HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

ԱՄՆ-ում հայ աշակերտները սովորում են լինել ավելի ազատ ու պատասխանատու

Հարցազրույց «Ամերիկյան խորհուրդներ» (American councils) հայաստանյան գրասենյակի տնօրեն Էլիզաբեթ Լ. Վինշիփի հետ

1996 թվականից սկսած' ԱՄՆ-ում սովորելու հնարավորություն ունեն նաեւ 8-րդ եւ 9-րդ դասարանցի դպրոցականները: 1996-2005թթ. ընթացքում այս ծրագրերի շրջանակներում ԱՄՆ է մեկնել 550 աշակերտ: Աշակերտների փոխանակման ծրագիրը նույնպես մշակում է ԱՄՆ Պետքարտուղարության կրթական եւ մշակութային հարցերի բաժինը: Ամեն տարի 700-1000 դիմողներից միայն 50 հոգուն է տրվում նման հնարավորություն: «Ամերիկյան խորհուրդներ» (American councils) հայաստանյան գրասենյակի տնօրեն Էլիզաբեթ Լ. Վինշիփը մեզ հետ զրույցում հավաստեց, որ դիմողների 70-85 տոկոսն աղջիկներ են, նաեւ' գրեթե աննշան տոկոս է կազմում մարզերում ապրող երեխաների քանակը: Երբեք հաղթողներ չեն եղել Մեղրիից, æերմուկից, Ալավերդուց, Իջեւանից:

- Տիկին Վինշիփ, ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ մարզերից քիչ են դիմում:

- Կարծում եմ, որ համեմատաբար փոքր քաղաքներում եւ հատկապես գյուղերում կա անգլերենի ուսուցման խնդիր: Անգլերենի ցածր մակարդակի պատճառով մրցույթի ժամանակ նրանք չեն կարողանում հաջող հանձնել քննությունները: Աշակերտների մեծամասնությունը չի կարող քննություն հանձնել առանց մասնավոր պարապմունքների: Եվ ես բազմաթիվ խելացի երեխաներ գիտեմ, ովքեր չունեն անգլերեն մասնավոր դասընթացների հնարավորություն, եւ արդյունքում ընտրության ժամանակ նրանց շանսերն այնքան էլ բարձր չեն: Դա ինձ համար տխուր փաստ է, եւ ես չգիտեմ, թե ինչպես կարող եմ օգնել այդպիսի երեխաներին: Գուցե ժամանակի ընթացքում փոխվի վիճակը. օրինակ' անցած տարի առաջին անգամ Տավուշից մի աղջիկ կարողացավ հանձնել քննությունները եւ մեկնել ԱՄՆ: Այս տարի էլ մեկ հոգի Կապանից եւ երկու հոգի Վայքից են գնացել: Սակայն, միայն անգլերենի իմացությունը բավական չէ: Շատ կարեւոր է, որ երեխաները ներքուստ պատրաստ լինեն երկարատեւ ճամփորդությանը, ուրիշ երկրում որոշ չափով ինքնուրույն ապրելուն եւ ավելի պատասխանատու լինելուն: Ինչ վերաբերում է աղջիկների գերակշռությանը, ապա իսկապես չգիտեմ, թե ինչու է այդպես: Ես, իհարկե, կցանկանայի, որ ինչ-որ համաչափություն լիներ:

- Ինչու՞ են կարեւորվում նման ծրագրերը, ի՞նչ նոր բան կարող են սովորել երկու տարբեր մշակույթներ կրող երեխաները:

- Սա, իսկապես, նախեւառաջ մշակութային գիտելիքների փոխանակում է, բավական հետաքրքիր երկու կողմերի համար էլ: Շատ հաճախ ամերիկացի երեխաները հայ երեխաների հետ շփումների ժամանակ զարմանում են' իմանալով, որ քարտեզի վրա կա Հայաստան անունով պետություն, որ այնտեղ լինում են ջրի կամ վերելակի հետ կապված խնդիրներ: ԱՄՆ-ում հիմա էլ կան մարդիկ եւ երեխաներ, ովքեր կարծում են, թե բոլորն աշխարհում ապրում են այնպես, ինչպես իրենք' ամերիկացիները: Ես շատ եմ գնահատում ուսուցումը հատկապես այս ճանապարհով: Հայ երեխաների համար, կարծում եմ, օգտակար է որոշ չափով ինքնուրույնության սովորելը: Սովորաբար, Հայաստանում երեխաներին վերաբերվող նույնիսկ ամենաչնչին խնդիրները լուծում են ծնողները: Իսկ այնտեղ աշակերտները սովորում են լինել ավելի ազատ ու պատասխանատու: Իհարկե, տարբերություն կա նաեւ ուսուցման ոճի մեջ: ԱՄՆ-ում երեխաներին երբեք անգիր անել չեն հանձնարարում: Ավելի նախընտրելի է, որ երեխան կարողանա ոչ թե գրքի բառերով ներկայացնել նյութը, այլ փորձի շարադրել իր մտքերն ու դատողությունները, կարողանա վերլուծել եւ հասկանալ հանձնարարությունը:

- Ինչպե՞ս են երեխաները ընտրվում եւ որտե՞ղ են բնակվում ԱՄՆ-ում:

- Ընտրում ենք հայցադիմումների հիման վրա ամեն սեպտեմբերին, երեք փուլով: Առաջին փուլում տրվում է 16 հարց, որոնց պետք է պատասխանեն 15 րոպեների ընթացքում: Անցած տարի 800 դիմորդներից միայն 250-ն անցավ երկրորդ փուլ: Երկրորդ փուլում գրավոր քննությամբ ստուգում ենք անգլերենի իմացությունը: Ընտրությունը Հայաստանում չի կատարվում, բոլոր քննությունների արդյունքները մենք ուղարկում ենք ԱՄՆ, այնտեղ անկախ հանձնաժողովը, եւս մեկ անգամ վերանայելով դիմումները, ընտրում է վերջնական հաղթողներին: Ապրիլին մենք արդեն ունենում ենք մեկնողների ցուցակը:

Մինչեւ սեպտեմբերի 11-ի դեպքն առաջին փուլում մենք միշտ 1000-ից ավելի դիմողներ ենք ունեցել, բայց դրանից հետո ցանկացողների քանակը նվազեց, քանի որ ծնողները վախենում էին թողնել իրենց երեխաներին: Վերջին տարիներին ավելացել են նաեւ ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ ուրիշ երկրներում սովորելու հրավերքները: Այս տարի կար մի աղջիկ, որն անցել էր մեր մրցույթը, բայց հրաժարվեց, քանի որ նրան հրավիրել էին կրթությունը շարունակել Բանգկոկում: Այսօր կա ուսման տեղի բավական մեծ ընտրություն: ԱՄՆ-ում երեխաներին անվճար հյուընկալում են ամերիկյան ընտանիքները, նրանք պարտավորվում են կերակրել երեխային եւ պատասխանատու են նրա համար: Աշակերտներն ամսեկան ստանում են 120-130 ԱՄՆ դոլար տարբեր կենցաղային իրեր գնելու, կինո կամ սրճարան այցելելու համար: Եթե անհրաժեշտություն կա դասերի համար գնել սպորտային համազգեստ կամ գրենական պիտույքներ, նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի մեկ անգամ ստանալ 300 ԱՄՆ դոլար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter