HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի երիտասարդները նախընտրում են սովորել արտերկրում

Հարցազրույց «Բաքվի կրթական տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի նախագահ Բահար Հաջիզադեի հետ

- Ե՞րբ է ստեղծվել Ձեր կենտրոնը եւ ինչպիսի՞ ծրագրեր է իրականացնում:

- 1996 թվականի վերջին Ադրբեջանում սկսեց աշխատել Սորոսի հիմնադրամը, իսկ արդեն 1997 թվականի մայիսի 1-ին, ԱՄՆ դեսպանատան մասնակցությամբ, բացվեց մեր կենտրոնը: Սկզբում կենտրոնի գործառույթը արտասահմանում կրթություն ստանալու մասին տեղեկատվության տրամադրումն էր: Ավելի ուշ մենք սկսեցինք իրականացնել սորոսյան կրթաթոշակային ծրագրեր: Այս պահի դրությամբ մենք ունենք 14 տարբեր մակարդակների կրթաթոշակային ծրագրեր: Եթե առաջ դրանք դպրոցականների եւ բակալավրերի համար էին, ապա այժմ հիմնականում ծրագրեր են մագիստրոսների եւ արդեն մասնագիտություն ունեցող պրոֆեսիոնալների համար:

- Ձեր կենտրոնի միջոցով քանի՞ մարդ է կրթություն ստացել:

- Մոտ 600 հոգի: Բայց կրթության համար մեկնողների թիվն ամեն տարի փոփոխվում է: Այժմ տարվա մեջ մեկնում է 60-80 մարդ, երբեմն նաեւ ավելի:

- Ինչպե՞ս է կատարվում թեկնածուների ընտրությունը:

- Տարբեր ձեւերով: Օրինակ' մագիստրոսական ծրագրերով սկզբում արվում է համապատասխան հայտարարություն, ցանկացողները ստանում են հայտերի ձեւերը, եւ մենք բացատրում ենք նրանց փաստաթղթերը ճիշտ լրացնելու ձեւերը: Բոլոր ներկայացված փաստաթղթերը' կախված ծրագրից, ուղարկվում են այն երկրները, որտեղ պետք է մարդը ստանա իր կրթությունը: Այնտեղից մենք ստանում ենք մրցույթի երկրորդ փուլն անցած անհատների ցուցակները: Իսկ երկրորդ փուլը քննություններն են: Եվ վերջին' երրորդ փուլում անց են կացվում մագիստրոսական ծրագրերով թեկնածուների հարցազրույցներ արտասահմանցի պրոֆեսորների հետ:

- Կրթական կենտրոնի միջոցով ի՞նչ մասնագիտություններ են ստանում սովորողները:

- Սորոսյան ծրագրերում նախապատվությունը տրվում է սոցիալական- հումանիտար գիտություններին: Բայց մենք' որպես տեղեկատվական կենտրոն, տրամադրում ենք տեղեկություններ Ադրբեջանում անցկացվող բոլոր ծրագրերի մասին' Համաշխարհային բանկի, ԱՄՆ Պետքարտուղարության եւ այլ կազմակերպությունների:

- Արտասահմանում կրթություն ստացած մարդիկ գտնո՞ւմ են հետո իրենց տեղը կյանքում, ինչպե՞ս են նրանք տեղավորվում աշխատանքի:

- Անկասկած, սորոսյան ծրագրերով սովորածներն անմիջապես, կամ մի փոքր ավելի անց, աշխատանք գտնում են: Ճիշտ է, երբեմն ոչ մագիստրատուրայի մասնագիտությամբ:

- Ադրբեջանից սորոսյան կրթական ծրագրերով մեկնողները ո՞ր երկրներում են սովորում:

- Դրանք մի քանիսն են՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Բուլղարիա, Ավստրիա, Գերմանիա: Գերմանիայի հետ մենք աշխատում ենք ակադեմիական փոխանակման ծրագրի հետ համատեղ, որը կոչվում է DAAD: Սրանք մագիստրական եւ դոկտորական ծրագրեր են: Բացի այդ, մենք ունենք նաեւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության հետ համատեղ ծրագրեր:

- Որքա՞ն հաճախ են տեղի ունենում այլ երկրների հետ ակադեմիական փոխանակումները:

- Այս հարցում կայունություն չկա: Սովորաբար սորոսյան ծրագրերն անց են կացվում տարին մեկ անգամ, իսկ DAAD-ը՝ երկու տարին մեկ անգամ: Չի կարելի մոռանալ նաեւ, որ մի շարք ծրագրեր պարզապես փակվում են, եւ նրանց փոխարեն մեկնարկում են ուրիշները:

- Ապագայում ի՞նչ ծրագրեր եք մտադիր իրականացնել:

- Բացի արտասահմանում կրթություն ստանալու հնարավորության մասին տեղեկատվությունից եւ սորոսյան ծրագրերից, մենք աշխատում ենք նաեւ մեր կազմակերպության տարածքային կենտրոնների հետ: Դրանք Գյանջայում են, Լենկորանում, Մինգեչաուրում: Մեր գործունեության մյուս ուղղությունը կրթաթոշակային ծրագրերի շրջանավարտների հետ աշխատանքն է: Հատկապես ակտիվ են սոցիալական աշխատանքի մագիստրոսական ծրագրի ԱՄՆ շրջանավարտները: Վերադարձի առաջին օրվանից նրանք ընդգրկվում են մեր աշխատանքներում: Երկար ժամանակ մենք չէինք կարողանում մի տեղում հավաքել սորոսյան ծրագրերի բոլոր շրջանավարտներին: Եվ 2005թ. մարտի 27-ին մենք անցկացրեցինք առաջին կոնֆերանսը: Մասնակցում էին մոտ 60 շրջանավարտներ, նաեւ տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ: Այս միջոցառման նպատակն այն էր, որ սորոսյան ծրագրերի շրջանավարտները որոշեն իրենց գործունեության ուղղությունները եւ կապ հաստատեն երիտասարդության, հատկապես ուսանողների հետ: Կոնֆերանսից հետո մեր շրջանավարտները ստեղծեցին շրջանավարտների եւ ուսանողների ցանց, որը հաջողությամբ գործում է տարբեր ուղղություններով: Մենք նաեւ անգլերենից ադրբեջաներեն ենք թարգմանում կրթական ծրագրերի մասին գրքեր:

- Ձեր կենտրոնն իրականացնո՞ւմ է ծրագրեր Արբեջանի բուհ-երում:

- Շատ կարեւոր եռամյա ծրագիր իրականացվեց 2003-2005թթ., որն ուղղված էր Բաքվի պետական համալսարանում սոցիալական աշխատանքի մագիստրոսական ծրագրի ստեղծմանը: Ծրագրով նախատեսվում էր անցկացնել սեմինարներ եւ ուսուցումներ, ամառային դպրոցներ կազմակերպել ԲՊՀ դասախոսների համար, թարգմանել որոշ գրականություն անգլերենից ադրբեջաներեն ( արդյունքում լույս տեսավ «Սոցիալական աշխատանքի հիմունքներ» ադրբեջաներեն լեզվով առաջին գիրքը ) , կազմակերպել դասախոսների ճամփորդություններ արտասահմանյան երկրների փորձն ուսումնասիրելու համար, մշակել ուսումնական ծրագրեր, ստեղծել ԲՊՀ-ում սոցիալական աշխատանքին վերաբերող գրադարան եւ այլն: Եվ անցյալ տարվա սեպտեմբերին առաջին անգամ հայտարարվեց այս մասնագիտությամբ մագիստրատուրայում սովորելու հնարավորության մասին: Ծրագրում աշխատանքն իրականացվեց վաշինգտոնյան Սենթ-Լյուիս եւ Կոլումբիայի համալսարանների հետ համատեղ, որոնք ԱՄՆ-ում այս մասնագիտության գծով լավագույն համալսարաններն են: Պետք է նշեմ, որ, բացի ԲՊՀ-ի դասախոսներից, ծրագրի աշխատանքներում մենք ներգրավեցինք նաեւ սոցիալական աշխատանքի հետ կապ ունեցող հինգ նախարարությունների, մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների:

- Իսկ ինչո՞ւ է այդ ծրագիրը կազմված մագիստրոսների, այլ ոչ թե բակալավրերի համար:

- Որովհետեւ «սոցիալական աշխատանքը» միջմասնագիտական գործունեություն է: Եվ լավ է, երբ այդ աշխատանքի են գալիս տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ: Նրանք կարող են լինել բժիշկներ, տնտեսագետներ, մանկավարժներ, հոգեբաններ: Վերադառնալով մեր ապագա ծրագրերի մասին հարցին՝ նշեմ, որ մենք նախատեսում ենք կազմակերպել խորհրդատվություն աշխատանքի ճիշտ տեղավորման հարցերով: Մենք սովորեցնելու ենք քաղաքացիներին ճիշտ լրացնել ինքնակենսագրական տվյալները, տիրապետել անհրաժեշտ աշխատանքը փնտրելու ձեւերին: Կա նաեւ մեկ ծրագիր, որը շատ կուզեինք իրականացնել: Այն կոչվում է «Ակադեմիական ազնվություն» եւ անց է կացվելու բուհերի ուսանողների հետ: «Ակադեմիական ազնվություն»-ը սովորեցնելու է ինչպես կաշառք չտալ բուհերում, չարտագրել, գրագողությամբ չզբաղվել եւ այլն: Սկզբի համար այս ծրագրում ուզում ենք ներգրավել երկու բուհեր Բաքվում եւ երկուսը՝ երկրի շրջաններում:

- Ո՞վ է ֆինանսավորում Ձեր ծրագրերը:

- Սկզբից եւեթ մեզ հիմնականում ֆինանսավորում էին Սորոսի հիմնադրամն ու ԱՄՆ Պետքարտուղարությունը: Բացի այդ, մենք դրամաշնորհներ ենք ստանում նաեւ այլ կառույցներից' զբաղվելով անգլերենից ադրբեջաներեն գրքերի թարգմանությամբ եւ այլ ծրագրերով: Եվ, վերջապես, մենք վաստակում ենք գրքերի վաճառքից, անգլերենի եւ մաթեմատիկայի կուրսերի կազմակերպումից, տարին մեկ անգամ հոկտեմբերին կրթական տոնավաճառների կազմակերպումից, ինչպես նաեւ վճարովի դպրոցական ծրագրերից: Ուզում եմ նշել, որ վերջերս մենք ստացանք ( եւ դա առաջին անգամ է Ադրբեջանում ) Ինտերնետ-TOEFL քննություն անցկացնելու վկայական, որն այդքան անհրաժեշտ է մեր ուսանողներին արտասահմանում կրթություն ստանալու համար: Առաջին քննությունը տեղի կունենա մայիսի 20-ին:

Հարցազրույցը՝ Ռ. Վելիեւի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter