HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հարկավոր է պայմանավորվել բարի կամքի հիման վրա եւ ողջ հասարակության հետ միասին»

Հարցազրույց ադրբեջանցի քաղաքագետ Լեյլա Ալիեւայի հետ

- Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների' Ռամբույեում տեղի ունեցած բանակցությունները:

- Ինչպես հասկացա, նրանք ոչինչ էլ չեն պայմանավորվել: Նրանք միայն պայմանավորվել են շարունակել երկխոսությունը: Իսկ այդ երկխոսությունը կարելի է անվերջ շարունակել: Եթե միայն ոչ ոք նրանց վրա ուժեղ ճնշում չգործադրի:

- Ո՞վ կարող է նրանց վրա ճնշում գործադրել:

- Համանախագահները եւ որոշ մեծ տերություններ:

- Ինչպե՞ս եք գնահատում միջազգային միջնորդների դերն այդ հակամարտության մեջ:

- Կարծում եմ՝ հարցն արդեն ինչ-որ առանձին երկրի դերի մասին չէ: Ժամանակին Ռուսաստանն, ընդհակառակը, չէր ցանկանում այդ հակամարտության լուծումը: Այդ առումով մեզ թվում էր, թե արեւմտյան երկրներն առավել շահագրգռված են այս հարցի լուծմամբ: Սակայն պարզվեց, որ նրանք էլ առանձնապես չէին տոչորվում հարցը լուծելու ցանկությամբ: Այս խնդրի լուծման «ստատուս-քվո»-ն որեւէ ձեւով չխանգարեց այդ երկրներին կյանքի կոչելու իրենց տնտեսական ու ռազմավարական ծրագրերը տարածաշրջանում: Սակայն, դատելով գործընթացի ինտենսիվացումից, իրավիճակը սկսել է փոխվել:

- Հնարավո՞ր է, արդյոք, այս հակամարտության լուծումը մոտ ապագայում:

- Քանի որ մեր առաջնորդներն այս խնդիրը հետաձգելու վարպետներ են, ապա ես դժվարանում եմ պատասխանել ձեր հարցին: Բացի այդ, երկու առաջնորդներն էլ թույլ մանդատ ունեն, իսկ ղարաբաղյան հակամարտությունը մեր երկրների համար լուրջ հարց է: Այնպես որ, ցանկացած զիջում, որ կողմից էլ որ այն լինի, կարող է սասանել նրանց իշխանության հենարանները: Բանակցային գործընթացում անմիջականորեն ներգրավված երկու երկրների քաղաքական առաջնորդների համար էլ Ղարաբաղի գործոնը կարող է որոշիչ դառնալ, եւ խոսքը ոչ միայն սեփական քաղաքական կշիռը կորցնելու մասին է: Այս ամենը հաշվի առնելով՝ չեմ կարծում, որ այս տարի Ղարաբաղի շուրջ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի: Մյուս կողմից՝ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները եւ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն ամենեւին էլ հարթ չընթացան: Ընտրությունների ու հանրաքվեի այս անկատարությունը կարող է միջնորդների կողմից օգտագործվել որպես երկու նախագահների վրա ճնշման միջոց: Սրա հետ մեկտեղ երկու նախագահներն էլ աշխարհում հայտնի են նրանով, որ կարող են վերահսկել իրենց հասարակությունները, ինչն ապացուցեցին ընտրությունների ու հանրաքվեի ընթացքում: Դրանով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն ապացուցեցին համաշխարհային հանրությանը, որ նրանց կարելի է վստահել հակամարտության ցանկացած լուծում, եւ նրանք ունակ են այն կյանքի կոչելու:

- Ընդունելի՞ է, արդյոք, Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի հարցը:

- Ես ստույգ տեղեկություն չունեմ, թե կոնկրետ ինչին են համաձայն մեր իշխանությունները: Եվ չեմ կարծում, թե նրանք արդեն համաձայնել են հանրաքվեի անցկացմանը: Բանն այն է, որ եթե խոսքը Ղարաբաղում «անջատման»՝ միայն ինքնավարության տարածքում հանրաքվեի մասին է, ապա դա չի համապատասխանում Ադրբեջանի Հանրապետության ( ի դեպ, նաեւ այլ եվրոպական պետությունների ) Սահմանադրությանը: Ելնելով Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցից՝ տվյալ դեպքում, սակայն, Ադրբեջանին առաջարկվում է երկու տարբերակ՝ համապատասխան փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ, որոնք հնարավորություն կտան հանրաքվե անցկացնել առանձին ինքնավարությունում: Կամ էլ հանրաքվեի անցկացումը հանձնել միջազգային կազմակերպության իրավասությանը: Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության մեջ նման փոփոխության ընդունումը կարող է նպաստել մեր երկրում, ինչպես եւ անցումային տնտեսություն ունեցող ցանկացած այլ թույլ երկրում, կենտրոնախույզ ուժերի զարգացմանը: Այս խնդրի մյուս կողմը որոշումն է, թե ո՞վ է մասնակցելու այդ հանրաքվեին: Հասկանալի է, որ մեր փախստականները փոքրամասնություն կկազմեն: Այսինքն՝ հայերը, միեւնույն է, առավելություն կունենան, եւ պարզ է, թե հանրաքվեի արդյունքներն ինչի կհանգեցնեն:

Հանրաքվեի հետ կապված եւս մեկ լուրջ խնդիր. ի՞նչ հարցեր են առաջադրվելու: Բանն այն է, որ հայկական կողմը պնդում է հանրաքվեի դնել միայն երեք հարց՝ ցանկանու՞մ եք ապրել Ադրբեջանում, միավորվել Հայաստանի հետ, թե՞ լինել անկախ: Սակայն հարցերի տարբերակների սահմանափակության պատճառով շատ մեծ հավանականություն կա, որ Ղարաբաղի հայ բնակիչները կքվեարկեն երկու տարբերակներից մեկի՝ անկախության կամ Հայաստանին միացման օգտին: Եթե հանրաքվեի շրջանակներում խոսք լիներ Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավարության տարբեր աստիճանների մասին, ապա նման հանրաքվեն ընդունելի կլիներ Ադրբեջանի համար:

- Այն լուրերի հետ մեկտեղ, թե Ադրբեջանի իշխանություններն արդեն համաձայնվել են հանրաքվե անցկացնել Ղարաբաղում, հասարակության մեջ համառորեն խոսակցություններ են պտտվում, թե հայերը համաձայնվել են հակամարտության փուլային կարգավորմանը: Որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը:

- Կրկին տեղեկատվության սահմանափակության պատճառով կարելի է միայն ենթադրել, որ համանախագահները հայկական կողմի զիջում են համարում հակամարտության փաթեթային կարգավորումից հրաժարումը եւ համաձայնությունը՝ հետաձգել կարգավիճակի քննարկումը (չնայած՝ հանրաքվեով առաջարկվող հարցերի ձեւակերպումների մեջ արդեն ինքնաբերաբար դրվում է կարգավիճակի հարցը): Մեզ են վերադարձնում գրավված տարածքները, այնտեղ են վերադարձնում մեր փախստականներին եւ տեղակայում են խաղաղապահ ուժեր: Մեր կողմից որպես փոխզիջում ակնհայտորեն ակնկալում են Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու համաձայնությունը: Սակայն բարդ է ինչ-որ բան վստահորեն ասելը:

- Հիմա շատ են խոսում հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին: Ձեր կարծիքն այս առնչությամբ:

- Ներկայումս ավելի շուտ բանակցում են այն հարցով, թե ով է ներկայացնելու այդ խաղաղապահներին: Եւ, դատելով ԶԼՄ-ում տարածված տեղեկատվությունից, տարբերակներից մեկն այն է, որ դրանք պետք է լինեն զուտ եվրոպական զորքեր՝ առանց թուրքական եւ ռուսական ուժերի: Բայց նման հարցերում միշտ կա երկընտրանք. չներգրավված կամ տարածաշրջանում շահ չունեցող երկրները, ինչպես, օրինակ, սկանդինավյան երկրները, պետք է դեռ համոզեն իրենց երկրների խորհրդարաններին, թե հանուն ինչի՞ են վտանգավոր գոտիներ ուղարկվում իրենց քաղաքացիները:

- Որքանո՞վ է հավանական ռազմական գործողությունների վերսկսումը:

- Գերտերություններն առաջին հերթին շահագրգռված են տվյալ տարածաշրջանի կայունությամբ, Մերձավոր Արեւելքից եկող վտանգների առաջ բուֆերի դեր խաղալու նրա ընդունակությամբ: Ռազմական գործողությունների վերսկսումն այս տարածաշրջանում նշանակում է թեեւ փխրուն, բայց կայունության խախտում: Այդ պատճառով ռազմական գործողությունների վերսկսումն ինձ քիչ հավանական է թվում: Այնուհանդերձ, երկարաժամկետ հեռանկարում ես լիովին չէի բացառի նման հնարավորությունը: Բանն այն է, որ ռազմական ճնշման միջոցով հարցը լուծելու փորձերով Հայաստանն ինքն իր համար երկարաժամկետ խնդիրներ է ստեղծում անվտանգության բնագավառում: Դրա փոխարեն հարկավոր էր դուրս բերել զորքերը եւ բարի կամքի հիման վրա փնտրել փոխադարձ ընդունելի լուծում, ընդ որում՝ հասարակության բոլոր մակարդակներում: Այդ դեպքում անվտանգության հարցերն ընդհանրապես դրված չէին լինի:

- Որքան հայտնի է արեւմտյան ԶԼՄ-ի հաղորդագրություններից, ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանին հարված հասցնել Ադրբեջանի տարածքից: Ինչպե՞ս կարող է այդ հեռանկարն ազդել ղարաբաղյան հակամարտության լուծման վրա:

- Քանի որ ստույգ տեղեկություններ չունեմ, դժվար է պատասխանել այդ հարցին:

Հարցազրույցը՝ Ռ. Վելիեւի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter