Արտգործնախարարն ընդունել է Ջեյմս Ապատուրային
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային (James Appathurai):
Արտգործնախարարը դրական է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության բնագավառում արձանագրված արդյունքները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` մասնավորապես Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը:
Էդվարդ Նալբանյանն ու Ջեյմս Ապատուրայը քննարկել են այս տարի կայանալիք Չիկագոյի գագաթաժողովին, Բրյուսելում կայանալիք Հայաստան + ՆԱՏՕ ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի ամենամյա նիստին առնչվող հարցերը:
Արտգործնախարարը հյուրին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, մասնավորապես Սոչիում կայացած գագաթաժողովի արդյունքները: Այս ենթատեքստում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է Դաշինքի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել