HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադրբեջանում ամենից շատ խախտվում են արեւմտյան ընկերություններում աշխատողների իրավունքները»

Հարցազրույց Նավթարդյունաբերողների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միրվարի Ղահրամանլիի հետ

- Որքանո՞վ է զարգացած արհմիութենական շարժումն Ադրբեջանում:

- Չնայած Ադրբեջանում կա Արհմիությունների կոնֆեդերացիա, բայց այն, ըստ էության, ձեւական միավորում է: Աշխատանքային օրենսդրության' տարբեր կառույցների կողմից կատարվող խախտումների մեծ մասին այս միավորումը ոչ մի վերաբերմունք չի ցուցաբերել: Ավելին' շատ դեպքերում այս կառույցն ինքն է վերածվել տարբեր ձեռնարկություններում բանվորների եւ ծառայողների նկատմամբ ճնշումների գործադրման միջոցի: Ես կարծում եմ, որ սա ոչ միայն Ադրբեջանի, այլեւ հարավկովկասյան բոլոր պետությունների խնդիրն է:

- Ո՞ր կառույցներում են ամենից շատ խախտվում աշխատավորների իրավունքները:

- Որքան էլ տարօրինակ է, բայց ամենից շատ աշխատավորների իրավունքները խախտվում են արտասահմանյան ընկերություններում: «Բրիտիշ պետրոլիում» ընկերությունը ( ԲՊ), որպես Ադրբեջանում բոլոր նավթային ծրագրերի օպերատոր, շատ քաղաքացիների է ներգրավել կապալային աշխատանքների համար: Սակայն այս ընկերությունը խախտում է նրանց իրավունքները: Ավելին' ԲՊ-ի վերահսկողությունից դուրս մնացած եւ կապալային աշխատանքներ կատարող ընկերությունները խախտում են տեղական աշխատանքային օրենսդրությունը: Մասնավորապես, նրանք կնքում են ադրբեջանական օրենսդրության պահանջներին չհամապատասխանող անհատական աշխատանքային պայմանագրեր: Այդ ընկերությունները աշխատանքի են ընդունում արտասահմանցի քաղաքացիներին, այն դեպքում, երբ նրանց զբաղեցրած պաշտոններին կարող են լիովին հավակնել Ադրբեջանի քաղաքացիները: Բացի այդ, նույնիսկ աշխատանքից ազատելու գործընթացը կապալառուներն իրականացնում են առանց հաշվի առնելու մեր օրենսդրության պահանջները: ԲՊ ընկերության ղեկավարությանը մեր բազմաթիվ դիմումներն անպատասխան են մնում: Այդ պատճառով այս ամենը անցած տարեվերջին հանգեցրեց բանվորների գործադուլների: Տնտեսական նորմալ պայմաններում արտասահմանյան ընկերությունները դժվար թե կարողանային թույլ տալ իրենց թանկարժեք բանվորական ուժ երրորդ երկրներից հրավիրելու ճոխությունն այն դեպքում, երբ տեղական շուկայում վարձու աշխատուժի գինը 6-10 անգամ ավելի ցածր է: Բայց Ադրբեջանում այլ իրողություններ են: 90-ականների կեսերին, երբ Ադրբեջանն ապրում էր իր ետխորհրդային պատմության ամենադժվար ժամանակաշրջանը, արտասահմանյան ընկերությունների մուտքը երկիր ընկալվում էր որպես միակ փրկություն: Այդ պատճառով պայմանագրերի կնքման ժամանակ արտասահմանցիները հասան հարկային եւ մաքսային ոլորտներում աներեւակայելի արտոնությունների: Սակայն, թերեւս, արտասահմանյան նավթային ընկերությունների գլխավոր առավելությունը դարձան պայմանագրերի ծախսային մասի գրեթե չվերահսկվող մեքենայությունները: Այս մասին դրույթն ամրագրված է արեւմտյան ընկերությունների եւ Ադրբեջանի կառավարության միջեւ կնքված պայմանագրում, որի համաձայն ընկերությունների ծախսերը հատուցվում են արդյունահանվող նավթով:

- Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ընկերություններում անկախ արհմիություններ ստեղծելու համար:

- Վերջին մի քանի ամիսների ընթացքում սկսեցին ձեռնարկվել առաջին քայլերը Ադրբեջանում արտասահմանյան ընկերություններում զբաղված տեղացի աշխատավորների արհմիությունների ստեղծման ուղղությամբ: Նման արհմիություններ ձեւավորվել են արդեն 4 ընկերություններում: Սակայն սա բավարար չէ, անհրաժեշտ է մեր աշխատավորների իրավունքների պաշտպանություն պետության կողմից: Արտասահմանյան նավթային ընկերությունների ադրբեջանցի բանվորներն ու ծառայողները անհամեմատ ավելի վատ վիճակում են, քան նրանց գործընկերներն այլ երկրներից: Ադրբեջանական նավթարդյունաբերողների իրավունքների ոտնահարումներն այսօր չեն սկսվել, սա տեղի է ունենում բավական երկար տարիներ: Մեր կոմիտեն բազմիցս է բարձրացրել այս հարցը, սակայն ԲՊ-ում բանվորների բողոքների քննության մեխանիզմը չի գործում, ինչը ընկերության ղեկավարությանը թույլ է տալիս շահագործել ադրբեջանական բանվորներին, չկատարել պարտավորությունները մեր պետության եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների հանդեպ:

Այսօր վտանգ կա, որ արեւմտյան ընկերությունների ղեկավարությունը կցանկանա աշխատանքից հեռացնել այն բանվորներին եւ ծառայողներին, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար: Իրադարձությունների նման զարգացման առաջին ազդանշաններն արդեն հասնում են մեզ, եւ հասարակությունը պետք է պաշտպանի նրանց, ով արդարություն է փնտրում: Իմ կարծիքով' մեր նավթարդյունաբերողների շահերը պետք է պաշտպանի նախեւառաջ պետությունը եւ ադրբեջանական օրենսդրությունը, դատարանները:

- Խախտվո՞ւմ են, արդյոք, այլազգի աշխատավորների իրավունքներն Ադրբեջանում:

- Գիտեք, մեր դիտարկումներով' ամենից շատ խախտվում են հենց ազգությամբ ադրբեջանցի աշխատավորների իրավունքները: Ադրբեջանում երբեք չեն խախտվել այլ ազգերի իրավունքները, սակայն միշտ եղել է օրենքներին հետեւելու, օրինականության պահպանման խնդիրը: Որքան էլ տարօրինակ է, բայց մեր իշխանություններն ավելի օպերատիվ արձագանքում են այլ ազգության աշխատավորների իրավունքների խախտումների մասին դիմումներին, քան ադրբեջանցիների բողոքներին: Այսօր արեւմտյան ընկերություններում արտասահմանցի մոնտաժորդը ստանում է ամիսը 5-6 հազար դոլար, այն դեպքում, երբ այդ նույն աշխատանքի համար ադրբեջանցիներին վճարում են 500-600 դոլար: Հնդկաստանցի վերամբարձորդները ստանում են 2800 դոլար, իսկ մերոնք' 250-300: Ինչպե՞ս կարելի է չբողոքել նման անարդարության դեմ: Բացի այդ, հնդիկներին, պակիստանցիներին եւ արտասահմանցի այլ աշխատավորներին ամեն ամիս աշխատավարձին զուգահեռ տրվում է 800 դոլար բնակարանի վարձակալման եւ 500 դոլար սննդի համար: Ադրբեջանում ահա այսպիսի արտոնություններ ունեն այլ երկրների քաղաքացիները, ովքեր աշխատում են արեւմտյան ընկերություններում: Մինչդեռ մեր մասնագետների իրավունքները ոտնահարվում են անընդհատ: Սակայն դրա համար միայն արտասահմանյան ընկերություններին մեղադրելը արդարացի չէր լինի: Այս ամենի համար մեծ մեղք ունեն մեր իշխանությունները: Կառավարությունը գիտակցաբար էր ձգտում այն բանին, որպեսզի արտասահմանյան ընկերության տեղացի աշխատավորին նույն աշխատանքի դիմաց ավելի շատ չվճարվի, քան նա կարող էր ստանալ նավթային պետական ընկերությունում:

Չնայած, որ այսօր երկրում բարձրացել է աշխատավարձերի մակարդակը, արեւմտյան ընկերությունները չեն վերանայել մեր աշխատավորների վարձատրման ցանկերը: Մեր ժամանակներում դժվար է գտնել մի երկիր, որտեղ տեղացի մասնագետը նույն աշխատանքի դիմաց եկվորից տասն անգամ ավելի քիչ է ստանում:

Հարկ է նշել նաեւ ադրբեջանցի գործարարների կողմից արվող աշխատանքային օրենսդրության, աշխատավորների իրավունքների խախտումները: Կան ձեռնարկություններ, որտեղ կանայք աշխատում են 12-15 ժամ: Հաճախ մասնավոր ձեռնարկություններում իրենց աշխատակիցների հետ նույնիսկ աշխատանքային պայմանագրեր չեն կնքում: Դրա արդյունքում կորուստներ են ունենում եւ՛ իրենք' աշխատավորները, եւ՛ պետությունը:

- Ձեզ բավարարո՞ւմ է աշխատանքային իրավունքի մասին տեղական օրենսդրությունը:

- Ոչ: Մեր կոմիտեն արդեն դիմել է երկրի խորհրդարան' աշխատանքային օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելու համար: Այս փոփոխությունների էությունը քաղաքացիների աշխատանքային իրավունքի բարելավումն է, աշխատանքային կոլեկտիվներում արհմիությունների դերի բարձրացումը: Ես պետք է նշեմ, որ նախկինում աշխատանքային օրենսդրության համաձայն' արհմիությունների լիազորություններն ավելի լայն էին, քան այսօր: Այդ պատճառով մենք առաջարկում ենք, որպեսզի խորհրդարանը նորից վերանայի այս օրենսդրությունը եւ ընդլայնի արհմիությունների գործառույթները:

- Դուք ունե՞ք տվյալներ այն մասին, թե որ հատվածներում են ավելի շատ զբաղված մարդիկ:

- Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում պետական ձեռնարկությունները հիմնականում չեն աշխատում, մարդիկ ավելի շատ ներգրավված են մասնավոր սեկտորում:

- Ադրբեջանում գործազրկության խնդիրը բավական հրատապ է: Կուզեի իմանալ Ձեր կարծիքն այս մասին:

- Ես կասեի, որ Ադրբեջանում այս խնդիրը գլխավորներից մեկն է: Շատերն էին կարծում, որ խնդիրը կլուծվի նավթային պայմանագրերը կնքելուց հետո, սակայն դա տեղի չունեցավ: Բաքու-æեյհան նավթատարի շահագործումից հետո նավթի վաճառքի արդյունքում երկիր կսկսեն հոսել մեծ փողեր: Կարեւոր է, որ կառավարությունն այդ փողերն օգտագործի տնտեսության ոչ նավթային հատվածի զարգացման համար: Նախագահ Իլհամ Ալիեւն արդեն այս ուղղությամբ մի շարք հրահանգներ է տվել: Գործազրկության խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ ղարաբաղյան հակամարտության արդյունքում մենք փախստականներ եւ ներքին տեղահանվածներ ունենք, որոնք կազմում են երկրի բնակչության 10%-ը: Սա հսկա թիվ է: Եվ, իհարկե, քաղաքացիների այս խումբը նույնպես համալրում է գործազուրկների ցուցակը: Ես կարծում եմ, որ այս խնդիրը պետք է լուծել, քանի որ այն արդեն ոչ թե սոցիալական, այլ ազգային խնդիր է:

- Կա՞ն, արդյոք, խախտված աշխատանքային իրավունքների մասին քաղաքացիների դիմումներով դատավարությունների դեպքեր:

- Ինչպես եւ ԱՊՀ բոլոր երկրներում, Ադրբեջանում չկան անկախ դատարաններ: Բայց, չնայած սրան, կան դեպքեր, երբ աշխատավորները կարողացել են պաշտպանել իրենց իրավունքները դատական ատյաններում: Սա առաջին հերթին տեղի է ունենում ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքի արդյունքում: Վերջին երեք ամիսների ընթացքում 5 դատավարություններից 3-ը մենք շահել ենք, երկու գործեր էլ քննության փուլում են:

Հարցազրույցը' Ռաֆայել Վելիեւի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter