HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հողերի ընդունման-հանձման կարգի բացակայությունը դժվարացնում է օրենքի կիրառումը

Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի հողի սեփականատերերը 2008 թ.-ից դե յուրե հարկատու են հարևան Մարմաշեն համայնքին, սակայն մինչև օրս նրանցից գանձված գումարները դե ֆակտո մուտքագրվում են սեփական համայնքի բյուջե:

«Այն, որ համայնքները պետք է ունենան մեկ վարչական տարածք, ամրագրված է Սահմանադրությամբ: Այնուհետև Կառավարությունը 1998-ին թե 99-ին համայնքների վարչատարածքային բաժանման մասին որոշում ընդունեց, որը կիրառվեց 2006թ.-ից: Երկու տարի անց՝ 2008թ., օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում մեր առանց այդ էլ սուղ հողերից 250 հա-ը տրվեց Մարմաշեն համայնքին»,- պատմում է Վահրամաբերդի համայնքապետ Աղվան Մարտիրոսյանը:

Երկրաշարժից հետո Գյումրիի կառուցապատման նպատակով հողատարածքներ վերցվեցին նաև Վահրամաբերդ համայնքից. 960 հա-ից շուրջ 470 հա-ը Վահրամաբերդը զիջեց Գյումրիին: Հետագայում զրկվեց նաև խորհրդային տարիներից դեռևս Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջաններում ունեցած 1500 հա արոտավայրից:

Վահրամաբերդը շրջապատված է Կապս, Մարմաշեն, Հովունի համայնքներով: Մարմաշեն համայնքի տարածքներին սահմանակից 250 հա-ը, որ վահրամաբերդցիների սեփականությունն է, այսուհետ պիտի հարկի Մարմաշենի համայնքապետարանը:

«Սրանով սեփականատիրոջ իրավունքների ոտնահարում տեղի չի ունենում, պարզապես դրանից հետո 1մլն դրամով կկրճատվեն մեր համայնքային բյուջե մուտք գործող սեփական եկամուտները»,- բացատրում է Աղվան Մարտիրոսյանը:

Նա ասում է, որ հողերի ընդունման-հանձման կարգի բացակայությունը դժվարացնում է օրենքի կիրառումը: 1720 բնակիչ ունեցող Վահրամաբերդում հողի հարկը կազմում է ընդամենը 2 մլն 500 հազար դրամ, որից 1 մլն 300 հազարը հողերի ընդունում հանձնումից հետո կմուտքագրվի Մարմաշեն համայնքի բյուջե:

Վահրամաբերդը պետությունից 21 մլն դրամ դոտացիա է ստանում: Տարեկան 23 մլն 500 հազար դրամ կազմող բյուջեից 11,5 մլն դրամը հինգ հոգանոց աշխատակազմի աշխատավարձն է: Տարեկան 4 մլն դրամ տրամադրվում է գյուղում գործող երաժշտական դպրոցին, 1 մլն 800 հազար դրամով հոգում են մանկապարտեզի ծախսերը, որտեղ շուրջ 30 երեխա է հաճախում:

Համայնքապետի հավաստմամբ իրենց բյուջեից պակասող այդ 1 մլն դրամով մեծ կամ էական գործեր համայնքում հնարավոր չէ իրականացնել, սակայն կարիքավոր ընտանիքներին այդ գումարներից կարելի է սոցիալական աջակցություն հատկացնել: Հնարավոր է նաև որոշակի աշխատանքներ կատարել, օրինակ, ներհամայնքային ճանապարհները մաքրել ձյան կուտակումներից:

«Այդ 1 մլն դրամով կարող ենք միայն դիզվառելիք գնել, տրամադրել մեխանիզատորին և խնդրել, որ ճանապարհները մաքրի»,- ասում է Աղվան Մարտիրոսյանը:

Պակասող 1 մլն դրամն այլ աղբյուրներից լրացնելու տարբերակներ Վահրամաբերդն այս պահին չունի: Համայնքապետն ասում է, որ գյուղի տարածքում գործունեություն ծավալող որևէ խոշոր հարկատու չկա: Վերջերս կառուցված գազալցակայանի հողի հարկը տարեկան կազմում է ընդամենը 200 հազար դրամ:

Մեծ հարկատուներ չեն նաև գյուղի վարչական տարածքում գտնվող երկու հէկ-երը աշխատեցնող ձեռնարկատերերը: Նրանցից «Լեն-հէկ»-ը, որ Արփա գետի վրա կառուցվել և գործում է դեռևս 1924 թ.-ից, տարեկան 43 հազար դրամ հողի հարկ է վճարում:

Երկրորդ փոքր ՀԷԿ-ը, որ կառուցվել է 2009թ.-ին և գործունեություն ծավալել 2011թ.-ից, առայժմ հարկատու չի համարվում Վահրամաբերդին: Աղվան Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ գրանցման հետ կապված ինչ-որ խնդիրներ կան:

Գևորգ Առաքելյանի ղեկավարած «Էլբիստ» ՍՊԸ-ին պատկանող հէկ-ը կառուցված է Մարմաշեն- Վահրամաբերդ վարչական տարածքի սահմանագծում, սակայն ջուրը վերցնում է Վահրամաբերդի տարածքից, ու հավանաբար այս խնդիրն է, որ հստակեցման կարիք ունի: Հարկային դաշտում հայտնվելուց հետո, որպես հարկատու, 50 հազար դրամ էլ Վահրամաբերդ համայնքին կվճարի Գևորգ Առաքելյանը:

Աղվան Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ Արփա գետի վրա առաջիկայում կկառուցվի 3-րդ հէկ-ը՝ մինչև 1,5 մվտ արտադրողականությամբ: Վահրամաբերդում կարևորում են նաև 246 մլն դրամ արժեքով համայնքային կենտրոնի կառուցումը: Նախագիծը հաստատված է, կառուցող շինարարը հայտնի է, աշխատանքները կսկսվեն գարնանը և կավարտվեն 2012թ. դեկտեմբերին:

Նորակառույց կենտրոնը համայնքապետարանին հնարավորություն կտա վերջապես բարվոք շենքային պայմաններ ունենալ: Երկրաշարժից հետո համայնքաապետարանը, գրադարանը և փոստային բաժանմունքը վարձակալությամբ տեղավորված են մասնավոր սեփականություն հանդիսացող նախկին կենցաղ-սպասարկման շենքում:

Փետրվարի 12-ին Վահրամաբերդում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Նոր համայնքապետը գյուղի առաջիկա զարգացման համար կկազմի նոր ռազմավարական ծրագիր, իսկ առայժմ ներկա համայնքապետը թվարկում է նախորդ տարիներին գյուղում իրականացված ծրագրերը:

«Կառուցվել է 1,5 կմ ոռոգման ցանց, խմելու ջրագիծն է նորացվել 2,5 կմ, ոռոգման ներքին ցանցն ենք նորոգել, համայնքի բյուջեով գիշերային լուսավորություն ենք անցկացրել՝ 45 կետ, աղբահանություն ենք կատարում: Այս տարի վերջնականապես կլուծվի նաև 4 անօթևանների բնակարանի խնդիրը. տուն գնելու համար նրանց սերտիֆիկատ կտրամադրվի»,- ասում է համայնքի ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter