«Հայացք». Հայաստանը կարող է Իրանի համար յուրովի «փրկօղակ» դառնալ
Հարցազրույց իրանագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտերի փոխդեկան Վարդան Ոսկանյանի հետ
Թուրքերը ցանկանում են Արևմուտք-Իրան բարդ հարաբերություններում միջնորդի դերն իրենք ստանձնել: Ինչո՞ւ դա չանենք մենք: Այս տեսանկյունից իրանական կողմն էլ պիտի որ դեմ չլինի` մեզ միջնորդ ու նոր որակի գործընկեր տեսնելուն, ուղղակի դրա համար մեզանից կպահանջվեն լուրջ դիվանագիտական ռեսուրսներ: Եթե Իրանն էլ դա գիտակցի, և այդ դեպքում, օրինակ, այն գումարները, որ մինչ այս տրամադրվում էին ՀԱՄԱՍ-ին, իսկ ամիսներ առաջ դադարեցվեցին, կարող են ուղղորդվել Հայաստան: Չի բացառվում, որ գա մի պահ, երբ մենք Իրանի համար լինենք այն փրկօղակը, որը նա ժամանակին եղել է մեզ համար: Լուրջ կատարողական հարթության վրա կարող է իջեցվել Հայաստան-Իրան երկաթգիծը, Իրանից Հայաստան եկող նավթամուղը, էներգետիկ այլ նախագծեր: Հայաստանը կարող է Իրանի համար յուրատեսակ «պատուհան դեպի հյուսիս» դառնալ: Այս պայմաններում տնտեսական շահերն այնքան կսերտաճեն, որ ոչ մեկի մտքով չի անցնի մեր երկրների միջև սեպ խրել: Ներկա պահին հայկական կողմն արդեն հասկացել է, մնում է, որ իրանական կողմը դա հասկանա:
- Պարոն Ոսկանյան, կարելի՞ է ասել, որ այն, ինչ այսօր կատարվում է Իրանի հետ, դեռ տասնամյակներ առաջ մշակած «չարիքի առանցքի» ամերիկյան դոկտրինի տրամաբանությունն է ու դրա զարգացումը:
- Անշուշտ դա նախատիպն է այսօրվա քաղաքական գաղափարախոսության, սակայն հիմնական զարգացումները պայմանավորված են այլ դոկտրինով` դա Մեծ Մերձավոր Արևելքի հայեցակարգն է, ըստ որի այդ տարածաշրջանում ներկա որոշ քաղաքական վարչակարգեր պետք է տապալվեն, իսկ որոշ սահմաններ էլ վերաձևավորվեն, և Իրանը մտնում է այն երկրների շարքը:
- Բայց վերջին հաշվով ամեն ինչի հիմքում նավթի գործոնը չէ՞:
- Դժվար է միանշանակ ասել. բացառապես նավթով պայմանավորելը սխալ կլիներ, քանի որ Իրանը, ինչպես նաև Սիրիան, լուրջ խոչընդոտ են ԱՄՆ-ի համար` տարածաշրջանում իրենց «խաղի կանոնները» հաստատելու, իրենց համար ձեռնտու վարչակարգ հաստատելու համար, ինչպես դա արվեց առաջին հերթին Սաուդյան Արաբիայում, հետո նաև` ինչ-որ չափով Իրաքում: Հաջորդը կլինի Միջին Ասիայի խնդիրը, դրանից հետո կգա Անդրկովկասը, և այդ դեպքում Վրաստանում արդեն ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիրներ այդտեղ չեն առաջանա, հաջորդը կլինի Ադրբեջանը: Ադրբեջանի` արևմտամետ դաշինքին միանալու դեպքում Հայաստանի վիճակը բավականին կբարդանա: Նախ` մենք կզրկվենք հարավային խոշոր միջանցքից, որը մեզ համար առավել ապահով ճանապարհ է, և հետո` եթե տեղի ունենա Իրանի մասնատում, մեզ համար խնդիրը շատ կբարդանա: Մեծ է ռիսկը, որ կանջատվի Ատրպատականը` այսպես կոչված Հարավային Ադրբեջանը, և այդ ուղղությամբ աշխատում է քարոզչությունը թե՛ Ադրբեջանում, թե՛ Արևմուտքում: Ատրպատականի անջատումը, իհարկե, չի նշանակում անպայման Ադրբեջանի հետ միացում, սակայն այն, որ դա կօգտագործվի Արևմուտքի կողմից Ադրբեջանի հետ հարաբերությունների սերտացման համար, բացառել չի կարելի է: Այս դեպքում Հայաստանը կհայտնվի կղզյակում` շրջապատված երեք կողմից ոչ բարեկամական հարևաններով: Եթե խոսք լինի Ադրբեջանի` ՆԱՏՕ-ի մեջ մտնելու մասին, մեր վիճակը կտրուկ կվատթարանա, մենք պիտի ստիպված լինենք ճշգրտումներ մտցնել մեր արտաքին քաղաքականության մեջ: Ենթադրվում է, որ նոր սահմանների վերաձևման դեպքում Արցախը կանջատվի մեզանից, ինչն էլ մեզ համար կնշանակի Արցախի կորուստ: Այդ նոր սահմանները գծված են մի հիփոթետիկ քարտեզով, որն անգամ չի կարելի համեմատել Վիլսոնի գծած քարտեզի հետ, որը մինչ օրս էլ չի կորցրել իր իրավական ուժը: Սա իր մեջ քաղաքական տեխնոլոգիա է պարունակում, այն է` առնվազն գաղափարը գցել դաշտ և տեսնել, թե ինչ արձագանք է այն ունենում: Ամենակարևորն այն է, որ Իրանը, որպես մեր դաշնակից, մասնատվում և թուլանում է:
- Ի՞նչ դիրքորոշում ունի այս ամենի նկատմամբ ադրբեջանական դիվանագիտությունը:
- Ադրբեջանը չի հայտարարում, որ աջակցելու է Իրանի դեմ գործողություններին, սակայն լուրջ տագնապում է հնարավոր սցենարներից: Նախ` պատերազմի դեպքում տեղի կունենա իսլամիստական տրամադրություններով ազգաբնակչության ներհոսք Ադրբեջան, որն ալիևյան վարչակարգի համար կդառնա «կոկորդում ոսկոր»: Որքան էլ որ Ադրբեջանում հայտարարեն, թե իբր իրենք կիսված ժողովուրդ են, դա այդպես չէ, և իրենք էլ դա լավ հասկանում են: Երկրորդ խոշոր խնդիրն իրանալեզու ազգերի և առաջին հերթին թալիշների խնդիրն է: Թալիշներն անգամ 1993-ին հանրապետություն հռչակեցին, բայց կարճատև կյանք ունեցավ: Իրանում հասկանում են, որ թալիշներին չօժանդակելը սխալ է եղել, և հիմա ցանկանում են դա շտկել: Այսպիսով Իրանն Ադրբեջանի վրա ճնշման լուրջ լծակներ ունի: Եթե հանկարծ Ադրբեջանն իր տարածքը տրամադրի Իրանին հարված հասցնելու համար, Իրանն անպայման հակահարված կտա` օգտագործելով առաջին հերթին իր այդ խաղաքարտերը:
- Որքանո՞վ է իրական Իրանում «գունավոր» հեղափոխության «ներկրումը»:
- Իրանում ձևավորվել է էթնիկ քաղաքականություն, որտեղ իրականում հակասություն չկա: Այդ հակասությունը կարող է միայն արտաքին միջամտության արդյունք լինել: Իրանը շատ առանձնահատուկ հասարակություն ունի: Այստեղ, արտաքին ինտերվենցիայի դեպքում հասարակությունն ավելի համախմբվում է, իսկ եթե ներքին հակասություն առաջ բերեն, ինչպես Եգիպտոսի դեպքում, ապա ներքին ընդվզում կառաջանա: Այսինքն եթե դու զորքդ չես մտցնում Իրան, այլ ներքին հակասություն ես առաջացնում, այդ սցենարն Իրանի դեպքում կարող է գործել; Մի խոսքով` Իրանի դեպքում կարող է գործել թունիսյան կամ եգիպտական սցենարը, իսկ լիբիական սցենարը կարող է միայն հակազդեցություն առաջացնել: Իրանի պարագայում կա նաև դրսում բնակվող ընդդիմություն, որը կարող են օգտագործել վարչակարգի դեմ: Իսկ ցանկացած բացահայտ ռազմական միջամտություն դատապարտված է ձախողման: Այսինքն` Իրանի համար կարող է կիրառելի լինել գունավոր հեղափոխության սցենարը:
- Իսկ ինչո՞վ եք բացատրում Իսրայելի կողմից նման հակաիրանական տրամադրությունները:
- Այստեղ ավելի շատ գաղափարախոսական ու մրցակցության խնդիր է: Իրանում իսլամիզմն իր մեջ հեղափոխության տարածման խնդիր էր պարունակում, և առաջին «թիրախը» Պաղեստինն էր, որտեղ առկա է հակամարտության օջախ: Այս քաղաքականությունն արդյունք չտվեց, բայց Իսրայելի հետ հետագա հարաբերություններում որոշիչ եղավ: Նաև այս հակամարտությունը Սիրիայի հետ է կապված. չէ՞ որ Իրանը Սիրիայի հետ դաշնակից երկիր է, իսկ Իսրայելը վերջինիս հետ լուրջ խնդիրներ ունի: Այս համատեքստում իրանա-իսրայելական հարաբերություններում գրգիռը տրվել է և հիմա իներցիայով շարունակվում է: Երկու պետություններն էլ ցանկանում են տարածաշրջանում գերտերություն դառնալ:
- Կարելի՞ է ասել, որ այստեղ գրգռիչ գործոն ունի ԱՄՆ-ը:
- Իմ կարծիքով հակառակն է` Իսրայելն է ԱՄՆ-ին գրգռում Իրանի դեմ` հրեական լոբբինգի միջոցով:
- Հիմա խոսենք Հայաստանի դերակատարման մասին: Ի՞նչ դրական բան կարող է մեզ համար լինել այս զարգացումներում:
- Ցանկացած իրավիճակում էլ կարելի է շահեկան կողմեր գտնել: Առաջին կարևոր բանն այն է, որ մեր Արևմտյան գործընկերները հասկանան Հայաստանի դիրքորոշումը` պայմանավորված այլընտրանքի բացակայությամբ: Տեսեք, եթե Հայաստանից որևէ կողմ պահանջում է հակաիրանական գործողություն, ապա դա առաջին հերթին բարոյական չէ: Ես համաձայն չեմ, երբ ասում են, թե քաղաքականության մեջ բարոյականություն չկա: Սովորաբար այս տեսակետն առաջ են քաշում նրանք, ովքեր չեն ուզում բարոյական նորմերը պաշտպանել, իրականում լավ էլ բարոյական նորմերը գործում են: Նախ Իրանն այն երկիրն էր, որ մեզ համար ամենածանր տարիներին չմիացավ շրջափակմանը, ավելին` մեծապես օգնեց այդ շրջափակումը մեղմելուն: Մենք Իրանում ունենք մեծ համայնք, որը բարվոք վիճակում է և երբեք որևէ ոտնձգության չի ենթարկվել ոչ մի վարչակազմի կողմից: Նաև շատ էական են մեր տնտեսական շահերը: Այս առումով արևմտյան գործընկերները պետք է ըմբռնումով մոտենան:
- Սակայն կարո՞ղ է այնպես լինել, որ այդ ըմբռնումը բացի մեզ որոշ բաներ չպարտադրելուց, նաև վերածվի մեզ համար շահեկան գործընթացների:
- Սա շատ հնարավոր սցենար է: Այսօր գնում է պատերազմի հռետորաբանության գործընթաց, որում նույն այդ պատերազմի հավանականությունը մեծ չէ, ուղղակի ամեն ինչ արվում է ինչ-որ բաներ ձեռք բերելու և հետո էլ փոխզիջումների գնալու նպատակով: Թուրքերը ցանկանում են այս իրավիճակում միջնորդի դերն իրենք ստանձնել: Ինչո՞ւ դա չանենք մենք: Այս տեսանկյունից իրանական կողմն էլ պիտի որ դեմ չլինի` մեզ միջնորդ ու նոր որակի գործընկեր տեսնելուն, ուղղակի դրա համար մեզանից կպահանջվեն լուրջ դիվանագիտական ռեսուրսներ: Եթե Իրանն էլ դա գիտակցի, և այդ դեպքում, օրինակ, այն գումարները, որ մինչ այս տրամադրվում էին ՀԱՄԱՍ-ին, իսկ ամիսներ առաջ դադարեցվեցին, կարող են ուղղորդվել Հայաստան: Չի բացառվում, որ գա մի պահ, երբ մենք Իրանի համար լինենք այն փրկօղակը, որը նա ժամանակին եղել է մեզ համար: Լուրջ կատարողական հարթության վրա կարող է իջեցվել Հայաստան-Իրան երկաթգիծը, Իրանից Հայաստան եկող նավթամուղը, էներգետիկ այլ նախագծեր: Հայաստանը կարող է Իրանի համար յուրատեսակ «պատուհան դեպի հյուսիս» դառնալ: Այս պայմաններում տնտեսական շահերն այնքան կսերտաճեն, որ ոչ մեկի մտքով չի անցնի մեր երկրների միջև սեպ խրել: Ներկա պահին հայկական կողմն արդեն հասկացել է, մնում է, որ իրանական կողմը դա հասկանա:
ԼԵՎՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել