
ՌԴ ԱԳՆ. Հայաստանը պետք է պաշտոնապես նախաձեռնի իր քաղաքացու հետկանչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ընթացակարգերի համաձայն՝ Հայաստանը պետք է պաշտոնապես նախաձեռնի իր քաղաքացու հետկանչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, եթե Երևանում հետկանչի որոշում կայացվի:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքն ընդգծում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի միջև կայացած հեռախոսազրույցում ներկայացվել են անհրաժեշտ բոլոր բացատրությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման հարցերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի գործով» ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, սակայն դատարանի վճռով՝ Խաչատուրովի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրվեց 5 մլն դրամ գրավը։ Յուրի Խաչատուրովը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Վերջինս 2008 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը:
Նշենք, որ «Հետք»-ի հետ զրույցում ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ հայկական կողմը դիմել է ՀԱՊԿ անդամ երկրներին, որպեսզի սկսվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնում մեկ այլ անձով փոխարինման գործընթաց:
Ավելի վաղ «Մարտի 1-ի գործով» սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքներ էին առաջադրվել այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հարությունյանը այս պահին գտնվում է հետախուզման մեջ, իսկ երկրորդ նախագահը կալանավորվել է:
Լուսանկարը՝ Михаил Климентьев/ТАСС
Մեկնաբանել