HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնարարվել է շարունակել մայթերի և բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ դրական է գնահատել վարչական շրջանների համապատասխան ծառայությունների կողմից կազմակերպված կենտրոնական փողոցների ձնամաքրման աշխատանքները:

«Չնայած շարունակվող տեղումներին՝ քաղաքապետարանի և համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները իրավիճակը վերահսկելու և մայրաքաղաքի հիմնական ճանապարհներն անցանելի պահելու ուղղությամբ, սակայն անելիքներ դեռ կան հատկապես մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքների հետ կապված»,- նշել է քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարներն հանձնարարել բոլոր ուժերը կենտրոնացնել մայթերն ու բակային տարածքները ձնից և սառույցներից մաքրելու նպատակով:

Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել շինարարական այն ընկերություններին և մասնավոր հատվածին, որոնք իրենց աջակցությունն են ցուցաբերել մայրաքաղաքի ձյան մաքրման աշխատանքներում և պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում հետագայում ևս օգտակար լինել:

Քաղաքապետը հանձնարարել է նաև ուսումնասիրել և հսկողություն սահմանել վարչական շրջաններում անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների օբյեկտների սեփականատերերի կողմից պարտադիր բարեկարգման կարգի մասին Երևանի ավագանու որոշման պահանջների կատարմանը, այդ թվում՝ վերջին օրերին տեղացած ձյան հետևանքները վերացելու ուղղությամբ: 

Անդրադառնալով տեղումների օրերին տրասպորտային երթուղիների աշխատանքին` քաղաքապետը նշել է, որ թեև ճանպարհներն երթևեկելի են եղել, սակայն երթուղիները սպասարկող որոշ ընկերություններ ավելորդ զգուշություն են ցուցաբերել և դուրս չեն եկել երթուղի:

«Կազմակերպությունները պարտավոր են պատշաճ ձևով ապահովել ուղևորափոխադրում: Իսկ պարտավորությունները չկատարող ընկերությունները կենթարկվեն պատասխանատվության, ընդհուպ կզրկվեն գործունեության արտոնագրից»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրասպորտի նկատմամբ վերահսկողությունը: «Միասին» երիտասարդական շարժման անդամների հետ էլ իրականացվում են ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման մոնիտորինգի աշխատանքները:

Զեկուցվել է նաև, որ ամբողջությամբ գույքագրված են մայրաքաղաքի վերանորոգման անհրաժեշտություն ունեցող կանգառագոտիներն ու կանգառասրահները, առանձին տեղերում սկսվել են վերանորոգման աշխատանքներ:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ գույքագրված են մայրաքաղաքի տարածքում գտնվող վերանորգման աշխատանքներ պահանջող թունելներն ու տրանսպորտային ուղեանցները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմել դրանց վերանորգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաղթերը:

Մայրաքաղաքի փողոցներում, բնակելի շենքերի մուտքերում և բակերում իրականացվող ապօրինի առևտրի կանխարգելման աշխատանքների հետ կապված առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ անցյալ շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ կազմվել է 55 վարչական արձանագրություն: Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանման պատասխանատուին հայտարարվել է նկատողություն` վերը նշված աշխատանքները վատ կազմակերպելու համար:

Անդրադառնալով սեփական եկամուտների, մասնավորապես աղբահանության վարձավճարների հավաքագրման գործընթացին՝ քաղաքապետը նշել է, որ հավաքագրման ցուցանիշը գոհացուցիչ չէ և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է բնակիչների և տնտեսվարողների հետ բացատրական աշխատանքներ տանել, քանի որ հունվարի 1-ից աղբահանության վճարը` որպես տեղական վճար, պարտադիր ենթակա է վճարման: Յուրաքանչյուր ամսվա վճարման ժամկետը սահմանված է մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ: Սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում աղբահանության վճար վճարողը վճարելու է նաև համապատասխան տույժ:

Քաղաքապետը հանձնարարել է նաև առաջարկներ ներկայացնել վարչական շրջանների կենտրանական հատվածներում ՀՀ նոր դրոշների տեղադրման կոնկրետ վայրերի վերաբերյալ, ինչպես նաև գույքագրել մայրաքաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ՀՀ դրոշները և փոխարինել դրանք նորերով: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter