«Արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու մասին» օրինագծի քննարկումը կշարունակվի վաղը
Ազգային ժողովը այսօրվա երկրորդ նիստում շարունակեց քննարկել «Արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Գլխադասային` պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի հանձնաժողովի տեսակետը ներկայացնելով` պատգամավոր Լարիսա Ալավերդյանը փաստաթուղթը գնահատեց անհրաժեշտ, բայց ուշացած: Դեռ 2007 թ.-ին երկու անգամ փորձ էր արվել շրջանառության մեջ դնել նմանատիպ նախագիծ, սակայն անորոշությունները, Լարիսա Ալավերդյանի փոխանցամբ, շատ էին, ինչով պայմանավորված էլ նախագծերը հաջողություն չունեցան: Հարակից զեկուցողը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, ամփոփեց նաեւ հանձնաժողովում քննարկման ժամանակ հնչած մտահոգություններն ու առաջարկությունները: Մասնավորապես դրանց զգալի մասը վերաբերվել են քաղաքական գործընթացներում բանակը չներգրավելու սկզբունքին եւ այս համատեքստում արձանագրվել է հստակեցման անհրաժեշտություն` որտեղ, ինչպես եւ ինչ չափով են պաշտպանության ոլորտի ուժերը կարող ապահովել արտակարգ դրության իրավական ռեժիմը: Ըստ պատգամավորի` բանակը պետք է այդ իրավիճակում նվազագույն շփում ունենա քաղաքացիների հետ եւ առավելապես զբաղվի կարեւոր կամ հատուկ օբյեկտների պահպանմամբ: Հանձնաժողովում հնչել են նաեւ Ազգային ժողովի դերակատարությունն ավելացնելու վերաբերյալ հարցադրումներ: Բանախոսի կարծիքով` խորհրդարանն արտակարգ դրության դեպքում, հանդես գալով որպես ներկայացուցչական մարմին, պետք է առավել մեծ մասնակցություն, այդ թվում եւ պատասխանատվություն ու վերահսկողություն ունենա: Նախնական քննարկումների ժամանակ պատգամավորներն անդրադարձել են նաեւ արտակարգ դրությունը երկարաձգելու ժամկետների սահմանափակման հնարավորությանը:
Նախագծի վերաբերյալ ելույթներում պատգամավորները նույնպես բարձրաձայնեցին արտակարգ դրություն հայտարարելու գործընթացում խորհրդարանի փոքր մասնակցության, բանակի ներգրավման անթույլատրելիության, արտակարգ դրության առավելագույն ժամկետ սահմանելու անհրաժեշտության մասին: Պատգամավորները, չնայած որոշ շտկումների անհրաժեշտությանը, ողջունեցին կառավարության այս նախաձեռնությունը` ասելով, որ այն թե Սահմանադրական պահանջ է, եւ թե բխում է իրավիճակից: Նաեւ նշվեց, որ նախագիծն առաջարկվող ձեւակերպումներով համապատասխանում է միջազգային չափանիշներին:
Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ փետրվարի 9-ի նիստում:
Մինչ այդ` չորեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորները, ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով, հարցեր ուղղեցին կառավարության անդամներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել