
Ռուսաստանում բողոքի ցույցեր են մեկնարկել կենսաթոշակային տարիքի բաձրացման դեմ
Հուլիսի 1-ին Ռուսաստանի տասնյակ քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ: Ցույցերի դուրս գալու կոչը հունիսի 19-ին արել էր ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:
Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Սիբիրում և Հեռավոր Արևելքում: Այն քաղաքներում, որտեղ տեղի են ունենում ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները, ցույցեր չեն նախատեսվում: Հավաքները կազմակերպում են Նավալնու թիմակիցները, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու տեղի արհմիությունները:
Ամենամարդաշատ հանրահավաքները տեղի են ունեցել Օմսկում և Չելյաբինսկում: Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Օմսկում կայացած ցույցին մասնակցել է 3000 քաղաքացի, իսկ Ալեքսեյ Նավալնու գնահատմամբ՝ Չելյաբինսկի ցույցին մասնակցած քաղաքացիների թիվը կազմել է մոտ 2000: Նավալնին «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ ընդհանուր հաշվով ցույցեր են տեղի ունեցել 39 քաղաքներում:
Օմսկի ցույցը
Բողոքի ակցիաներին քաղաքացիները դուրս են եկել տարատեսակ պաստառներով, որոնց վրա գրված են «Չենք ուզում ստրուկ լինել», «Մեր հարկը ինչ-որ մեկի զբոսանավն է», «Կենսաթոշակ դիակների համար», «Բարձրացրեք թոշակը, ոչ թե կենսաթոշակային տարիքը» և այլն:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ցույցերի ընթացքում ոչ ոք չի ձերբակալվել:
Չելյաբինսկի բողոքի ակցիան
ՌԴ կառավարությունն առաջարկում է կենսաթոշակային տարիքի շեմը՝ կանանց համար 55-ից դարձնել 63, իսկ տղամարդկանց համար՝ 60-ից 65: Կենսաթոշակային տարիքի բարձրացման հիմնական պատճառը ՌԴ կառավարությունը նշում է բնակչության ծերացումը և կենսաթոշակային համակարգում ավելացող անհավասարակշռությունը:
Համաձայն օրենքի նախագծի՝ կենսաթոշակային տարիքը կբարձրանա աստիճանաբար՝ սկսած 2019 թվականից: Կանանց համար այն կձգվի մինչև 2034, իսկ տղամարդկանց համար 2028 թվականը: Պետդումայում նախագծի առաջին ընթերցումը նախատեսվում է այս ամսին, իսկ երկրորդը՝ աշնանը:
Լուսանկարները՝ Ալեքսեյ Նավալնու «Թվիթեր»-ի էջից
Մեկնաբանել