
Հակոբ Արշակյանը եւ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել են տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ինժեներական քաղաքում» մայիսի 3-ին հանդիպել են տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին: Այս մասին հաղորդում է տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման հիմնական թեման վերաբերում էր դեպի միջազգային շուկաներ բարձր տեխնոլոգիական արտադրության արտահանմանը, միջազգային հարթակում համագործակցության արդյունավետ գործիքների մշակմանը, նպատակների և ոլորտների հստակեցմանը, միջազգային շուկա մուտք գործելու իրավական ընթացակարգերին և մի շարք այլ հարցերի:
Հակոբ Արշակյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ կառավարության հիմնական առաջնահերթությունն է: Առաջիկայում ստեղծվում է նոր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որը պատասխանատվություն է ստանձնելու երեք ուղղությամբ։
Առաջինը ռազմարդյունաբերության զարգացումն է՝ գիտահետազոտական նախագծերից մինչև արտադրություն, արտաքին համագործակցություն։
Հաջորդը ինժեներական և ստարտափ էկոհամակարգի զարգացումն է։
Կարևոր ուղղություններից է նաև թվայնացումը, որի շնորհիվ մատուցվող ծառայություններն ավելի հասանելի կդառնան քաղաքացիների համար, տեխնոլոգիաներն էլ, որոնք արտադրվում են Հայաստանում, կօգտագործվեն կառավարության համար։
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ընդգծել է, որ նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է։ Նրա խոսքով՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա են բազմաթիվ հնարավորություններ ձևավորելու համապատասխան հարթակներ՝ տեխնոլոգիական ոլորտի մասնավոր ընկերությունների կարողությունները մեր միջազգային գործընկերներին ներկայացնելու և համագործակցության նոր հեռանկարներ ուղենշելու համար։
Հանդիպման ընթացքում ծավալված ակտիվ քննարկման ընթացքում բարձրացվել են մի շարք խնդիրներ, որոնց տրվել են պարզաբանումներ, մի շարք հարցերի շուրջ հստակեցվել են մոտեցումները, արդյունավետ գործունեության հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նման հանդիպումները շարունակական բնույթ կունենան։
Մեկնաբանել