
Սանահինի վանքի գավիթում դրված խցիկը հանվել է. քահանան հաստատում է
Փետրվարի 19-ին Սանահինի վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գավիթում դրված խցիկը հանվել է: Լուրը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատել է Սանահինի հոգևոր հովիվ տեր Նահապետ քահանան: Նա նշեց, որ ոչ մի ապամոնտաժում չի եղել, որովհետև խցիկը պարզապես դրված է եղել գավիթում, և անձամբ ինքն է երկու հոգու հետ տեղափոխել այն: Երբ հետաքրքրվեցինք, թե որն է եղել խցիկը գավիթից հանելու պատճառը, տեր Նահապետը պատասխանեց, թե արդյոք արժե խցիկի պատճառով այդքան մարդու ատելի դառնալ:
Փետրվարի 16-ին գրել էինք, որ Սանահինի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գավիթում խցիկ է տեղադրվել: Տեր Նահապետը մեզ հետ հեռախոսազրույցում պարզաբանել էր, որ խցիկը ժամանակավորապես է տեղադրվել, որպեսզի ապաստարան ծառայի մոմավաճառի և քահանայի համար, քանի որ եկեղեցու բակում գտնվող մոմավաճառի խցիկի տանիքը կաթում է և քամուց էլ պաշտպանված չէ: Նա նաև հավաստիացրել էր, որ խցիկը հանվելու է, երբ բակում քարաշեն հովվատուն կառուցվի:
Հիշեցնենք, որ Սանահինի վանական համալիրը կառուցվել է 10-12-րդ դարերում: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին համալիրի ամենամեծ շինությունն է, կառուցվել է 966 թ.: Սանահինի և Հաղպատի վանքերը՝ իբրև մեկ միավոր, ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Հայաստանի հուշարձաններից այդ ցանկում են նաև Զվարթնոցի տաճարը, Էջմիածնի Մայր տաճարն ու Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիները (որպես մեկ միավոր), ինչպես նաև Գեղարդի վանքն ու Ազատ գետի կիրճը (մեկ միավոր):
Լուսանկարը՝ «Ֆեյսբուքից»
Մեկնաբանել