
Եղեգնուտի դպրոցից խորհրդային տարիների շունչը դուրս չի գալիս
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի միջնակարգ դպրոցում չեն հիշում, թե վերջին անգամ երբ է շենքը կապիտալ վերանորոգվել: Հրատապ են դպրոցի շենքի ներքին հարդարումն ու պատուհանների փոխարինումը: Դպրոցի մուտքից արդեն տեսանելի է՝ պատուհանների մի մասը նոր է, մյուսը՝ խորհրդային տարիներից մնացած:
Երկհարկանի դպրոցում վերջին անգամ խոշոր շինարարական աշխատանքներ կատարվել են 2003-ին: Փոխվել են տանիքը, դռները: Դրանից փոխվել է պատուհանների մի մասը: Թե´ մանկավարժները, թե´ տնօրենը փաստում են, որ պետական միջամտություն է անհրաժեշտ, քանի որ խոսքը միլիոնավոր դրամների մասին է, և դպրոցն իր ուժերով ի վիճակի չէ լուծել այդ հարցը:
Դպրոցում սովորում է 296 աշակերտ, թեեւ այն նախատեսված է 450 աշակերտի համար:
Տնօրեն Հովհաննես Մարգարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն 3 տարի է` դպրոցը մաս-մաս վերանորոգվում է մի կանադահայ բարերարի օգնությամբ: Տնօրենը պատմեց, որ դպրոցի աշակերտները մասնակցել են «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության հայտարարած մրցույթին և զբաղեցրել են առաջին տեղը: Ամերիկայի դեսպանատունը 300 դոլարին համարժեք դրամով է պարգևատրել երեխաներին: Վերջիններս էլ որոշել են այդ գումարով դպրոցի ճանապարհը վերանորոգել և բակում կառուցել ֆուտբոլի դաշտ: Այդ աշխատանքների բացման ժամանակ հրավիրվել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Կանադայում ազգությամբ մի հայ, լրատվամիջոցներով տեսնելով կիսավեր դպրոցում սովորող աշակերտների հաջողությունները, որոշել է օգնել դպրոցին:
Հովհաննես Մարգարյանի խոսքով` բարերարն իր անձնական միջոցները չի ծախսում, թոշակառու է: Կանադայում դրամահավաք է կազմակերպում և գումարներն ուղարկում դպրոց: Այդ միջոցներով մասամբ վերանորոգվել են սպորտային եւ հանդիսությունների դահլիճը, փոխվել 144 պատուհանից 43-ը:
«Եթե պատուհանները միանգամից փոխվեն, շատ լավ կլինի: Ջեռուցման սեզոնին մենք մի կողմից գումար ենք ծախսում, քանի որ շատ ենք վառում, մյուս կողմից` պատուհանները շատ հին, խարխուլ են, ու մեր վառածը անտեղի է լինում: Լավ կլիներ, որ այդ աշխատանքները միանգամից կատարվեին: Բարերարին չենք կարող պարտադրել, քանի որ նա էլ իր չափով է կարողանում օգնել, շնորհակալ ենք, այստեղ պետական միջամտություն է պետք»,- ասում է Հովհաննես Մարգարյանը:
Դասասենյակներն այստեղ անշուք են, պատերի ծեփը` պոկված, մանրահատակը տեղ-տեղ` թուլացած, ոչ լաքապատ:
Բացի ներքին հարդարման անհրաժեշտությունը, Եղեգնուտի դպրոցը լաբորատոր սարքավորումների եւ մարզագույքի կարիք ունի: Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ սովետական ժամանակներից ժառանգած գույքն է, որը մի կերպ են օգտագործում: Ընթացքում գնդակ, ցանց են գնում, սակայն դա բավարար չէ դասապրոցեսն արդյունավետ կազմակերպելու համար:
Դպրոցի ներքին հարդարման հարցն այնքան լուրջ է, որ տեղ է գտել նաև համայնքի զարգացման ռազմավարական ծրագրում: Սակայն, համայնքապետարանից փոխանցում են, որ համայնքի ուժերից վեր է այդ ծավալի աշխատանքների ֆինանսավորումը, ուստի պետական աջակցություն է պետք:
Մեկնաբանել