HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լայն շինարարություն՝ նաեւ ոչ պետական միջոցներով

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ:

Օրակարգային առաջին հարցով գործադիրը հավանություն է տվել ԼՂՀ տնտեսական զարգացմանն ուղղված 2012 թ. պետբյուջեի միջոցներով իրականացվելիք միջոցառումների ծրագրին: Նախանշվող քայլերը նպատակաուղղված են հանրապետությունում վարվող տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի բարելավմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանը, տեղեկատվական հասարակության ձևավորմանը, պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը և սպառողների շահերի պաշտպանությունը: Ծրագրային այդ միջոցառումների համար նախատեսվում է 50 մլն դրամ:

Կառավարության հաստատած տարեկան կարևոր ծրագրերից է 2012 թվականին Արցախում կատարվելիք կապիտալ շինարարության շրջանակներում օբյեկտների ցանկը: Կապիտալ շինարարության և վերանորոգման աշխատանքների պետական ընդհանուր պատվերը սահմանվել է 8 մլրդ 985 մլն 750 հազար դրամ գումարով: Ստեփանակերտ քաղաքում իրականացվող կառուցման և վերանորոգման աշխատանքների համար նախատեսվել է 2 մլրդ 300 մլն դրամ: Ոռոգման և ջրամատակարարման համակարգերի զարգացման և շահագործման աշխատանքների համար հատկացվել է 577 մլն 848 հազար դրամ: ԼՂՀ շրջաններում աղետից տուժած բնակելի շենքերի և հասարակական օբյեկտների վերականգնման համար շինանյութեր կտրամադրվեն 105 մլն դրամի չափով: Զգալի միջոցներ կհատկացվեն սոցիալական տարբեր խմբերի համար բնակարանային շինարարության նպատակով: Տարվա ընթացքում, ի մասնավորի, կսկսվի Արցախի պետական դրամթատրոնի շենքի վերակառուցումը, կշարունակվի Ստեփանակերտի մարզահամալիրի կառուցումը, նոր դպրոցներ շարք կմտնեն Աստղաշեն (Ասկերանի շրջան), Ծովատեղ (Մարտունու շրջան), Ազոխ, Ուխտաձոր (Հադրութի շրջան) և այլ բնակավայրերում:

Անդրադառնալով կապիտալ շինարարության տարեկան ծրագրին` վարչապետ Ա. Հարությունյանը հիշեցրեց, որ մինչ փաստաթղթի վերջնական կազմումը պետական մարմիններից կառավարությանը հասցեագրված դիմում-հայտերի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 20 մլրդ դրամ, սակայն առկա ֆինանսական ռեսուրսներն ավելի սուղ են, ուստի ծրագիրը ամրագրվել է 12 մլրդ 68 մլն 598 հազար դրամի սահմաններում: Միաժամանակ վարչապետը հայտնեց, որ կապիտալ շինարարություն կիրականացվի  ոչ միայն պետական միջոցներով, մասնավորապես բարեգործական, «Հայաստան» համահայկական հիմնադրամից սպասվող միջոցներով  վերականգնողական աշխատանքներ կկատարվեն հատկապես ջրամատակարարման և նախադպրոցական հիմնարկների ոլորտներում: Կառավարության ղեկավարը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ պետք է աստիճանաբար ընդլայնել մասնավոր ներդրումները կապիտալ շինարարության բնագավառում, հակառակ դեպքում պետական միջոցները երբևէ համազոր չեն լինելու երկրի շինարարական իրական պահանջներին: Առկա հնարավորությունների սահմաններում, Ա. Հարությունյանի խոսքով` զգալի հատկացումներ են ուղղվելու բնակելի տների բարեկարգմանն ու նոր բնակարանների կառուցմանը, մի գործ, որ հետևողականորեն կկատարվի հանրապետության նախագահի հանձնարարականի համաձայն:            

Նիստում կառավարության հավանությանն են արժանացել նաև գյուղատնտեսության, կրթության և գիտության, մշակույթի և երիտասարդության, սպորտի, անշարժ գույքի կադաստրի, զբոսաշրջության և բնապահպանության բնագավառներում իրականացվելիք տարեկան ծրագրերը: Այդ փաստաթղթերը ամբողջովին տեղ կգտնեն ԼՂՀ կառավարության համացանցային կայքում (www.gov.nkr.am):

Վերոնշյալ ծրագրերի կապակցությամբ ևս վարչապետ Ա. Հարությունյանը նշել է, որ լրացուցիչ միջոցառումներ կիրականացվեն այլ աղբյուրներից ակնկալվող միջոցներով: Ի մասնավորի, մեծածավալ հատկացումներ կլինեն հատկապես նոր գյուղտեխնիկայի ձեռքբերման համար: Նախանշվում է այս տարի հանրապետություն ներկրել  շուրջ 3 մլրդ դրամի հացահատիկահավաք կոմբայններ, տրակտորներ, գյուղատնտեսական տարբեր սարքավորումներ: Դրանք լիզինգային մատչելի պայմաններով կհատկացվեն  անհատ հողագործներին` հայտարարել է վարչապետը:

Ի շարս միջանկյալ առանձին ծրագրերի, գործադիրը հաստատել է սոցապնախարարության «Ստեփանակերտ տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի ծառայությունների գնման պետական պատվերը: 2012 թ. այն կկազմի ավելի քան 105 մլն դրամ: Պետական սպասարկում կիրականացվի ստացիոնար և տնային պայմաններում խնամքի կարոտ 225 անձանց նկատմամբ:

Գործադիրը հաստատել է առողջապահական բնագավառի ծառայողների աշխատանքի և հանգստի ռեժիմի նոր կանոնակարգը` ուժը կորցրած ճանաչելով նախկին որոշումը: Սահմանվել է, մասնավորապես, որ բուժաշխատողների համար աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 39 ժամից:

Գործադիրը հավանություն է տվել 2012 թ. պետբյուջեի միջոցներով իրականացվելիք հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով ծառայությունների գնման պետական պատվերին: Բնակչության համար անվճար կհեռարձակվեն ավելի քան 11 հեռուստառադիոծրագրեր, այդ թվում` 5 հայկական և 4 ռուսական:

Նիստում հաստատվել է ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` գեոդեզիայի և հողային պետական տեսչության կանոնադրությունը, փոխվել Ասկերանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 1,5 հեկտար հողատարածքի ժամանակավոր սխեման. այն փոխադրվել է արտադրական նշանակության օբյեկտների կատեգորիա` ավազախճաքարի հումքի արդյունահանման նպատակով:

Այս տարի ևս պետությունը միջոցներ կհատկացնի հանրապետությունում գիշատիչների գլխաքանակի կարգավորման համար: Նախատեսվում  է ծախսել 18 մլն դրամ` նվազեցնելու գայլերի և շնագայլերի գլխաքանակը, որոնք սպառնում են բնակչությանը և գյուղատնտեսությանը: Նիստում ուշադրություն սևեռվեց, որ խնդիրը առկա է նաև Ստեփանակերտ քաղաքում, շնագայլերը ավելի ու ավելի հաճախ են թափանցում մայրաքաղաքի թաղամասերի խորքերը: Վարչապետը բանապահպաններին հրահանգեց գիշատիչների դեմ պայքարի գոտի համարել նաև Ստեփանակերտը:

Նիստում գործադիրը հանդես եկավ օրենսդրական չորս նախաձեռնությամբ: Նախ, հավանություն տրվեց ԼՂՀ «Ընտանեկան օրենսգրքի» նախագծին: Ըստ օրինագծի` ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում արձանագրված ամուսնությունը: Ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորումն իրականացվում է տղամարդու և կնոջ ամուսնական դաշինքի կամավորության, իրավահավասարության, ընտանեկան հարցերը փոխադարձ համաձայնությամբ լուծելու, ընտանիքի անչափահաս և անաշխատունակ անդամների իրավունքների պաշտպանության սկզբունքներին համապատասխան:

Փոփոխություն  է առաջարկվել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքում: Ըստ այդմ` պետական կազմակերպությունը կարող է վերակազմավորման ձևով վերակազմակերպել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի:

Նշանակալի լրացումներ ու փոփոխություններ են առաջարկվում «Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքում: Դրանք գերազանցապես վերաբերում են ուսուցչին, նրա վերապատրաստմանը, ատեստավորմանը և տարակարգի շնորհմանը: Օրինագծով` ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, ով ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական (կամ` ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:

Գործադիրի օրենսդրական վերջին նախաձեռնությունը առնչվում է ԼՂՀ փրկարար ծառայությանը: Հիմնականում առաջարկվել են խմբագրական բնույթի մի շարք փոփոխություններ և առանձին լրացումներ, որոնք, առավելաբար, վերաբերում են փրկարար ծառայողների պաշտոնական իրավունքներին ու պարտավորություններին:

Բոլոր չորս օրինագծերը կներկայացվեն ԼՂՀ ԱԺ քննարկմանը:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter