Շերի տոհմածառի զավեշտական ընձյուղումները
Ամեն բան սկսվեց այն պահից, երբ 90-ականների սկզբին Հայաստան այցելած երգչուհուն ընդունեց անձամբ երկրի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով պատմեց նրան հարազատ Մուսա լեռան մասին: Կարծես ի պատասխան` այս անգամ իբրեւ Շերիլին Սարգսյան, երգչուհին բարձրաձայնեց հայրենի ակունքները ճանաչելու փափագի մասին: Հետագայում միայն, դատելով երգչուհու վարքագծից, կարելի էր եզրակացնել, թե որքանով էր անկեղծ այդ ցանկությունը (ինչպես հայտնի է, Շերն իր հարազատ հորը` Ջոն Սարգսյանին, տեսել է միայն 11 տարեկան հասակում. նրա ծնողներն ամուսնալուծված են եղել):
Սկսվեց մի «շարժում», որը կարելի է բնորոշել իբրեւ Շերի «ազգականների» գրոհ: Ամեն պարագայում, վարկածներն առկա են եւ առատ, ուստի ստորեւ ներկայացնում ենք դրանցից հերթականը, գուցե նաեւ` հավաստին. ժամանակը ցույց կտա:
Վարկած առաջին
Շերի հոր ծագման մասին առաջին վարկածի վերաբերյալ հոդված է տպագրել «168 ժամ» թերթը այս տարվա փետրվարի 6-ին (Տես հոդվածը` Շերի հայրը Սուխոյ Ֆանտան գյուղի՞ց էր):
Ըստ հոդվածի` երեւանցի Վարազդատ Սարգսյանը պարզել է, որ ինքը Շերի հարազատ եղբայրն է: Ըստ Վ. Սարգսյանի` Ջոն Սարգսյանը մինչ Ամերիկա մեկնելն ապրել է Աբովյանի մերձակայքում գտնվող Ֆանտան գյուղում, ունեցել է ընտանիք եւ երեխաներ, հետո 40-ական թվականներին պատերազմ է մեկնել եւ անհետ կորել է: Վ. Սարգսյանը համոզված է, որ Ջոն Սարգսյանն իր հայր Թաղիանոս Սարգսյանն է:
![]() |
| ձախից` Թաղիանոս Սարգսյան, քույրը, Վարազդատ Սարգսյան |
Համընդհանուր մի միտումով կարծես հաստատվում է վարկածը, թե Ջոն Սարգսյանը ծնվել եւ մինչեւ 17-18 տարեկանը բնակվել է Հայաստանում: Միայն որտե՞ղ կոնկրետ` Աբովյանու՞մ, Ապարանու՞մ, թե՞ Նոյեմբերյանում. երեքը պնդողներն էլ կան: Վարկածի «մեխն» այն է, թե æոն Սարգսյանը Հայաստանից մեկնել է Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու, որից հետո տեղափոխվել է ԱՄՆ: Այստեղից էլ մամուլում հայտնվող` զինվորական համազգեստով Ջոն Սարգսյանի լուսանկարները:
Վարկած երկրորդ
Ապարանցի Մանվել Սարգսյանը 2001թ.-ին մի օր հեռուստատեսությամբ առաջին անգամ դիտում է Շերի ելույթը եւ բացականչում. «Էս մեր Ռուզանը երգչուհի է դարձե՞լ»: Ռուզանը Շերի ենթադրյալ հորեղբոր թոռնուհին է: Սարսափելի նմանությունը եւ ազգանունների համընկնումն էլ հենց առիթ են տալիս Մանվել Սարգսյանին «անդամագրվել» Շերին փնտրողների «բանակին»:
Անմիջապես հիշում է, որ պատերազմ մեկնած եւ չվերադարձած իր վեց հորեղբայրներից մեկից` Կարապետ Սարգսյանից այդպես էլ «մահվան թուղթ» չի եկել: Հետագայում Մ. Սարգսյանի փնտրտուքները չեն հայտնաբերում Կարապետ Սարգսյանի «մահվան թուղթ»-ը ամենատարբեր արխիվներում: Փաստորեն,
Կարապետ Սարգսյանը համարվում է անհայտ կորած:
![]() |
| (Կարապետ Սարգսյան քույրը` Մարգարիտ Սարգսյան) |
Ըստ Մանվել Սարգսյանի վարկածի` Շերի հայրը` Կարապետ Սարգսյանը, Ապարանի Շաշլու ( այժմ` Նորաշեն ) գյուղից էր:
Այս ամենը հաստատող միայն մեկ անձ է այժմ ողջ` Կարապետ Սարգսյանի եղբոր` Անուշավանի կինը` 87-ամյա Հեղինե տատը, որը ներկայումս բնակվում է Կոտայքի մարզի Արա գյուղում: Չնայած տարիների վաղեմությանը` նա լուսանկարներում անմիջապես ճանաչեց տեգորը` Կարապետին, եւ տալին` Մարգարիտին: Ըստ Հեղինե տատի` պատերազմ մեկնելուց հետո Կարապետ Սարգսյանից ոչ մի լուր չի եկել, այդ թվում` «մահվան թուղթ»:
Մեկ հետաքրքիր մանրամասն, որը փաստում է նաեւ Հեղինե տատը. Կարապետի մյուս եղբորը` Հովսեփին, ռուսները գնդակահարում են դասալքության փորձի համար: Այստեղից էլ Շերի առայժմ չհաստատված զարմիկ Մանվել Սարգսյանի ենթադրությունը, թե եղբոր սպանությունը տեսնելով` Կարապետը եւս դասալիք է դարձել եւ Եվրոպայով անցել ԱՄՆ: Սրանով է բացատրում Մ. Սարգսյանն այն իրողությունը, որ հորեղբայրը խուսափել է իր մասին երբեւէ իրազեկել հարազատներին. բոլորիս է հայտնի` ինչպես էին վարվում ԽՍՀՄ իշխանությունները դասալիքների ընտանիքների եւ անգամ գերդաստանների հետ:
Ի՞նչ է ուզում Մանվել Սարգսյանը Շերից
«Ոչինչ»,-վստահեցնում է Մ. Սարգսյանը: Միայն ենթադրյալ հորեղբոր աճյունը տեղափոխել Հայաստան եւ վերաթաղել ընտանեկան գերեզմանում. հորը խոստում է տվել: Նաեւ` փափագում է հանդիպել Շերի մորը եւ տատին, ով, ըստ Մանվել Սարգսյանի, վստահաբար կօգնի հաստատելու կամ հերքելու սույն վարկածը: Մանվել Սարգսյանն առաջարկում է եւ պատրաստ է գենետիկական անալիզ հանձնել: Միայն թե անհայտ է` պատրա՞ստ է նույնն անել Շերիլին Սարգսյանը: Համենայնդեպս, 2004թ.-ին, երբ Շերը հյուրախաղերով ժամանել էր Մոսկվա, եւ ուր, հատուկ նրան հանդիպելու նպատակով մեկնել էր նաեւ Մ. Սարգսյանը, երգչուհին, մեղմ ասած, ընդառաջ չի գնացել «զարմիկի» զեղումներին եւ անգամ հայացք չի նետել իրեն պարզված` գուցեեւ հարազատ հոր լուսանկարին:
Նանե Մկրտչյան
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել