
Սփյուռքահայերի ցույցը` «Մելգոնեան» վարժարանի վերաբացման համար
Հուլիսի 3-6ը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է գտնվում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը , որի կազմում է նաև Հայաստան Կիպրոս միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Այս մասին տեղեկացնում է «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հայաստանյան գրասենյակը։
Մի շարք պաշտոնական հանդիպումներից հետո հայ խորհրդարանականները երեկ երեկոյան այցելեցին Կիպրոսի հռչակավոր «Մելգոնեան» կրթական հաստատություն, որը 2005 թվականից չի գործում:
Հատուկ այս այցի համար կիպրահայերը կազմակերպել էին բողոքի ցույց` ընդդեմ ՀԲԸՄ կողմից դպրոցի փակման որոշման: Ցուցարարները, որոնց կազմում կային նաև ԱՄՆից և Եվրոպայից ժամանած մելքոնյանցիներ, նշում էին, որ Հայաստանում հեղափոխությունից հետո ակնկալում են նաև հեղափոխություն Սփյուռքում, և չի կարելի թույլ տալ Սպիտակ եղեռնի իրականացումը:
«Օտար հողի վրա հային հայ պահողը մայրենի լեզուն ու մշակույթն է, ինչպե՞ս կարելի է փակել հայկական դպրոցը, որի կարիքը ոչ միայն համայնքը, այլև ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններում գտնվող տարածաշրջանն այդքան ունի»,- նշում էին բողոքի ակցիայի մասնակիցները:
Ազդեցիկ ելույթով հայ պատգամավորներին դիմեց «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հիմնադիր նախագահ Արսինե Շիրվանյանը, որի խոսքն ամբողջությամբ հայկական կրթական հաստատությունների, հայ ինքնության պահպանման, հզորացման ու այդ ուղղությամբ աննահանջ պայքարի կոչ էր` ուղղված ամբողջ աշխարհի հայերին:
Պատվիրակության անդամները իրենց համակրանքը հայտնեցին պայքարող հայրենակիցների զգացմունքների նկատմամբ ու խոստացան է’լ ավելիխորամուխ լինել հարցի լուծման տարբերակների մեջ` ընդգծելով, որ դպրոցի հարցը հայկական օրակարգում է:
Բողոքի ցույցին մասնակցում էին նաև եղբայրական Կիպրոսի տարբեր պաշտոնյաներ, հայտնի կուսակցությունների նախագահներու պարզապես Մելգոնեանի հարգն ու արժեքը իմացող քաղաքացիներ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել