
Հոսանքի տատանումների պատճառով Երևանի մետրոպոլիտենը չի գործում
Մետրոյի կայարանների վրա փակցված է «փակ է» գրությունը: Հերթապահ ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին մուտք գործել մետրոպոլիտեն:
Շուրջ մեկ ժամ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ վթարի պատճառով Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են: Հոսանքի տատանումների պատճառով խափանվել է նաև մետրոպոլիտենի աշխատանքը: Մետրոպոլիտենից քաղաքացիներին տարհանել են, այժմ աշխատանքներ են տարվում:
Մետրոպոլիտենի ղեկավարությունից պարզաբանում ստանալ չհաջողվեց, հերթապահ ոստիկանը փոխանցեց, որ ղեկավար կազմն այժմ մասնակցում է աշխատանքների վերականգնմանը: Մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարևանությամբ գտնվող գետնանցումում ևս հոսանք չկա, այստեղ վաճառականները մոմի և հեռախոսի լույսով են աշխատում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հասարակայնության դեպարտամենտից ևս չհաջողվեց իմանալ, թե որ համայնքները և Երևանի որ վարչական շրջաններն են հոսանքազրկված: Ընկերության կայքում որևէ պարզաբանում հրապարակված չէ:
Լրացում. Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «հոսանքազրկման պատճառով՝ Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքի ժամանակավոր դադարեցումից հետո մայրաքաղաքում ուղեւորահոսքերը կառավարելու նպատակով հանրային տրանսպորտի երթուղիներում առկա շարժակազմերի աշխատանքի ինտենսիվությունը ավելացվել է»։
Մեկնաբանել