«Մենք ապրում ենք նոր խոշոր կոնֆլիկտի հարեւանությամբ»
Հարցազրույց քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեի հետ
- Վերջերս ավարտվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնական այցը ԱՄՆ: Հակառակ շատ փորձագետների սպասելիքների' այդ այցի ընթացքում չի ստորագրվել պայմանագիր Ադրբեջանի' հակաիրանյան կոալիցիային միանալու մասին: Ինչո՞վ եք դա բացատրում:
- Սկսենք նրանից, որ մեզ կհաջողվի չմխրճվել այս ամենի մեջ միայն այն դեպքում, եթե հակառակորդ կողմերը պայմանավորվեն Ադրբեջանին չեզոք երկիր «թողնելու» մասին: Ռազմական բնագավառում Ադրբեջանն արդեն բավական մեծ համագործակցություն ունի ԱՄՆ-ի հետ: Օրինակ' Ադրբեջանն արդեն զգալի քայլ է կատարել դեպի Հյուսիսատլանտյան հանրությունը, մեր օդանավակայանները վերազինված են նրանց ինքնաթիռների համար, որոնք այստեղից թռչում են դեպի Աֆղանստան, խոսվում է Գյանջայում նրանց համար հոսպիտալի շինարարության մասին: Ադրբեջանի ենթակառուցվածքը, նյութա-տեխնիկական ապահովվածությունը, հակաօդային պաշտպանությունը կոորդինացվում են ամերիկացիների հետ միասին: Այսինքն' այս կամ այն ձեւով Ադրբեջանը ներքաշված կլինի ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հակամարտության մեջ: Սրանից հեռու չես փախչի: Եվ սա արդեն Իրանի համար պատճառ է Ադրբեջանին պատասխան հարվածներ հասցնելու համար: Ես չեմ հասկանում, թե ի՞նչ է այդ դեպքում նշանակում հակաիրանյան կոալիցիան, որին մենք իբրեւ թե չենք միացել: Գուցե այս հանելուկային արտահայտության տակ հասկանում են այն, որ ամերիկյան վաշտերը կշարվեն «Ազադլիգ» հրապարակում եւ այնտեղից ոտքո՞վ կգնան Իրան: Հենց դա, ի դեպ, չի լինի: Եվ ես կարծում եմ, որ «Ազադլիգ» հրապարակի հեղինակությունը չի տուժի:
- ԱՄՆ-ի' Իրանին հարվածելու դեպքում ի՞նչ դերակատարություն կունենա Ադրբեջանը:
- Ամենաքիչը Ադրբեջանը տեղեկատվական-տեխնիկական աջակցություն կցուցաբերի ԱՄՆ գործողություններին, ինչն արդեն տեղի է ունենում: Երկրորդ՝ մենք հիմա շատ ենք մտահոգված Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, նավթային աշտարակների ճակատագրով: Այս օբյեկտների մեջ ներդրվել են միլիարդավոր ամերիկյան դոլարներ, եւ դրանք Իրանի համար նշանակետ են: Միանանք, թե չմիանանք հակաիրանյան կոալիցիային, Իրանը կռմբահարի այդ օբյեկտները: Մենք պետք է հսկենք դրանք, այլապես Ադրբեջանի կրած կորուստները կհասնեն միլիարդավոր դոլարների: Այդ պատճառով մենք պետք է ամրացնենք հակաօդային պաշտպանության մեր համակարգը, դարձյալ ԱՄՆ օգնությամբ:
- Հակաօդային պաշտպանության համակարգի ամրացումը մեկ օր չի տեւի: Նշանակում է' Դուք համարում եք, որ ԱՄՆ-ի հարվածներն Իրանին մոտ ապագայի հարց չեն:
- Դուք ինձ ճիշտ հասկացաք: Հիմա բանակցություններ են ընթանում: Սկզբում խոսքը դիվանագիտական, հետո նաեւ տնտեսական պատժամիջոցների մասին է: Եվ եթե այդ ջանքերը կոնկրետ արդյունք չտան, ապա կլինի ռազմական հարված Իրանին: Այսինքն' երկրի պաշտպանունակության բարձրացման համար դեռ ժամանակ ունենք:
- Բայց հակաօդային եւ ոչ մի ուժ չի փրկի Ադրբեջանն ատոմային ռումբից: Որքա՞ն է իրատեսական ռումբի հայտնվելը:
- Այն դեռեւս չկա: Իրանցիները նոր են հայտարարել, որ անց են կացրել ուրանի հարստացման առաջին փորձը: Բայց առաջին քայլն արդեն արված է: Եվ իրանցիները վստահ խոսում են այն մասին, որ ատոմային ռումբ ունենալու իրավունք ունեն այն պատճառով, որ ատոմային ռումբ ունեն Իսրայելն ու Պակիստանը: Սա սխալ տրամաբանություն է: Պակիստանն ու Իսրայելը ատոմային ռումբ ունեն հակառակ առողջ մտածելակերպի, հակառակ օրենքի: Տարօրինակ պատկեր է ստացվում. այս երկու երկրները հանցագործություն են կատարել, եւ Իրանը փորձում է հիմնավորել նույն հանցագործությունն անելու իր իրավունքը: Անկասկած, մեզ համար ձեռնտու չէ Իրանում ատոմային ռումբի առկայությունը: Եթե այն հայտնվի, ապա այս երկիրը մեր եւ ողջ տարածաշրջանի առջեւ կսկսի մահակի նման թափահարել այդ ռումբը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ դիմել բոլորին, ով վախենում է Իրանում պատերազմի սկսվելուց: Ես էլ եմ վախենում: Մեր անկախության վրա շատ վատ կանդրադառնա Իրանում ատոմային ռումբի հայտնվելը:
- Դուք պնդում եք, որ եթե ոչ հիմա, Իրանում պատերազմը միեւնույն է կսկսվի: Այդ դեպքում ինչո՞ւ է Իրանի նախագահը պատերազմից խուսափելու փոխարեն անում իրավիճակն էլ ավելի բարդացնող հայտարարություններ:
- Իրանի նախագահը (փորձեմ հնարավորինս մեղմ ասել) որոշակիորեն յուրօրինակ մարդ է: Օրինակ' ՄԱԿ-ում ելույթ ունենալուց հետո հայրենիք վերադառնալով' Իրանի ռազմական եւ դիվանագիտական ղեկավարությանն ասաց, որ ՄԱԿ-ում իր ելույթը գամեց բոլոր հավաքվածների ուշադրությունը, դահլիճում մեռելային լռություն էր տիրում, եւ ինքը զգում էր, թե ինչպես է իրենից լույս ճառագում: Հարց է ծագում՝ նա մարդ-լուսարձա՞կ է, թե՞ ալեհավաք: Նման մարդու ձեռքը, ինչպես երեխայի ձեռքը, լուցկի դնել չի կարելի:
- Իրանի դեմ ԱՄՆ գործողությունները տնտեսական ի՞նչ հետեւանքներ կունենան Ադրբեջանի համար:
- Նույնիսկ նախահարվածային վիճակը կանդրադառնա Ադրբեջանի վրա: Եթե չեմ սխալվում, մոլորակի հարավի հետ Ադրբեջանի առեւտրի 30%-ն անցնում է Իրանի տարածքով: Այնտեղ ուղղվող եւ այնտեղից եկող բոլոր բեռները կանգ կառնեն: Այսինքն՝ Ադրբեջանում միանգամից կառաջանա ապրանքների դեֆիցիտ: Կդադարի էլեկտրաէներգիայի մատակարարումը Նախիջեւանին: Բացի այդ, կա նաեւ փախստականների խնդիրը, որոնք իրենց երկրում ռազմական գործողությունների սկսման դեպքում ուղղակի կհեղեղեն Ադրբեջանը: Այսինքն' այսպես, թե այնպես, միեւնույն է' Ադրբեջանը կներքաշվի այս կոնֆլիկտի մեջ, կոնֆլիկտը մեր կողքով չի անցնի, գնա: Ընդ որում' մեր կամքից անկախ: Այդպես է ստացվել, որ մենք ապրում ենք նոր խոշոր կոնֆլիկտի կողքին: Մենք պետք է դա ընդունենք եւ պատրաստվենք:
- Դուք խոսում եք փախստականների հոսքի մասին: Իսկ կարո՞ղ են այդ փախստականներն ուղղվել ոչ թե Ադրբեջան, այլ Հայաստան:
- Նրանք այնտեղ էլ կգնան: Որպես անուղղորդելի մի զանգված' փախստականները կտարածվեն Իրանի ողջ սահմաններով մեկ: Բայց այստեղ պետք է նշել, որ Իրանից փախստականների զանգվածային հոսքը կլինի այս երկրում քաղաքացիական պատերազմ սկսվելու դեպքում: Նույնիսկ Իրանի ռմբահարումը չի հանգեցնի փախստականների զանգվածային արտահոսքի:
Իսկ քաղաքացիական պատերազմն Իրանում չի բացառվում: Այնտեղ կոմունիստները կարող են սկսել հարաբերություններ պարզել կապիտալիստների, շիաները' սունիների հետ: Սա նույնպես մտնում է Իրանը մասնատելու ԱՄՆ ծրագրերի մեջ: Ամերիկացիներն, իհարկե, ուզում են Իրանն ամբողջությամբ ստանալ, նշանակել այս երկրում այնպիսի ղեկավարի, ինչպիսին Պակիստանի նախագահ Մուշարաֆն է: Բայց եթե դրան հասնել չհաջողվի, ապա գործի կդրվի Իրանի մասնատման ծրագիրը:
- Ի՞նչ հետեւանքներ կունենա պատերազմն Իրանում Հայաստանի համար:
- Անկասկած, պատերազմը բացասաբար կանդրադառնա նաեւ այս երկրի կյանքի վրա: Չէ՞ որ Հայաստանը մեծ կախվածություն ունի իրանական ապրանքներից եւ տրանսպորտից: Եթե այս ամենը մի ակնթարթում կանգ առնի, ապա դա մեծ հարված կլինի Հայաստանի անկայուն տնտեսության համար: Թեեւ այս երկիրն ունի ծայրահեղ ծանր տնտեսական պայմաններում գոյատեւելու փորձ: Բացի այդ, Իրանում պատերազմի դեպքում Ռուսաստանն էլ երես չի թեքի Հայաստանից, կօգնի նրան ապրանքներով: Բնականաբար, իր համար օգուտով:
Հարցազրույցը՝ Ռ.Վելիեւի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել