HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ապատիկ հասարակության մեջ խռովարարների սերունդ է աճում»

Հարցազրույց հոգեբան Ազադ Իսազադեի հետ

- Կարծիք կա, որ Խոջալուի դեպքերը հայերը գիտակցաբար են կազմակերպել' նպատակ ունենալով վախեցնել, հոգեբանական ճնշում գործադրել ադրբեջանցիների վրա: Ինչպե՞ս եք վերաբերվում այն խոսակցություններին, որ հենց Խոջալուից հետո ադրբեջանական հասարակությունը ջարդվեց, եւ հենց դա կանխորոշեց մեր պարտությունը ղարաբաղյան պատերազմում:

- Ես կտրականապես համաձայն չեմ նման կարծիքի հետ: Եթե մինչեւ Խոջալուում ադրբեջանցիների կոտորածները ես ղարաբաղյան պատերազմի կողմնակի դիտորդ էի, որը հակամարտության մեջ իր մասնակցությունը սահմանափակել էր հայերի գործողությունների դեմ ուղղված հանրահավաքներով, ապա Խոջալուի ողբերգությունից հետո գնացի ռազմաճակատ: Ճիշտ նույն ձեւով մեր նորագույն պատմության մեջ այս արյունոտ էջից հետո Ադրբեջանում ձեւավորվեցին տասնյակ կամավորական ջոկատներ, լուծվեց համընդհանուր ռազմաճակատի խնդիրը: Միայն Գյանջան տվեց կամավորական երեք ջոկատներ, եւ Բաքվում չկար մի շրջան, որտեղ չէին կազմավորվել կամավորական ջոկատներ: Ուրիշ բան, որ նրանց ռազմական փորձառությունը չէր համապատասխանում պատերազմ վարելու բարձր պահանջներին: Բայց, իմ կարծիքով, Խոջալուի ողբերգությունը ոչ միայն բացասաբար չանդրադարձավ մեր հասարակության մարտական ոգու վրա, այլ հակառակը' դարձավ ժողովրդի միավորման եւ հայրենասիրական տրամադրությունների բարձրացման կատալիզատորը:

- Բայց ինչպե՞ս վերաբերվել Շուշիի անկման ժամանակ պարետ Էլբրուս Օրուջեւի հայտարարությանը, որտեղ խաղաղ բնակչության դուրսբերումը եւ քաղաքից զինվորների փախուստը նա բացատրում էր մտահոգությամբ, թե Շուշիում հայերը կկազմակերպեն «երկրորդ Խոջալուն»:

- Ես իրավունք չունեմ մեղադրելու Էլբրուս Օրուջեւին, թե նա ճիշտ չի խոսում: Բայց մենք երբեմն ինքներս ենք հավատում այն ամենին, ինչ ասում ենք, եւ զուտ հոգեբանորեն հաճախ արդարացում ենք փնտրում մեր գործողությունների համար: Այո, կորուստների վտանգ կար: Բայց պատերազմում' ինչպես պատերազմում: Եվ յուրաքանչյուրն ինքը պետք է որոշեր' պետք է փրկել մարդկա՞նց, թե՞ քաղաքը, գյուղը, Հայրենիքը: Սա, այսպես կոչված, «ճշմարտության պահն է», բայց, ցավոք, մենք հաճախ պատրաստ չենք լինում դրան:

- Ղարաբաղում պատերազմն ավարտվեց: Ռազմաճակատից վերադարձան հազարավոր մեր եղբայրները: Ինչպե՞ս պետք է պետությունն իրականացներ նրանց ռեաբիլիտացիան:

- Ընդհանրապես, ադրբեջանցի տղամարդու եւ, մասնավորապես, զինվորականի հոգեբանական կարգավիճակը բարձրացնելու համար մեր երկրում, որտեղ շատ հաճախ է խոսվում հայերի կողմից օկուպացված տարածքները ուժով վերադարձնելու մասին, պետք է արգելվի պետական ապարատ այնպիսի մարդկանց ընդունումը, ովքեր զինծառայություն չեն անցել եւ կամ չեն մասնակցել պատերազմին: Բացի այդ, պատերազմի մասնակցի կարգավիճակը ոչ մի առավելություն չի տալիս, օրինակ, աշխատանքի ընդունվելիս:

- Բայց ի՞նչ առավելություն պետք է ունենա այն պատերազմի մասնակիցը, որը մենք տանուլ ենք տվել:

- Մի կողմից Դուք ճիշտ եք, եւ խոսել տանուլ տված պատերազմի մասնակցի առավելությունների մասին այդքան էլ ճիշտ չէր լինի: Բայց իրավիճակի ողջ տարիմաստությունն այն է, որ բոլոր առավելությունները բաժին են հասել նրանց, ովքեր չեն մասնակցել պատերազմին: Այս իմաստով տեղին է հիշել ինձ ծանոթ ռազմական մի իրավաբանի խոսքերը. «Ես չեմ կարող դատապարտել ղարաբաղյան պատերազմի ժամանակ մարտի դաշտից փախած զինվորին, որովհետեւ նա գոնե մեկ օր եղել է պատերազմում: Մինչդեռ հարյուրավոր, հազարավոր նրա հասակակիցներ առհասարակ չեն մասնակցել պատերազմին' գնելով բանակում ծառայության համար պիտանի չլինելու մասին տեղեկանքներ»: Այդ պատճառով, հաշվի առնելով այն գործոնը, որ պարտված պատերազմի վետերան են մարդիկ, ովքեր արել են այն ամենը, ինչ կարող էին անել Հայրենիքի համար, ապա հենց նրանց, այլ ոչ թե ուրիշների համար պետք է պետությունը արտոնություններ ստեղծի: Թեկուզ ինչ-որ կուրսերի տեսքով, որոնց արդյունքում ղարաբաղյան մեր վետերանները կսովորեն անգլերեն եւ համակարգիչ, ինչն այդքան անհրաժեշտ է աշխատանքի ընդունվելու համար: Եվ հենց պետության նման վերաբերմունքը բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր արդեն կռվել են հանուն Հայրենիքի, կդաստիարակի մի սերունդ, որը կզգա, որ Հայրենիքն էլ իր համար մղված պատերազմից հետո նրանցից երես չի թեքի:

- Ադրբեջանի խորհրդարանի անդամների մեջ մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել նրանց, ովքեր մասնակցել են ղարաբաղյան պատերազմին: Մինչդեռ Հայաստանում, սկսած նախագահ Ռոբերտ Քոչարյանից, հենց ղարաբաղյան պատերազմի մասնակիցներն են իշխանության մեջ: Սա չէ՞, արդյոք, պատճառը, որ որոշակիորեն ձգձգվում է հայերի կողմից օկուպացված տարածքների վերադարձը:

- Այո, ես հասկանում եմ, որ նրանք հաղթել են ղարաբաղյան պատերազմում եւ ունեն իշխանության հավակնություններ: Բայց այսօրվա Ադրբեջանի ամբողջ ողբերգությունն այն է, որ երկրի իշխանության մեջ ոչ թե նրանք են, ովքեր պարտություն են կրել պատերազմում, այլ նրանք, ովքեր տարբեր պատճառներով դրան չեն մասնակցել: Եվ սա սարսափելի բացասական օրինակ է աճող սերնդի համար, որը տեսնում է, թե որքան աղետալի է հայրենիքի համար կռվածների վիճակը, եւ որքան հաջողակ է նա, ով դա չի արել: Սա մեր հասարակության ապատիայի գործոններից մեկն է:

- Չի՞ ուժգնանում, արդյոք, այդ ապատիան նրանից, որ պատերազմը տանուլ տված երկրում հեռուստադիտողներին ցուցադրվում են բազմաթիվ զվարճալի հաղորդումներ, եւ գրեթե չկան հայրենասիրական հաղորդումներ:

- Անկասկած, դա այդպես է: Բացի այդ, նույնիսկ եթեր հեռարձակվող հազվադեպ հայրենասիրական հաղորդումներն այնպիսին են, որոնց արդյունքում հասարակության մեջ ընդհանրապես մարում են հայրենասիրության մնացորդները: Հայրենասիրական հաղորդումներն այդքան միակողմանի չպետք է լինեն եւ չպետք է կրեն այդպիսի քարոզչական բնույթ: Դրանք պետք է ուղղված լինեն բնակչության բոլոր շերտերին, քննադատություն կրեն իրենց մեջ: Հակառակ դեպքում բոլոր այդ հաղորդումները եթեր կհեռարձակվեն «եթեր հեռարձակվելու» համար եւ արձագանք չեն գտնի դիտողների հոգիներում:

- Իսկ ինչպե՞ս է անդրադառնում բնակչության հոգեվիճակի վրա գործազրկությունը:

- Ադրբեջանական հասարակության մեջ միշտ եղել է կարգավիճակների ճշգրիտ բաժանում: Կանայք որոշ իրավունքներ եւ պարտականություններ ունեին ընտանիքի ներսում, իսկ տղամարդիկ «վաստակողներ» էին, պահում էին ընտանիքը: Ընդ որում' ընտանեկան լուրջ խնդիրները լուծվում էին հիմնականում համատեղ: Եվ դա չէր անդրադառնում տղամարդու սոցիալական կարգավիճակի վրա, որը ընտանիքի ղեկավարն էր: ԽՍՀՄ քայքայումից հետո տեղի ունեցած սոցիալական փլուզումը հանգեցրեց կնոջ դերի կտրուկ բարձրացման եւ տղամարդու դերի նվազման: Ադրբեջանում կանայք ավելի հեշտ են աշխատանքի տեղավորվում, հաճախ նրանք տղամարդկանցից ավելի շատ են վաստակում, եւ դա ազդում է ընտանիքում դերերի հավասարակշռության վրա: Բացի այդ, նույնիսկ գործազուրկ կինը անգործ չի մնում, նա դաստիարակում է երեխաներին, լվացք է անում, կերակուր է պատրաստում: Իսկ գործազուրկ տղամարդը, որպես կանոն, այդ ամենը չի անում եւ պորտաբույծ է դառնում: Ողջ օրը նա նստում է բակում կամ հարբեցողությամբ է զբաղվում: Այս ամենը տեղի է ունենում երեխաների եւ հարեւանների աչքի առաջ: Եվ սա փչացնում է տղամարդու իմիջը, սասանում նրա հեղինակությունը, ինչն, անկասկած, բացասաբար է անդրադառնում ընտանիքի հոգեբանական ողջ մթնոլորտի վրա: Գործազրկությունը բառացիորեն երկրի բոլոր տղամարդկանց կանգնեցրել է շատ սուր եւ միակ հոգսի առաջ' ինչպե՞ս վաստակել ընտանիքին, երեխաներին կերակրելու, ծեր ծնողների մասին հոգալու համար: Սա ծանր փորձություն է:

- Իսկ ինչպե՞ս են անդրադառնում հասարակության վրա կեղծված ընտրությունները:

- Մոտավորապես նույն բացասական ազդեցությունն ունեն, ինչ պարտությունը ղարաբաղյան պատերազմում: Կեղծված ընտրությունները հանգեցնում են սոցիալական ակտիվության, պարտադրվող որոշումներին դիմադրելու ունակության նվազմանը: Երբ մարդու մոտ նվազում է դիմադրության ունակությունը, քայքայվում է քաղաքացիական հասարակությունը: Աշխարհի ոչ մի պետությունում ոչ մի իշխանություն ինքնակամ չի զիջել իր դիրքերը: Հասարակության մեջ բոլոր իրավունքները միշտ նվաճվել են: Դա եւ՛ կանանց աշխատանքի իրավունքն է, եւ՛ սեւամորթ ստրուկների ազատության իրավունքը, եւ՛ ընտրելու ու ընտրվելու իրավունքը: Իսկ մեզ մոտ մի պատկեր է, երբ քաղաքացիները չեն կարող կամ չեն ուզում պայքարել իրենց իրավունքների համար: Սպասում են, որ այդ իրավունքները նրանց կմատուցեն կապույտ երիզով սկուտեղի վրա: Այս ամենը վկայում է հասարակության ապատիայի մասին:

- Ինչպե՞ս բուժել այդ ապատիան:

- Նախեւառաջ' հասարակությունը պետք է ցանկանա բուժվել: Հակառակ դեպքում դա կարող է երկար տարիներ շարունակվել: Թեեւ, որպես կանոն, ապատիկ հասարակության խորքում հասունանում է խռովարար սերունդ: Նրա գիտելիքներն ու փորձը կարող են բավարար չլինել, բայց կունենա բավարար էներգիա եւ ագրեսիա երկրում իրավիճակը փոխելու համար: Հենց նրա համար, որ մեր հաջորդ սերունդը չլինի ագրեսիվ-խռովարար, պետք է բուժել այս սերնդի ապատիան: Իսկ հիվանդության բուժումը պետք է ընթանա պետական մակարդակով:

Հարցազրույցը' Ռաֆայել Վելիեւի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter