
«Ժամանակն է ապասառեցնել կապերը». Թրամփն ու Պուտինը դրական են գնահատել իրենց հանդիպումը
ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում լարված մթնոլորտը օբյեկտիվ պատճառներ չունի: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին:
2017 թվականի հունվարից, երբ Դոնալդ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը, սա ռուս-ամերիկյան առաջին մեծամասշտաբ գագաթնաժողովն է, որը տեղի է ունենում Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում՝ նախագահական պալատում:
Թրամփի և Պուտինի դեմառդեմ հանդիպումից հետո, որը պետք է տևեր մեկուկես ժամ, սակայն ձգձգվեց երկու ժամից ավելի, տեղի ունեցան կողմերի ընդլայնված կազմերով բանակցությունները, ինչին հետևեց երկու երկրների առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը:
Պուտինի հետ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը նշել է, որ սա լավ մեկնարկ է բոլորի համար, ինչպես նաև ընդգծել է՝ երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելը հնարավոր է:
Կողմերը հատկապես մեծ ուշադրություն են դարձրել միջուկային անվտանգության թեմային. «Մեր երկու երկրները տիրապետում են միջուկային պոտենցիալի 90%-ին, և դա այնքան էլ լավ չէ: Այնպես որ պետք է ամեն ինչ անել այս հարցով իրավիճակը բարելավելու համար»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Պուտինն ու Թրամփը քննարկել են նաև առևտրային, ինչպես նաև Ուկրաինային, Սիրիային, Կորեական թերակղզուն և Չինաստանին առնչվող մի շարք հարցեր: Խոսելով երկու երկրների միջև հարաբերությունների մասին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ ժամանակն է ապասառեցնել ռուս-ամերիկյան կապերը:
«Մենք լավ զրույց ենք ունեցել են նախագահ Թրամփի հետ, սկսել ենք ավելի լավ հասկանալ միմյանց, և ես շնորհակալ եմ Դոնալդին դրա համար: Ընդհանուր առմամբ մենք գոհ ենք մեր առաջին լայնաֆորմատ հանդիպումից»,- նշել է Պուտինը:
Պուտինն ու Թրամփը հատուկ ընդգծել են երկու երկրների հատուկ ծառայությունների միջև համագործակցության կարևորությունը: Նախագահները համակարծիք էին նաև, որ իրենք պետք է հաճախ հանդիպեն:
Ասուլիսի ընթացքում չի շրջանցվել նաև 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հարցը: Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հերքել է ընտրություններին ռուսական կողմի միջամտության մասին տեղեկությունները՝ շեշտելով, որ Ռուսաստանը երբեք չի միջամտել և չի պատրաստվում միջամտել ԱՄՆ-ի ներքին գործերին, այդ թվում ընտրական գործընթացին:
«Ոչ ոքի պետք չէ հավատալ: Ինչու՞ եք ենթադրում, որ ես վստահում եմ նախագահ Թրամփին, իսկ միգուցե չե՞մ վստահում»,- նշել է Պուտինը՝ պարզաբանելով, որ իր առաջադրանքը Ռուսաստանի շահերը ներկայացնելն է, իսկ Թրամփի առաջադրանքը՝ պայքարել ԱՄՆ շահերի համար, սակայն երկրները կարող են համագործակցել այն ոլորտներում, որտեղ նրանց շահերը համընկնում են:
Հուլիսի 13-ին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի գրասենյակը Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) 12 աշխատակիցների մեղադրանքներ է առաջադրել ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտության գործով: Նրանք մեղադրվում են կիբերհարձակումների, փաստաթղթերի և անձնական տվյալների հափշտակման մեջ:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը մինչ այս հանդիպել էին երկու անգամ. առաջինը` 2017 թվականի հուլիսին Համբուրգում կայացած G20-ի գագաթնաժողովին, իսկ երկրորդը 2017-ի նոյեմբերին Վիետնամում՝ Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին: Այսօր կայացան Պուտինի և Թրամփի առաջին դեմառդեմ բանակցությունները:
Լուսանկարը՝ REUTERS / Grigory Dukor
Մեկնաբանել