
ԱԱԾ տնօրենը՝ «Հոկտեմբերի 27-ի գործի» վերաբացման մասին
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով դատապարտված Նաիրի Հունանյանը եղել է ԱԱԾ գործակալ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը:
«Պարոն Շիրխանյանի խոսքը ո՛չ կհերքեմ, ո՛չ կհաստատեմ: Գործը վարող մարմին կա՝ ՀՔԾ-ն, բոլոր հարցերով, խնդրում եմ, դիմեք նրանց»,- ասաց Վանեցյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակին: Ըստ ԱԱԾ տնօրենի՝ անհրաժեշտության դեպքում ՀՔԾ-ն կպատասխանի այս հարցին։
Դիտարկմանը, որ հաջախ է հայտարարվել, որ «Հոկտեմբերի 27-ի գործը» կվերաբացվի, եթե ի հայտ գան նոր հանգամանքներ, իսկ շատերը Վահան Շիրխանյանի նամակում գործի վերաբերյալ նոր հանգամանքներ են տեսնում, Արթուր Վանեցյանն արձագանքեց․
«Գլխավոր դատախազը պարոն Շիրխանյանի հայտնի նամակը ուղարկել է մեզ ու ՀՔԾ։ Կկատարվեն համապատասխան ստուգողական աշխատանքներ: Եթե կգտնվեն ինչ-որ փաստեր, որոնք հիմք կտան վերաբացել «Հոկտեմբերի 27-ի գործը», կամ հնարավորություն կտան հարուցել նոր քրեական գործ, հավատացնում եմ՝ կլինի»։
Մեկնաբանել