«Հայ-վրացական հարաբերությունների ներքաղաքական, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական բաղկացուցիչները»
Հայ-վրացական հարաբերությունները աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում
Լաուրա Բաղդասարյան - Վրաստանի շատ փորձագետներ իրենց երկրի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները վերլուծելիս զուգահեռներ են անցկացնում Հայաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունների միջեւ: Ինձ թվում է, որ ոչ միայն Վրաստանի, այլեւ ցանկացած ետխորհրդային երկրի համար Ռուսաստանը «պարզապես միայն հարեւան» չէ: Այս պետություններից ցանկացածի հետ Ռուսաստանի հարաբերություններում դրսեւորվում են հին ու նոր աշխարհաքաղաքականությունները: Այդ պատճառով էլ, եթե նույնիսկ Ռուսաստանը լիներ Հայաստանի սահմանակից պետությունը, ապա միեւնույն է' դա էապես չէր ազդի նրանց փոխհարաբերությունների որակի վրա: Ամեն մի պետություն ունի «աքիլլեսյան իր գարշապարը», որը մանրադրամ է դառնում տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործող ուժերի հետ փոխհարաբերություններում: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս տեսանկյունից նույնիսկ Թուրքիային կարելի է դասել Հայաստանի «պարզապես հարեւանների» շարքին:
Ալեքսանդր Իսկանդարյան - Աշխարհաքաղաքականությունը քաղաքականության եւ աշխարհագրության միջեւ կապն է, եւ ամենեւին էլ ոչ գաղտնագիտության տեսակ, ինչպես շատերն են կարծում մեր երկրներում: Աշխարհագրությունն այնպիսին է, որ վրացիների համար Ռուսաստանն ավելի ահարկու է, քան մեզ համար, նրանք սահման ունեն Ռուսաստանի հետ: Մենք ունենք Ռուսաստանի հետ բարեկամություն անելու ճոխությունը (դե, կամ ձեւացնելու, թե բարեկամություն ենք անում), իսկ նրանց համար դա ավելի դժվար է: Ահա եւ կողմնորոշումների միջեւ տարբերությունը: Այն օբյեկտիվ է: Բայց ժամանակները փոխվում են, բոլորս լողում ենք նույն ուղղությամբ: Մարինա, դե իհարկե պետք է տրամադրվենք ոչ թե հարեւանության, այլ բարեկամության: Այսինքն' պետք է ձգտենք ընտրությանը, այլ ոչ ի վերուստ տրված հանգամանքներին: Բայց ընտրել կարողանալու համար պետք է սուբյեկտ լինենք: Դեռ դրա ժամանակը չէ, ինքներդ գիտեք: Ես ինքս կարող եմ քննադատել եւ՛ հայկական, եւ՛ վրացական վերնախավերին, դուք բոլորդ ինձ ճիշտ կհասկանաք, բայց հետաքրքիր չէ դա:
Սերգեյ Մինասյան - Թբիլիսիում սիրում են հատուկ ընդգծել իրենց ջերմեռանդ հակվածությունը դեպի Եվրոպա, ԵՄ, ՆԱՏՕ եւ այլն: Ընդ որում' դա անում են բարձրաձայն եւ չափից ավելի հաճախ: Ավելի հաճախ, քան, իմ կարծիքով, պետք է աներ Վրաստանը. գործերը խոսքերի ետեւից չեն հասցնում գնալ: Իսկ մենք Հայաստանում, ցավոք, չենք կարող թույլ տալ նման ճոխություն, այդ պատճառով նույն բանն անում ենք անաղմուկ, բայց ոչ պակաս հետեւողականությամբ (համենայնդեպս, հայ քաղաքական վերնախավը համոզված է, որ այդպես է անում): Եվ հենց սա է մեր ազգային, այլ ոչ թե, այսպես կոչված, աշխարհաքաղաքական, շահերի համակցման գլխավոր ուղղությունը:
Իվլիան Խաինդրավա - Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները ռացիոնալ կոորդինատների տիրույթում վերլուծելն իմ տեսանկյունից պարզապես հնարավոր չէ: Պետք է համաձայնեմ Մարինա Մուսխելիշվիլիի այն կարծիքի հետ, որ վրացական ներկայիս իշխանությունները ինֆանտիլ են: Վերադառնալով անցյալին' ասեմ, որ Շեւարդնաձեն անընդունելի էր ռուսաստանյան քաղաքական իստեբլիշմենթի համար, էլ ավելի խորանալով անցած տարիների մեջ' նշեմ գամսախուրդիական մարազմատիկ իշխանությունների մասին: Բայց չէ՞ որ սա հարցի միայն մեկ կողմն է: Ինչո՞վ բացատրել Վրաստանի նկատմամբ ռուսաստանյան իշխանությունների անհամարժեքությունը: Այն դեպքում, երբ Վրաստանում առ այսօր չկա ռուսատյացություն: Ռուսաստանը, նրա քաղաքականությունը ընկալվում է որպես անառարկելի եւ նմանը չունեցող թիվ մեկ թշնամի: Եվ ինչն ամենածիծաղելին է, Վրաստանն էլ Ռուսաստանի «հիմնական» թշնամիների շարքում է: Սա ցույց է տալիս ստեղծված իրավիճակի իռացիոնալիզմը. թեեւ ռուսաստանյան քսենոֆոբների համար ադրբեջանցիներն ու հայերն էլ ավելի անընդունելի են, քան վրացիները: Հասկանալի է, որ այս ամենն ամենաանմիջական ազդեցությունն է գործում Հարավային Կովկասում իրավիճակի վրա: Ելնելով սրանից' անբավարարության զգացողություն առաջացնող, բայց պրագմատիկ վրաց-հայկական հարաբերություններն ավելի շուտ արժանի են դրական, քան բացասական գնահատականի: Վրաստանում հասկանում են, որ չի կարելի նույնիսկ փորձել Հայաստանին դնել «խաղից դուրս» վիճակում: Ինչպես նաեւ' Հայաստանում կա այն ընկալումը, որ Վրաստանում իրավիճակն ապակայունացնելու փորձերը վտանգավոր են նույն Հայաստանի համար: Համաձայնեք, դա արդեն վատ չէ:
Մարինա Մուսխելիշվիլի - Ռուսաստանը մեզ սեւ նշան է ուղարկել, եւ որքան էլ մենք չհոխորտանք, մեր ինտելեկտուալ քաղաքական գործիչների էլեգանտ լեզվով ասած' հայտնվել ենք խորը , ինքներդ գիտեք ինչի մեջ: Իրավիճակը փակուղային է, եւ այսօր երկրները ղեկավարող քաղաքական գործիչները չեն կարող կարգավորել այն դիվանագիտական մեթոդներով: Այդ պատճառով պետք է սպասենք էլ ավելի մեծ լարվածության, որը կարող է զարգանալ կամ այս, կամ այն ուղղությամբ: Ռուսաստանը հավանաբար խաղագումար է դնում Վրաստանի ղեկավար ռեժիմը փոխելու վրա: Այստեղ կա երկու տարբերակ. կամ Ռուսաստանում մինչեւ վերջ տրամադրված կլինեն հանձինս Ի. Գեորգաձեի (Վրաստանի Ազգային անվտանգության գերատեսչության նախկին ղեկավար, որը Շեւարդնաձեի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքի պատճառով տարիներ շարունակ գտնվում է Ռուսաստանում-խմբ.) Վրաստանում խամաճիկային իշխանություններ ստեղծելուն, ինչը հնարավոր է առանց ուղղակի ինտերվենցիայի, կամ էլ կփորձեն գործել ավելի զուսպ միջոցներով: Առաջին տարբերակը Վրաստանում լրջորեն չի դիտարկվում, իմ տեսանկյունից' իզուր, այն այդքան էլ անիրական չէ, եւ դրանից մեզ ապահովագրում է միայն միջազգային հանրությունը, որի հետ ես այդքան հույսեր չէի կապի: Ընդհանուր առմամբ, Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններն ուղղակի կապ ունեն այստեղ գործերի հետագա ընթացքի հետ: Եթե Վրաստանը Ռուսաստանից տնտեսապես հիմնովին կտրվի, ապա դա կանդրադառնա նաեւ Հայաստանի, տարածաշրջանի տնտեսության վրա: Եթե այստեղ իրավիճակն ապակայունանա, ապա դա նույնպես կարտահայտվի Հայաստանում: Եթե մեր երկրներում ավելի շատ մտահոգվեին ընդհանուր ապագայի հարցերով եւ ավելի քիչ փնտրեին առանձին զարգացման ճանապարհներ, ապա շատ բաներ այսօրվանից ավելի լավ վիճակում կլինեին: Սակայն փոխկախվածության եւ կոոպերացիայի օգտավետության զգացողություն մենք չունենք: Ինձ թվում է, որ Հայաստանի համար ձեռնտու չէ այս հարցում միանշանակ ռուսամետ դիրքորոշում բռնելը: Սակայն այստեղ վճռորոշը ոչ թե տրամաբանությունն է, այլ քաղաքականությունը:
Մարինա Էլբակիձե - Որպես հայ-վրացական հարաբերությունների ինդիկատոր կարող են ծառայել իրականության մեջ արտահայտվող գործոնները: Դրանք են' իրավական, քաղաքական փաստաթղթերը, որոնք այս կամ այն կերպ անդրադառնում են հարեւան երկրի վրա, կառավարական մակարդակով կնքված քաղաքական պայմանագրերը, համատեղ տնտեսական ծրագրերն ու հրապարակավ հռչակվող շահերը, համատեղ մշակութային ծրագրերը: Այսօր մեր երկրների հարաբերությունները բոլոր մակարդակներում եւ գրեթե բոլոր բնագավառներում ամբիվալենտ են' ոչ շատ լավ են, ոչ էլ շատ վատը, եւ չեն կարող ավելի վատը դառնալ, ինչպես ասում է Ալեքսանդր Իսկանդարյանը: Չեմ մանրամասնի ինչու, եւ ես նույնիսկ դրա ճշգրիտ պատասխանն էլ չունեմ: Նույնիսկ անեկդոտներում եւ ստերեոտիպերում բոլոր կովկասցիները ամբիվալենտ բնութագրություններ ունեն, եւ դա կարեւոր ֆոն է, թեեւ բավարար պայման չէ քաղաքականության որոշարկման համար: Այդ ամբիվալենտ իրավիճակից կարելի է ձգել ու քաշել դեպի այս կամ այն կողմը' կախված այն բանից, թե ով է դա անում եւ որքան ուժեղ: Բայց մենք հարեւաններ ենք, սրանից փախչել չենք կարող, եւ մենք պետք ենք մեկմեկու:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել