2011թ. Երևանում արտակարգ դեպքերից զոհվել է 217 մարդ, 35-ին հաջողվել է փրկել
2011 թ. ընթացքում Երևանում գրանցվել է 6355 արտակարգ դեպք և պատահար (2010 թ.՝ 5450), որոնց հետևանքով զոհվել է 217 մարդ, (2010 թ.՝ 213 զոհ) և մարմնական վնասվածքներ ստացել 4059 մարդ (2010 թ.՝ 3325 մարդ):
Այսպիսով, 2011թ. ընթացքում, 2010 թ. համեմատ, Երևանում գրանցված արտակարգ դեպքերն աճել են 905-ով (16.6%), զոհերի թիվը՝ 4-ով (1.9%), իսկ վիրավորների թիվը՝ 734-ով (22.1 %):
Գրանցված դեպքերից 3053-ը տեխնածին է, որը կազմում է ընդհանուր դեպքերի 48%-ը։ Տեխնածին պատահարների ու դեպքերի հետևանքով զոհվել է 62 մարդ, ընդհանուր զոհերի՝ 28.6%-ը, վիրավորվել 1107 մարդ, ընդհանուր վիրավորների՝ 27.3%-ը:
Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 1938-ը (63.5%) հրդեհ է (2010թ.՝ 1842), որոնց հետևանքով զոհվել են 13, և վիրավորվել 12 մարդ: 2010 թ. համեմատությամբ հրդեհների թիվն աճել է 96-ով (5.2%):
Տեխնածին արտակարգ դեպքերից 896-ը (29.3%) ճանապարհատրանսպորտային պատահար է (2010թ.՝ 828), որոնց հետևանքով զոհվել է 40 և վիրավորվել 981 մարդ: 2010 թ. համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 68-ով (8.2%)։
Տարվա ընթացքում գրանցված դեպքերից 93-ը տարերային է, որը կազմում է ընդհանուր դեպքերի 2%-ը (2010 թ.՝ 125): Զոհեր և վիրավորներ չկան (2010թ. ևս տուժածներ չեն գրանցվել):
Դեպքերից 3130-ը սոցիալ-կենցաղային են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 49%-ը (2010թ.՝ 2369), որոնց հետևանքով զոհվել է 155 մարդ, կամ ընդհանուր զոհերի 71.4%-ը (2010 թ.՝ 141), վիրավորվել՝ 2952 մարդ, կամ ընդհանուր վիրավորների 72.7 %-ը (2010 թ.՝2196): 2010 թ. համեմատությամբ սոցիալ-կենցաղային արտակարգ դեպքերի թիվն աճել է 761-ով:
Գրանցված սոցիալ-կենցաղային դեպքերի մեծ մասը՝2870-ը, թունավորումներն են (2010 թ.՝ 2170), որոնց հետևանքով վիրավորվել է 2866 (2010 թ.՝ 2162), և զոհվել 20 (2010 թ.՝ 24) մարդ։ Գրանցվել է ջրահեղձման 9 դեպք և պայթուցիկ սարքերի տեղադրման 16 կեղծ ահազանգ։
2011 թ. ընթացքում Երևանի փրկարարական վարչությունն արտակարգ դեպքերի հետևանքների վերացման համար իրականացրել է հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկների 2790 ելք:
Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման միջոցառումների ընթացքում ԵՓՎ անձնակազմը փրկել է 35 մարդու:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել