HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Անամոթ սուտը» դարձավ իրականություն

Հայաստանում 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո ներքաղաքական ճգնաժամն ավելի խորացավ:

Փետրվարի 29-ին` արյունալի իրադարձություններից ժամեր առաջ, հայկական հեռուստաընկերություններն անընդմեջ ցուցադրում էին շամպայնի գավաթներով միմյանց շնորհավորող նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին եւ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին:

Ընտրություններում 3-րդ տեղը (17 տոկոս) գրաված Արթուր Բաղդասարյանին Սերժ Սարգսյանը խոստացել է նախագահին առնթեր ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնը, ինչպես նաեւ` պորտֆելներ կոալիցիոն կառավարության կազմում: Ընդամենը 10 ամիս առաջ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս գործչին մեղադրում էր դավաճանության մեջ:

Սկանդալային պատմությունը, որից հետո Քոչարյանը Բաղդասարյանին տվել էր այս որակումը, 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ էր: Իշխանամետ «Գոլոս Արմենիի» թերթում հրապարակվեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի հետ Ա. Բաղդասարյանի` «Մարկո Պոլո» սրճարանում գաղտնալսված զրույցի տեքստը: Օրեր անց նախագահ Քոչարյանը տվեց իր հայտնի գնահատականը. «Ինձ համար սա իսկապես դավաճանության դրսեւորում է: Այն ավելի այլանդակ տեսք ունի, որովհետեւ սեփական նախաձեռնությամբ դու, ընտրություններից դեռ 3 ամիս առաջ, համոզում ես օտարերկրյա դիվանագետին, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունները վատ գնահատական ստանան: Իսկ մեկ անգամ դավաճանողն ընդունակ է դա անել 2-րդ, 3-րդ եւ 4-րդ անգամ»:

Ա. Բաղդասարյանն այս ամենը որակեց իբրեւ իրենց դեմ կիրառվող սեւ քարոզչություն եւ բարձրաձայնեց «ՕԵԿ-ի նկատմամբ պարբերական բնույթ ստացած` իշխանությունների կիրառած ճնշումների մասին»:

Արթուր Բաղդասարյանի քաղաքական ճանապարհը

40-ամյա Արթուր Բաղդասարյանը հայտնի քաղաքական գործիչ է: Նա նաեւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

Դեռեւս 27 տարեկանում ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Մինչեւ 1998 թ. նա դրսեւորել է խիստ իշխանամետ կեցվածք: Ավելին` 1996-ին նա հեղինակել է մի գիրք` նվիրված այն ժամանակ գործող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Դա յուրահատուկ մի ձոն էր, որտեղ գովաբանվում էր առաջին նախագահը:

1998 թ. Բաղդասարյանը դարձավ նորաստեղծ «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) առաջնորդը: 2003 թ. նախագահական ընտրություններում ՕԵԿ-ը պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, իսկ նույն թվականի ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանում զբաղեցրեց երկրորդ տեղը: Բաղդասարյանը ստանձնեց խորհրդարանի խոսնակի պաշտոնը, եւ ՕԵԿ-ը դարձավ կոալիցիոն կառավարության մաս:

Արթուր Բաղդասարյանը համարվում է արեւմտամետ հայացքների տեր քաղաքական գործիչ: Արտասահմանյան թերթերին տված հարցազրույցներում երբեմն ոգեւորվելով հայտնում էր տեսակետներ, որոնց առիթով ստիպված էր լինում պարզաբանումներ տալ Հայաստան վերադառնալուց հետո:

2006 թ. գերմանական «Frankfurter Allgemaine» թերթին տված հարցազրույցում Բաղդասարյանը ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ արտահայտեց պաշտոնական հայեցակարգից տարբերվող մտքեր` նշելով, թե Հայաստանի ապագան ոչ թե Ռուսաստանի հետ է, այլ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի: Բաղդասարյանը կանխատեսեց նաեւ մեծ ցնցումներ Հայաստանի 2007-ի խորհրդարանական եւ 2008-ի նախագահական ընտրություններից հետո, «եթե եւս մեկ անգամ այնպիսի կեղծիքներ լինեն, ինչպես նախորդ ընտրություններում»:

ՀՀ իշխանությունների արձագանքը չուշացավ: Կոշտ գնահատական տվեց նաեւ անձամբ նախագահ Քոչարյանը: Արդյունքում օրերի ընթացքում մեկ տասնյակ գործարարներ, ովքեր ընտրություններից առաջ համալրել էին ՕԵԿ-ի շարքերը, լքեցին կուսակցությունը:

ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիոն կառավարությունից, սակայն կուսակցության քվոտայով նշանակված նախարարները, պաշտոնի փոխարեն, հրաժարվեցին կուսակցությունից:

2006 թ. մայիսի 29-ին Ա. Բաղդասարյանը հրաժարվեց ԱԺ նախագահի պաշտոնից եւ հայտարարեց, որ իրենք տեղափոխվում են ընդդիմության դաշտ: Բայց այստեղ նրանց գրկաբաց չընդունեցին: Որոշ ընդդիմադիր ուժեր եւ վերլուծաբաններ նշում էին, թե իշխանություններն ՕԵԿ-ին պարզապես գործուղեցին ընդդիմության դաշտ, որպեսզի առաջիկա ընտրություններում խլեն ընդդիմության ձայները:

Նախկին իշխանական կուսակցությունը իշխանությունների կողմից հալածվողի կերպարի եւ իր առաջնորդի ամբոխահաճո հռետորության շնորհիվ 2007-ի ընտրություններից հետո կրկին հայտնվեց ԱԺ-ում: Ավելի ուշ Բաղդասարյանը հայտարարեց, որ եթե ընդդիմությունը 2008-ի նախագահական ընտրություններում համախմբվի մեկ թեկնածուի շուրջ, ապա դա կարող է լինել ինքը:

Սակայն, ամեն ինչ փոխվեց, երբ մեծ քաղաքականություն վերադարձավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ա. Բաղդասարյանը սկզբում կոչ արեց, որպեսզի Տեր-Պետրոսյանը միանա իրեն, այնուհետեւ, բացառելով նախագահական ընտրությունները մեկ փուլով ավարտելու հնարավորությունը, նշեց, թե «ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորումները տեղի կունենան առաջին փուլի ավարտից հետո»:

«Ա. Բաղդասարյանը երիտասարդ, համակրելի տղա է, ունի ընտրազանգված, կարողացավ ստեղծել ինչ-որ համակարգ: Բայց այսօր նա պետք է հասկանա մեկ բան. ինչ էլ ասի, ինչ էլ անի, քանի ձայն էլ որ ստանա, դրանք իրենը չեն, այլ ուղղակի գումարվելու են իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանի ձայներին: Ա. Բաղդասարյանն այսօր խաղում է չարաբաստիկ դեր: Եթե նա իր դիրքը չփոխի, իսկ հույս կա, որ կարող է ճիշտ գնահատել իրավիճակը եւ կանգնել ժողովրդի կողքին, ապա կդավաճանի ժողովրդի գործին: Նա ուղղակի կլծվի Ս. Սարգսյանի կառքին»,- քարոզարշավի ավարտի նախօրյակին հայտարարեց Տեր-Պետրոսյանը:

Ի պատասխան` ՕԵԿ ղեկավարը քննադատության թիրախ դարձրեց նաեւ առաջին նախագահին: Ընդդիմության միավորումն այդպես էլ տեղի չունեցավ, ինչի կապակցությամբ գործող վարչապետ Ս. Սարգսյանն ասաց, թե ինքը գիտեր, որ այդպես է լինելու, քանի որ «լավ է ճանաչում իր «հաճախորդներին»: Իսկ մամուլը վաղուց էր գրում, որ Արթուր Բաղդասարյանն էլ է Սարգսյանի հաճախորդներից:

2008-ի փետրվարի 19-ի ընտրություններում, պաշտոնական տվյալներով, Ս. Սարգսյանն առաջին փուլով ընտրվեց երկրի նախագահ: Երկրորդ տեղում Լ. Տեր-Պետրոսյանն էր, երրորդում` Ա. Բաղդասարյանը: Վկայակոչելով կոպիտ ընտրախախտումները եւ չընդունելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած արդյունքները` Տեր-Պետրոսյանը պահանջեց անցկացնել նոր ընտրություններ, իսկ Արթուր Բաղդասարյանը` վերահաշվարկ կատարել 200-ից ավելի ընտրատեղամասերում: Տեր-Պետրոսյանը, հայտարարելով անժամկետ նստացույց, իր կողմնակիցներով դուրս եկավ փողոց, դիմեց Սահմանադրական դատարան: Բաղդասարյանը զերծ մնաց թե՛ առաջին, թե՛ երկրորդ քայլից:

ՕԵԿ առաջնորդը դեռ քարոզարշավի ընթացքում իր եւ Ս. Սարգսյանի միավորման մասին խոսակցությունները որակում էր իբրեւ «անամոթ սուտ»: Բայց ընտրություններից 10 օր անց նրանց միավորումն իրողություն դարձավ: Ա. Բաղդասարյանն այդ առիթով հայտարարեց. «Մեր քաղաքական թիմը կայացրեց բավականին խոհեմ որոշում: Որովհետեւ մենք, միանալով Լ. Տեր-Պետրոսյանին, կարող էինք գնալ արկածախնդրության ուղով, որի արդյունքում զոհերի թիվն ավելի մեծ էր լինելու, կամ պետք է ընտրեինք երկրի զարգացման ճանապարհը: Եվ մենք արժանապատվորեն սեղմեցինք պարոն Սերժ Սարգսյանի` մեզ առաջարկած ձեռքը` համատեղ կառավարելու երկիրը, ստանձնելու պատասխանատվություն երկրում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ»:

Փետրվարի 29-ին Ազատության հրապարակում շարունակվող հանրահավաքի մասնակիցները, լսելով Ա. Բաղդասարյանի` Սերժ Սարգսյանին միանալու մասին լուրը, գոռում էին. «Արթու՛ր, դավաճա՛ն», մի քանի ՕԵԿ-ականներ տեղում պատռեցին իրենց կուսակցական անդամատոմսերը: Սպասվում էր, որ հաջորդ օրը հանրահավաքի մասնակիցներին կմիանային բազմաթիվ ՕԵԿ-ականներ: Սակայն հաջորդ օրը արյունոտ մարտի 1-ն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter