«Հայ-վրացական հարաբերությունների ներքաղաքական, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական բաղկացուցիչները»
Վիրահայությունը որպես Վրաստանի ազգային փոքրամասնություն, «Ջավախքի խնդրի» ընկալումները
Ալեքսանդր Իսկանդարյան - Վրաստանի հայերի խնդիրները Ջավախքով չեն սահմանափակվում: Կան Թբիլիսիի, Ջավախքի, Աբխազիայի, ոչ այնքան շատ Բաթումիի հայեր: Ջավախքն ավելի բարդ դեպք է թերեւս հայ բնակչության կոմպակտ լինելու, վրացական սոցիումին քիչ ինտեգրվածության, նաեւ այն պատճառով, որ սահմանակից է Հայաստանին (սա առաջ է բերում Վրաստանի հավելյալ մտավախությունները): Ռուսաստանյան ռազմակայանի գործոնը կա, բայց այն իրավիճակային է եւ շատ շուտով կվերանա: Հասկանալի է, որ Ջավախքն էլ է ոչ միատարր: Մի բան են Ախալքալաքն ու Նինոծմինդան, եւ բոլորովին այլ բան է Ախալցխան: Կարելի է շատ մանրամասնել, բայց հիմնական խնդիրը իմ մատնանշածներն են: Թբիլիսիում էլ կան հայեր, խնդիրներն արձագանք են ստանում, եւ ստացվում է տարածաշրջանայինի եւ էթնիկականի համադրում: Սրան գումարեք Հայաստանի այլ կողմնորոշում ունենալը: Հավելեք ընդհանրապես Աբխազիայով եւ Օսիայով ահաբեկված վրացական դիսկուրսին բնորոշ խնդիրները, ձգտումը միատարրության: Հիշենք Գամսախուրդիայի փուլից մնացած ժառանգությունը: Ահա եւ ստացվում է վախերի եւ վտանգների համակցությունը: Դրանք պետք է հաղթահարել նրբորեն, համբերատարությամբ: Իսկ վերնախավին դա այդքան էլ չի հաջողվում անել:
Սերգեյ Մինասյան - Բնական է, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ փոխհարաբերությունների կարեւորագույն գործոնը Ջավախքի, ինչպես նաեւ Վրաստանի այլ շրջաններում բնակվող հայերի բազմաթիվ խնդիրներն են: Եթե Թբիլիսիում շատերն այս խնդիրները դիտարկում են հայերի «սեպարատիստական եւ էքստրեմիստական» տրամադրությունների, Վրաստանում եկեղեցիների եւ մշակութային օբյեկտների նկատմամբ հավակնությունների լույսի ներքո, ապա, ինչպես ինձ է թվում, Հայաստանում շատերի համար բոլոր այդ խնդիրները սահմանափակվում են միայն Ջավախքում հայ էթնիկ բաղադրիչի պահպանման, Վրաստանում հայ փոքրամասնության քաղաքական, լեզվական եւ կրոնական իրավունքների նվազագույն պաշտպանության հարցերով: Այս պայմաններում հայ-վրացական հարաբերությունների ավելի մանրամասն քննարկումը հատուկ հրատապություն է ձեռք բերում:
Իվլիան Խաինդրավա - Սկսեմ նրանից, թե ի՞նչ կարող է լինել.
1. Դիցուք Վրաստանի ցանկացած իշխանություն Ջավախքին հատուկ ուշադրություն է դարձնում, ներառյալ ֆինանսականը, այնտեղ է ուղղում առավելագույն հնարավոր միջոցներ, ստեղծում է հարկային բարենպաստ պայմաններ, այս շրջանը սոցիալ-տնտեսական տեսանկյունից վեր է ածում, այսպես կոչված, օազիսի: Բնական կլինի ենթադրել, որ Վրաստանի մյուս շրջաններից այնտեղ կուղղվեն բիզնեսն ու գործարարները, նրանց «ուղեկցող անձանցով»: Եվ օրակարգում կհայտնվի հայերին «սողացող ասիմիլյացիայի» ենթարկելու հարցը: Իհարկե, իշխանություններին կմեղադրեն Վրաստանի բնակչության մյուս հատվածները, թե նրանք զբաղվում են միայն «ոչ վրացի» բնակչության խնդիրներով: Բավական խանդով կվերաբերվեն դրան նաեւ վրաստանաբնակ ադրբեջանցիները, ի դեպ' նրանք էլ իրենց շրջանում քիչ խնդիրներ չունեն:
2. Ջավախքին ոչ մի հատուկ ուշադրություն չի դարձվում, եւ շրջանի զարգացումը ինքնահոսի է ենթարկվում, ինչպես եղել է տասնամյակների ընթացքում: Տեղի է ունենում բնակչության արտահոսք, այս դեպքում' հայերի: Թեեւ, նույն տեմպերով եւ հաջողությամբ Վրաստանի լեռնային բարդ շրջաններից, ասենք Ռաճայից, արտագաղթում է վրաց բնակչությունը: Եվ թբիլիսյան իշխանություններին մեղադրում են «այրած հողի» մարտավարություն իրականացնելու, Վրաստանից կոմպակտ բնակվող հայ բնակչությանը «վտարելու» համար:
Իհարկե, սրանք երկու ծայրահեղ տարբերակներ են, եւ լուծումը պետք է փնտրել մեջտեղում, որպեսզի փայտը չծռվի ոչ դեպի այս, ոչ էլ այն ծայրը: Շրջանին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել' ելնելով նրա առանձնահատկության ճշգրիտ ընկալումից: Մշակութային, կրոնական եւ կրթալեզվական իրավունքների մասին ես չեմ խոսում, քանի որ դրանք ինքնըստինքյան հասկանալի բաներ են: Ինչ վերաբերում է քաղաքական իրավունքներին, ապա դրանք պետք է ապահովված լինեն ճիշտ այն կերպ, ինչպես ապահովվում են Վրաստանի բոլոր քաղաքացիների քաղաքական իրավունքները: Այս թեման հատուկ զգացական է դառնում այն ժամանակ, երբ սկսում են խոսել շրջանին ինքնավարության կարգավիճակ տալու մասին' որպես բոլոր խնդիրների լուծման միջոց: Այստեղ եւս կան երկու հիմնական պահեր.
1. Վրաստանը սկսում է դողալ «ինքնավարություն» տերմինը լսելիս, քանի որ միանգամից զուգահեռներ են առաջանում Աբխազիայի եւ Օսիայի հետ: Այսինքն' ինքնավարության պահանջներն ընկալվում են որպես անջատմանն ուղղված քայլ:
2. Մյուս կողմից, կա Աջարիայի ինքնավարության բոլորովին թարմ օրինակը: Այն ունի քաղաքատիպ ավանի ղեկավարման լիազորություններ, որոնք ոչ թե չեն համապատասխանում ժամանակակից չափանիշներին, այլ պարզապես ողջախոհության սահմաններից դուրս են:
Այնպես որ, «ինքնավարությունն» ինքն իրենով ամենեւին էլ ոչինչ չի նշանակում: Պետք է գնալ դեպի իրական ինքնակառավարում, ինչը չկա ոչ մի տեղ Վրաստանում եւ գործող օրենսդրության համաձայն մոտ ժամանակներս չի նախատեսվում: Թբիլիսյան իշխանության ավելի մեծ ուշադրության եւ իրական ինքնակառավարման համադրումը շրջանում մթնոլորտի նորմալացման բարդ եւ երկարատեւ ճանապարհի սկիզբն է:
Սերգեյ Մինասյան - Միանգամայն համաձայն եմ Իվլիան Խաինդրավայի հետ : Խնդիրը Ջավախքում պարտադիր կերպով ինքնավարություն հաստատելը չէ, կարելի է այնտեղ համապատասխան պայմաններ ստեղծել եւ անվանել դա ոչ թե «ինքնավարություն», այլ, ասենք, «տարածքային կոոպերատիվ»: Խնդիրը դա չէ, եւ մանավանդ անվանումը չէ: Խնդիրն այն է, որ այնտեղ պետք է լինի իրական ինքնակառավարում, առանձին առավելություններ լեզվական, կրթական հարցերում եւ քաղաքական իրավունքների բնագավառում: Քաղաքական իրավունքներ ասելով այս դեպքում պետք է հասկանալ ողջ Վրաստանի հասարակական-քաղաքական գործընթացներին ջավախահայության մասնակցության հնարավորությունները, Վրաստանի քաղաքակիրթ քաղաքական դաշտում իրենց շահերը պաշտպանելու համար քաղաքական միավորումների ստեղծումը, այլ ոչ թե «պարտիզանական» հավաքների միջոցով դա անելը: Եթե Ջավախքում կան հատուկ խնդիրներ, ուրեմն պետք է նաեւ հատուկ մեթոդներ փնտրել դրանք լուծելու համար:
Մարինա Մուսխելիշվիլի - Դժվար թե վերնախավը շրջանին առաջնահերթ վիճակում դնի, քանի որ այդ դեպքում կկորցնի ընտրողների ձայները մնացյալ Վրաստանում: Ցավոք, սա միայն հայերին չի վերաբերում, սա կապ ունի ցանկացած մասնավոր իրավունքների եւ շահերի հետ: Բանն այն է, որ բոլոր ետխորհրդային ժողովրդավարությունները խիստ մաժորիտար լինելու միտում ունեն: Ով էլ լինի փոքրամասնություն, միշտ հարուցում է մեծամասնության գրգռվածությունը նրանով, որ խանգարում է ընդհանուր առաջխաղացմանը իր մասնավոր, մանր շահերով: Այդ պատճառով է, որ մենք բոլորս' եւ՛ Ջավախքի, եւ՛ Վրաստանի այլ շրջանների բնակչությունը, լուծում ենք մեր խնդիրները ինքնուրույն կերպով:
Լաուրա Բաղդասարյան - Ես, իհարկե, համաձայն եմ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ, որ կա տարբերություն Թբիլիսիի եւ Ջավախքի հայերի խնդիրների միջեւ: Թեկուզեւ վրացերենի իմացության եւ վրացիների հետ ամենօրյա շփումների տեսանկյունից: Ինձ թվում է, որ ջավախահայերի շատ խնդիրներ ծագում են այդ թվում նաեւ «մեծ մայրցամաքից» կտրվածության, վրացիների հետ չնչին շփումների պատճառով: Մինչեւ վերջին ժամանակներս շատ քիչ վրացիներ էին ապրում Ջավախքում: Ես սկզբունքորեն համաձայն եմ Իվլիան Խաինդրավայի հետ, որ, մեծ հաշվով, բացառությամբ ջավախայության, Վրաստանի այլ վայրերում ապրող հայերն ունեն այնպիսի խնդիրներ, ինչպես եւ վրաստանաբնակ ադրբեջանցիներինն են: Համենայնդեպս Մառնեուլիում ճիշտ այնպիսի սոցիալ-տնտեսական հարցեր կան, ինչպիսիք նույն շրջանի հայկական Շահումյան, Դաղեթ գյուղերում են: Եվ Մառնեուլիի շրջանի ադրբեջանական գյուղերում ապրում են այդ հայկական բնակավայրերից ոչ ավելի լավ, ոչ էլ վատ: Բայց ես կտրականապես դեմ եմ այն բանին, որ Ջավախքում վերջին տարիների ընթացքում տեղի ունեցող երեւույթները «արդարացվեն» Վրաստանի իշխանությունների «քաղաքական ինֆանտիլությամբ», «տղայականությամբ» կամ նման այլ բացատրություններով: Տպավորություն ունեմ, որ իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է: Ավելի կոնկրետ ասեմ: Արդեն մի քանի տարի Ախալքալաքում գործում է Իվանե Ջավախիշվիլու անվան համալսարանի տեղական մասնաճյուղը: Առաջին տարին ընդունվեցին մեծ թվով հայեր, հիմնականում' Ջավախքում բնակվող: Դա լավ է երկու տեսանկյունից' այդ երիտասարդությունը հետո կարող է աշխատել Ջավախքում եւ կրճատել որոշ մասնագետների դեֆիցիտը: Սա նաեւ նշանակում է, որ այս երիտասարդությունը բուհում վրացերեն կրթություն ստանալու համար լեզվական բավարար պատրաստվածություն ունի: Այս ուսումնական տարի 80 առաջին կուրսեցիներից միայն 4-ն են հայ եղել. երկուսը' Ջավախքից, երկուսը' Վրաստանի այլ շրջաններից: Մնացած առաջին կուրսեցիները վրացիներ են, ովքեր ուսման են եկել այլ շրջաններից: Թվում է' իսկ ի՞նչ անբնական բան կա այս ամենի մեջ: Չգիտեմ ինչպես է իրականում, բայց Ջավախքի բնակչության մեջ խոսակցություններ կան Վրաստանի այլ շրջաններից ազգությամբ վրացի ուսանողներին հատուկ արտոնություններ տալու մասին (որ նրանց հատկացվում են բնակարաններ, անձնական մեքենաներ ուսումն ավարտելուց հետո մի քանի տարի Ջավախքում աշխատելու պայմանով): Մեկ այլ օրինակ, որն ավելի քիչ է «միստիֆիկացվում». Նինոծմինդայում գործում է դարձյալ վերջերս բացված մանկատուն, որի սաները Վրաստանի այլ շրջանների մանկատներից բերված ազգությամբ վրացի երեխաներ են: Եկեք միասին դատենք. մեղք չե՞ն, արդյոք, այդ երեխաները, որոնք հետո գրեթե 9 ամիս շարունակ ապրելու են ցուրտ կլիմայական պայմաններում:
Իվլիան Խաինդրավա - Աբխազների հետ մենք արդեն գործը փչացրինք, երբ նույնիսկ չբարեհաճեցինք նրանց հարցնել, թե ինչպե՞ս են նրանք պատկերացնում վրացական պետությունն ու իրենց տեղն այնտեղ, եւ ահա նրանք պատկերացրեցին իրենցը: Հիմա վրացական պետությունը նորից ու նորովի է կառուցվում, համենայնդեպս Սաակաշվիլին այդպես է կարծում, եւ չի կարելի այդ գործընթացից դուրս պատկերացնել բնակչության զգալի խմբերին: Քաղաքական նորմալ դաշտի ապահովումը հայերի համար ամենուր, եւ հատկապես Ջավախքում, նույնիսկ խնդիր չէ, այլ անհրաժեշտություն: Գաղտնիք չէ, որ հին, բարի ավանդույթի համաձայն' պատգամավորներն այնտեղից ոչ թե ընտրվում, այլ «վերցվում են»: Եվ, հետեւաբար, նրանք ոչ ոքի չեն ներկայացնում, լավագույն դեպքում ներկայացնում են իրենց սեփական կլանը: Խնդիրը նաեւ այն է, որ Վրաստանի հայաբնակ եւ ադրբեջանաբնակ շրջանները փակ են վրացական քաղաքական ուժերի առջեւ: Տեղաբնակների հետ աշխատելու ընդդիմադիր կուսակցությունների ցանկացած փորձ ցանկացած իշխանության կողմից ներկայացվում է որպես վտանգավոր սադրանք, ազգային զգացմունքների սպեկուլյացիա եւ դավաճանական քայլ, որն, ի վերջո, ուղղված է երկրի մասնատմանը: Թեեւ ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ Ջավախքի բնակչությունը չեն օգտագործում եղած հնարավորությունները: Չի կարելի Սաակաշվիլուն պարտադրել «հայկական» համապատասխան կուսակցության ստեղծումը, ինչպես եւ չի կարելի նրան պարտադրել ինքն իր համար հզոր ընդդիմության ստեղծումը:
Սերգեյ Մինասյան - Սաակաշվիլին ամենեւին էլ պարտավոր չէ ստեղծել «հայկական» քաղաքական կուսակցություն, բայց նաեւ թող խնդիրներ չառաջացնի նրանց գրանցման ժամանակ, ինչպես դա արել եւ անում է Արդարադատության նախարարությունը: Իսկ հետո կտեսնենք, թե ինչ կստացվի. կամ հայկական կուսակցությունը ինչ-որ դեր կխաղա քաղաքական, իսկ եթե հաջողվի նաեւ խորհրդարանական ասպարեզում (ինչպես դա անում են Բուլղարիայում թուրքական կուսակցությունները), կամ էլ գոնե քաղաքակիրթ քաղաքական դաշտ կբերեն Ջավախքի ոչ ֆորմալ ուժերին, որոնք ստիպված են վրացական կառավարությանն ու հասարակությանն իրենց պահանջները ցույցերի, ալեկոծումների ու այլ միջոցներով հասցնել:
Իվլիան Խաինդրավա - Վրացական գործող օրենսդրությունն արգելում է կուսակցությունների ստեղծումը ազգային, կրոնական կամ տեղական սկզբունքներով: Արդարադատության նախարարությունը գրանցումը մերժելիս չի խախտել օրենքը: Այլ հարց է, թե որքան ժողովրդավարական է օրենքի այդ դրույթը, եւ այստեղ ես ավելի շուտ համաձայն եմ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ, որ Վրաստանի նման երկիրը չի կարող խուսափել ազգային հատկանիշներով տարածաշրջանային կուսակցությունների առկայությունից:
Մարինա Մուսխելիշվիլի - Եթե Ախալքալաքի հայերը գտնեն Թբիլիսիից պաշտպանվելու մեխանիզմը, ապա նրանց մոտ կտեղափոխվի կես Վրաստանը: Եկեք կոնկրետ հարց վերցնենք, թե ինչպես են հայերին վրացերեն սովորեցնում դպրոցներում: Իրականում վատ են սովորեցնում, եվ խնդիրը նաեւ մոտեցումն է: Իսկ այն շատ պարզ է. վրացերենի գիտելիքների հետ երեխան պետք է յուրացնի որոշ արժեքներ, մասնավորապես պետք է հայրենասեր դառնա Վրաստանում: Իսկ եթե նա պարզապես ուզում է իմանալ վրացերեն հարեւանի հետ շփվելու համար, ապա ո՞ւմ են հետաքրքիր նրա մասնավոր խնդիրները:
Մարինա Էլբակիձե - Իշխանությունները նվազագույն ջանքեր են գործադրում ազգային փոքրամասնություններին պետական լեզու սովորեցնելու համար: Տարածաշրջանում գործող բոլոր կուրսերը հիմնականում կազմակերպվում են միջազգային կառույցների միջոցով: Դպրոցներում վրացերենի դասավանդման մակարդակը ցածր է, ինչի ապացույցը բուհերում ընդունելության քննությունների արդյունքներն են: Վրացերեն թեսթերը կարողացել են հաղթահարել տարածաշրջանից միայն մի քանի հոգի: Նման պատկեր է սպասվում նաեւ այս տարի, տարածաշրջանից ավելի քիչ դիմորդներ են լրացրել հայտերը: Ընդհանուր առմամբ, կրթական համակարգի բարեփոխումն այն լավագույն բանն է, ինչ կատարվել է հեղափոխությունից հետո. արդար քննություններ բոլորի համար, բացի փոքրամասնություններից: Այս դեպքում համակարգը չէ մեղավոր, այլ այն կառույցներն ու մարդիկ, որոնք ընդունել են նման որոշում: Նրանք հաշվի չեն առել այն համգամանքը, որ փոքրամասնությունների մեծ մասը չունի վրացերենի բավարար իմացություն, եւ չեն տվել քննություններին ինչպես հարկն է պատրաստվելու հնարավորություն: Նման հարցերով պետք է զբաղվեն պետական կառույցները, այլ ոչ թե հասարակական կամ միջազգային կազմակերպությունները: Վերջիններս կարող են միայն օգնել: Ախալքալաքի համալսարանի առիթով: Դա ճիշտ, ինտեգրմանն ուղղված քայլ էր, այս բառի ճիշտ եւ դրական տեսանկյունից: Բայց ընդունելության քննություններից հետո այն ստացավ բացասական գրգռիչի դեր:
Իվլիան Խաինդրավա - Մարինա, իսկ պարզապես վրացերենի կուրսեր առանց պատմության եւ գրականության ուսումնասիրման չի՞ կարելի ունենալ:Դժվար թե Թբիլիսիի հայերն անտանելի տառապում են այն բանից, որ գիտեն վրացերեն առանց գրականության եւ պատմության իմացության:
Սերգեյ Մինասյան - Ջավախքի դպրոցներում այդքան էլ վատ չեն սովորեցնում վրացերեն, ծրագրերով, դասագրքրեով: Ուղղակի ոչ ոք հատուկ ձգտում չունի լեզուն սովորելու, նաեւ վրացերենով շփումն այդքան մեծ չէ: Իսկ եթե լինեն հատուկ խթաններ, օրինակ' կադրային քաղաքականություն, այդ դեպքում մի հինգ տարի հետո, երբ Ջավախքի «սիբիրյան ձներում» հաստատվի դրախտ եւ բարօրություն, հայերը գուցեեւ մասնավոր պարապմունքների գնան վրացերենի ավելի լավ իմացության համար:
Իվլիան Խաինդրավա - Խթաններ, իհարկե, պետք է լինեն: Կկառուցենք շուտով ճանապարհը, Աստված վկա է' հարյուր միլիոն դոլարից ավելի են հատկացրել Ախալքալաք-Թբիլիսի մայրուղու եւ տեղական ճանապարհների շինարարության համար, եւ ինչ-որ խթան կառաջանա:
Լաուրա Բաղդասարյան - Բարեկամներ, ինձ թվում է, որ այն երկրի ջատագովը դառնալու համար, որտեղ ապրում ես, պարտադիր չէ պատմության իմացությունն ու արժեքների յուրացումը: Արժեքներն ընդունվում են ինքնաբերաբար, եթե դրանցով ապրելը լավ է: Իսկ եթե նույնիսկ անգիր անեն վրացական ողջ պոեզիան, ապա դա, միեւնույն է, կյանքն արմատապես չի բարելավի: Հայրենասեր դառնում են այն ժամանակ, երբ քաղաքացին ( կարեւոր չէ ով' վրացի, թե հայ ) կզգա իր թիկունքում պետության ամուր ուսը: Կներեք պաթոսի համար: Գիտեմ, հաճախ այս ուսը չեն զգում հայերը նույնիսկ Հայաստանում: Ժամանակներն այն չեն, կասեր Ալեքսանդր Իսկանդարյանը:
Մարինա Էլբակիձե - Իրականում հայ-վրացական հարաբերություններում առայժմ դրսեւորվում են՝
1. այն գիտակցությունը, որ կողմերը որոշակիորեն կախված են իրարից,
2. փոխադարձ անվստահությունը, այն կասկածները, թե մյուս կողմն իր օգտին կծառայեցնի «իրենց կապող գործոնը»: Օրինակ' Վրաստանում Ջավախքը կարող են ընկալել որպես խաղագումար Հայաստանի ձեռքին, որից նա կօգտվի, եթե Վրաստանը հաշվի չառնի Հայաստանի կարեւոր շահերը, եւ ամենաքիչը այնտեղ «անկարգություններ կհրահրի»: Իր հերթին Հայաստանը կարող է կասկածներ ունենալ, որ Հայաստանին իր օգտին ծառայեցնելու նպատակով Վրաստանը կսկսի ճնշել հայազգի իր քաղաքացիներին, կամ կիրականացնի Հայաստանի համար ոչ շահավետ տրանսպորտային ծրագրեր (Ղարս-Ախալքալաք-Թբիլիսի), կամ չի թողնի Հայաստանի քաղաքացիներին ծով գնալ: Իրարից անկախ են Հայաստանն ու Վրաստանը կառուցում իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, նույնիսկ եթե Հայաստանում նվազում է «ռուսամետությունը»: Մենք կարող ենք շարունակ գտնել մյուսի սխալները եւ կասկածել ոչ բարի մտադրությունների մեջ: Բայց կարծում եմ, որ ավելի կարեւոր է փոխադարձ, բայց մասնակի անվստահության պատճառները եւ իրական ու փոխշահավետ հարաբերությունների ձեւաչափը որոշելը: Այսօր հայ-վրացական հարաբերությունները եթե ոչ ամենաթույլ, ապա չափավոր թույլ օղակ են տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահերի իրականացման համար: Սամցխե-Ջավախեթիի հարցի մասին. այստեղ գործում է անվստահության նույն մեխանիզմը, բայց այս դեպքում' մեծամասնության եւ էթնիկ փոքրամասնության միջեւ: Տպավորություն է ստեղծվում, որ պետությունն ու մեծամասնությունը չի վստահում փոքրամասնություններին, կասկածում է նրանց անջատողականության մեջ: Իրենց հերթին փոքրամասնությունները կասկածում են իշխանություններին եւ մեծամասնությանը լավագույն դեպքում իրենց ասիմիլացնելու, վատագույն դեպքում' երկրից վտարելու կամ բնակչության ցածրորակ մաս դարձնելու մեջ: Հայերի տեսանկյունից մեծամասնությունը օգտագործում է իր պետական լեզվի չիմացությունը ավելի շուտ որպես առիթ, այլ ոչ թե որպես պատճառ երկրի ակտիվ կյանքից նրանց վտարելու համար: Պետական լեզուն սովորելու մասին կոչերը նրանց համար ունեն վերջնագրի նշանակություն. կա՛մ սովորիր լեզուն, կա՛մ այս երկրում ոչնչի չես հասնի: Երկու կողմերից էլ դրսեւորվում է բացասական դիրքորոշում, հայ բնակչությունը որպես բողոքի նշան հրաժարվում է ընդհանրապես լեզուն սովորել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել