկել Աստարա-Բաքու մայրուղով: Թեհրանը դժգոհությունների փունջ է ներկայացրել, ինչը Բաքվի համար ավելի քան լուրջ ահազանգ է:

Հետաքրքիր է, որ ադրբեջանական կողմը հարկ է համարել առաջադրված մեղադրանքները հերքել ոչ միայն արտգործնախարարության, այլև նախագահի աշխատակազմի մակարդակով: Հաջորդ իսկ օրը Ալիևի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով պատասխանատու Ալի Հասանովը հանդես եկավ հայտարարությամբ, թե Բաքուն չունի կապեր ահաբեկչական կազմակերպությունների հետ: «Ադրբեջանը անպայմանորեն հաշվի է առնում հարևան երկրների շահերը արտասահմանյան կազմակերպությունների, արտասահմանյան երկրների այս կամ այն կառույցների հետ հարաբերություններում: Հաշվի առնելով Իրանի շուրջ այսօր ստեղծված իրադրությունը, մենք կարծում ենք, որ իրանական կողմը պետք է ավելի ուշադիր և զգույշ լինի իր հարևանների նկատմամբ»,- նշել է Հասանովը:

Սա կարելի է դիտարկել միաժամանակ իբրև հորդոր, բայց և սպառնալիք: Ադրբեջանի արտգործնախարարությունը նույնպես հերքել էր Թեհրանի մեղադրանքները` ահաբեկչության մասով, պնդելով, թե դա իրականության հետ որևէ կապ չունի: «Ադրբեջանը Իրանի նոտան գնահատում է իբրև պատասխան մեր կողմից ներկայացված նոտային` Ադրբեջանում Իրանի հետ համագործակցող ահաբեկչական խմբի հայտնաբերման և մեկուսացման վերաբերյալ»,- նշել է ադրբեջանական ԱԳՆ-ն:

Մինչդեռ բաց, հրապարակային աղբյուրներում անգամ ի հայտ են գալիս տեղեկություններ, որ «Մոսադը» ազատ գործում է Ադրբեջանի տարածքում, և իրանական կողմի մեղադրանքները թերևս անհիմն չեն: Մասնավորապես, «Լոնդոն Թայմսը», հղում անելով իսրայելական հետախուզության Շիմոն անվանումով մի գործակալի, պնդում է, թե Ադրբեջանում կան «Մոսադի» տասնյակ գործակալներ: Թերթին տված հարցազրույցում հիշյալ գործակալը նշել է. «Դա զարմանալիորեն խոցելի երկիր է: Մեր ներկայությունն այնտեղ աննկատ է, բայց ծանրակշիռ:

Արդիական է դառնում նաև թալիշական հիմնախնդիրը: Դեռ անցած տարվա վերջին Լենքորանի թալիշների շրջանում իրականացված ձերբակալությունները և ոստիկանական բռնաճնշումները առիթ դարձան նոր լարվածության այդ տարածաշրջանում: Ռուսական ԶԼՄ-ների պնդմամբ, Լենքորանում այսօր գործնականում արտակարգ դրություն է, պաշտոնական Բաքուն լրացուցիչ ուժային ստորաբաժանումներ է կենտրոնացրել և իրապես մտահոգված է թալիշների զանգվածային ընդվզման հնարավորությամբ: Այս կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել Իրանում թալիշական համայնքի առաջնորդները, և ամենևին չի բացառվում, որ լարվածությունը կհանգեցնի Թեհրանի կողմից պաշտոնական միջամտության: Իրավիճակին մանրամասն տեղյակ փորձագետների կարծիքով` Թեհրանը ոչ պաշտոնապես, բայց իրանական թալիշների միջոցով աջակցում է Լենքորանում սկիզբ առած հուզումներին, որոնց առիթը առաջին հայացքից զուտ տնտեսական էր:

Առայժմ Թեհրանի ճնշումը Բաքվի վրա, գոնե տեսանելի հարթությունում, չի զուգահեռվում Մոսկվայից գործադրվող համարժեք ճնշմամբ: Ըստ ամենայնի, Իրանը առայժմ գործում է սեփական նախաձեռնությամբ, և ներկայացված նոտան, ինչպես նաև հուզումները Լենքորանում միայն նախազգուշացում են, բայց լուրջ զգուշացում: Եվ որքան էլ պաշտոնական Բաքուն առերես ցույց տա, թե ինքը ճնշումներին տեղի տալու մտադրություն չունի, իրականությունը այլ է, քանզի Թեհրանը Ադրբեջանում անկայունության հրահրման այլ ռեսուրսներ էլ ունի: Դրանք ոչ միայն իրենց վիճակից դժգոհ մյուս ազգային փոքրամասնություններն են (ավարներ և լեզգիներ, ընդհանուր թվով մոտ 800 հազար), այլև Ադրբեջանի իշխանության բացահայտ հակակրանքի առարկա իսլամական կուսակցությունը, որն առայսօր պաշտոնապես գործելու թույլտվություն չունի: Պաշտոնական Բաքուն այս ուժը համարում է Իրանի հոգևոր առաջնորդի ազդեցության տակ գտնվող կառույց, որը նույնպես որոշակի պահի կարող է դերակատարություն ստանձնել ներքին զարգացումներում: Տարբեր տվյալներով` իսլամական կուսակցության անդամների թիվը տատանվում է 15-20 հազարի սահմանում: Տարբեր ժամանակներում մամուլ են սպրդել տեղեկություններ, որ այս կառույցը ունի նաև այսպես կոչված մարտական թև: Այսինքն` զինված կազմավորումներ, որոնք անհրաժեշտ պահին կարող են գործի դրվել:

Թեհրանի և Բաքվի միջև լարվածության մեծացումը չի կարող գործընթացից անմասն թողնել Ռուսաստանին: Լարվածության հետագա աճի դեպքում Մոսկվան իր մասնակցությունը դրսևորելու երկու տարբերակ կունենա` դառնալ լարվածությունը մեղմելու միջնորդ` դրանով իսկ մեծացնելով իր ազդեցությունը Ադրբեջանի վրա, ինչը սկզբունքորեն ձեռնտու է Թեհրանին, կամ Իրանին զուգահեռ «ձգել պնդօղակները» Բաքվի նկատմամբ: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Ռուսաստանը հանդես չի գա Ադրբեջանին պաշտպանելու դիրքերից:

Ռուս-իրանական հարաբերություններում առաջին գործնական տեղաշարժերը արդեն նկատելի են: Օրերս Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջային հայտարարեց, որ Մոսկվայի և Թեհրանի միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագիր` առանց մանրամասներ բացահայտելու: Ամենևին չի բացառվում, որ Մոսկվան կանգնած է Իրանին C-300 հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրման որոշման շեմին:

ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter