HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ըստ իրանագետի՝ Իրանի տնտեսությունը քայքայման եզրին է

Չնայած Իրանում տարվում է այն քարոզչությունը, թե միջազգային հանրության կիրառած պատժամիջոցներն իրենց տնտեսության վրա ազդեցություն չեն ունենում, այնուամենայնիվ փաստերն այլ բան են վկայում: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը:

Նա նշեց, որ աստիճանաբար ընկնում է Իրանի արժույթը, և դրան զուգահեռ բարձրանում է դոլարը, ինչը լուրջ խնդիր է Իրանի համար: Մտահոգիչ է նաև Իրան ներմուծվող սննդամթերքի հարցը. Մալազիան հրաժարվել է ամսական 30 հազար տոննա սննդային յուղի արտահանումից Իրան, Վիետնամը, Պակիստանը և Թաիլանդը հրաժարվել են բրնձի արտահանումից Իրան: Պատճառը Իրանի անվճարունակությունն է: Վերջինս բրձի համար պարտք է նաև Հնդկաստանին, որից տարեկան ներմուծում է շուրջ 1 մլն դոլարի բրինձ:

Այսպիսով, մի շարք երկրներ փորձում են վերանայել իրենց առևտրատնտեսական հարաբերություններն Իրանի հետ: Ռ. Յարալյանը հավելեց, որ Իրանի տնտեսությունն այսօր քայքայման եզրին է:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ իրանագետ Մհեր Բաղդասարյանը, նշեց, որ Իրանի հետ կապված ճգնաժամը պայմանավորված չէ միայն Արևմուտք-Իրան խնդրով: Եթե նույնիսկ Իրանը չիրականացներ ատոմային ծրագիր, ապա Արևմուտքն այլ պատճառ կգտներ այդ երկրի վրա ճնշում գործադրելու համար: Բանախոսի կարծիքով՝ Իրանը արաբական երկրներից հետո հերթական երկիրն է ԱՄՆ-Ռուսաստան, այժմ նաև ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան հակամարտությունում:

Միաժամանակ, Իրանն այն երկիրն է, որը սովորել է հույսը դնել միայն իր ուժերի վրա և գրանցել է լուրջ առաջընթաց: Անգամ ճիշտ չէր լինի, եթե նման տարածաշրջանում այն հույսը դներ մեկ այլ երկրի վրա. Թուրքիան դարեր շարունակ համարվել է մրցակից երկիր, Ադրբեջանը մինչ օրս պետական մակարդակով տարածքային պահանջներ է ներկայացնում Իրանին:

Ռ. Յարալյանը հույս ունի, որ Իրանին կհաջողվի հարթել իր խնդիրները միջազգային հանրության հետ անգամ զիջումների գնով: Ըստ քաղաքագետի՝ չպետք է ստեղծվի այն տպավորությունը, թե բոլոր երկրները դուրս են եկել Իրանի դեմ: Եվ նույնիսկ Չինաստանի քաղաքականության մեջ հակաիրանական ոչինչ չկա:

Միաժամանակ, իրանագետը կարծում է, որ եթե նույնիսկ «Իրանի ձեռքն ու ոտքը կապված են», դա չի կարող խոչընդոտել հայ-իրանական հարբերությունների զարգացմանը: Եթե Հայաստանը վարի ճիշտ արտաքին քաղաքականություն, ապա նույնիսկ կշահի Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից:

Ռ. Յարալյանի կարծիքով՝ պետք է միջազգային հանրությանը բացատրել Հայաստանի վիճակը՝ շրջափակման մեջ լինելը, և եթե Իրանի խնդիրն առաջ գա, փակուղային իրավիճակ կստեղծվի նաև Հայաստանում: Իրանագետը նշեց, որ միջազգային հանրությունը սա հասկանում է և չի խոչընդոտի իրանահայկական հարաբերությունների զարգացմանը:

Մ. Բաղդասարյանը հավելեց, որ Իրանում պատերազմ սկսվելու դեպքում Հայաստանը առաջի տուժողներից կլինի: Եվ եթե Արևմուտքը փորձում է կանխել Թուրքիայի զարգացումը տարածաշրջանում, ապա պետք է հաշվի առնի, որ Հայաստանի վատ վիճակը կնպաստի թուրքական գործոնի ուժեղանալուն, ինչը վտանգ է թե Արևմուտքի, թե Ռուսաստանի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter