
Ալավերդցիները տոնեցին Տյառնընդառաջը
Երեկ Հայ առաքելական եկեղեցին նախատոնակով ազդարարեց Քրիստոսի Սուրբ ծննդից 40 օր հետո մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառն ընդառաջը:
Հետևելով ավանդությանը՝ երեկ երեկոյան Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում տեղի ունեցավ ժամերգություն, որից հետո օրը փոխվեց: Ժամերգության ընթացքում օրհնվեց 7 նորապսակ զույգ:
Տյառնընդառաջն Ալավերդիում սկսվեց նաև եկեղեցու բակում բոցկլտացող խարույկի շուրջ ալավերդցիների պարերով: Խարույկի վրայով թռան 2 նորապսակներ: Հարազատները, ավանդույթի համաձայն, ցորեն և այլ բարիքներ շաղ տվեցին նորապսակների վրա: Նրանց նվիրեցին նաև ծաղկեփնջեր:
«Ընդհանուր առմամբ ամբողջ տարվա ընթացքում 40 պսակ ենք ունեցել: Բուն տոնը վաղն է՝ փետրվարի 14-ին: Վաղը ևս երիտասարդներ կգան մեր օրհնությունը ստանալու»,- ասաց Սբ. Գրիրգոր Նարեկացի եկեղեցու քահանա Տեր Միքայել Շաղոյանը:
Քահանան դժգոհեց, որ ալավերդցի նորապսակները դեռևս լավ չեն հասկանում տոնի խորհուրդը և ամաչում են թռչել խարույկի վրայով: Տեր Միքայելը խարույկի շուրջ հավաքվածներին բացատրում էր տոնի խորհուրդը և մաղթանքը, նաև Տրնդեզ անվան ծագումը:
«Ոչ միայն Տերն է մեզ ընդառաջ գալիս, այլև մենք ենք Տիրոջը գնում ընդառաջ, սակայն այդ ժամանակ Տիրոջը տեսնում են նրանք, ում սիրտը, ում խիղճը, ում հոգին մաքուր են: Մենք պիտի կարողանանք մեր բոլոր զգայարանները, մեր մարմինը մաքուր պահել, որ Տերը գա բնակվի մեր մեջ: Եվ մենք էլ պարզ երեսով, մաքուր, արդարացված խղճով, ընդառաջ գնանք Տիրոջը»,- ասում էր քահանան:
Մեկնաբանել