
Թուրքիայում այսօր նախագահական և խորհրդարանական ընտրություններ են
Թուրքիայում այսօր՝ հունիսի 24-ին, տեղի են ունենում նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձելու է ևս հինգ տարով երկարաձգել իր իշխանությունը: Եվ չնայած Էրդողանի բարձր վարկանիշին՝ նա կարող է չընտրվել առաջին փուլով: Ըստ սոցհարցումների՝ նա կհավաքի ձայների 47-48%-ը:
Էրդողանի գլխավոր մրցակիցը ընդդիմադիր Ժողորդահանրապետական կուսակցությունը ներկայացնող 54-ամյա Մուհարեմ Ինջեն է, ով կարող էր դառնալ ընդդիմության միասնական թեկնածուն, սակայն կողմերը այդպես էլ չկարողացան համաձայնության հասնել ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու հարցում: Հարկ է նշել, որ մի քանի դեպքերում Մուհարեմ Ինջեի հանրահավաքներին ավելի շատ մարդ է ներկա եղել, քան Էրդոանի նախընտրական հավաքներին:
Նախագահի պաշտոնում է առաջադրվել նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը, ով մեղավոր է ճանաչվել «ազգին վիրավորելու» համար և այժմ գտնվում է բանտում: 45-ամյա գործչի կարգավիճակը էականորեն խոչընդոտել է նրան նախընտրական քարոզարշավ անելու հարցում, սակայն ինտերնետի միջոցով նա կարողացել է խոշոր հանրահավաքներ կազմակերպել քրդական շրջաններում:
Նախագահի թեկնածուների շարքում նաև կին կա: Նա «Լավ» կուսակցության առաջնորդ, ազգայնական Մերալ Աքշեներն է, ով ժամանակին եղել է ներքին գործերի նախարարը:
Թուրքիայի նախագահի պաշտոնի համար կպայքարի նաև «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, հայտնի հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը: Հիշեցնենք, որ Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքը 2013 թվականին դատապարտվել էր ազատազրկման, իսկ 2014-ին՝ ազատ արձակվել: Այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը վճռեց, որ շվեյցարական դատարանները խախտել են Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը, ով Հայոց ցեղասպանությունն անվանել էր «միջազգային սուտ»։
Նախագահի 6-րդ թեկնածուն «Երջանկություն» կուսակցության առաջնորդ, 77-ամյա Թեմել Քարամոլաօղլուն է:
Թուրքիայում սահմանադրության վերջին փոփոխություններով՝ վերանում է վարչապետի պաշտոնը, իսկ ընտրված նախագահը ստանում է մեծ լիազորություներ, մասնավորապես նախագահը կարող է նշանակել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախարարներին, բարձրագույն դատական խորհրդի անդամներին և դատախազաներին, ինչպես նաև կարող է հրամաններ արձակել, որոնք օրենքի ուժ կստանան: Բացի այդ, նախագահը իրավունք կունենա երկրում արտակարգ դրություն հայտարարելու: Նշենք, որ Թուրքիայում այս պահին էլ գործում է արտակարգ դրությունը, որը մտցվել էր 2016 թվականի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձից հետո: Նոր սահմանադրությամբ՝ Թուրքիայի նախագահը հաշվետու չի լինի երկրի խորհրդարանին:
Նախագահական և խորհրդարանական ընտրություները Թուրքիայում պետք է տեղի ունենային 2019 թվականի նոյեմբերին, սակայն ըստ Էրդողանի՝ իշխանությունները անընդհատ բախվում են հին համակարգի խնդիրներին, ինչը խոչընդոտում էր երկրի տնտեսական զարգացմանը: Այդ պատճառաբանությամբ էլ նշանակվեցին արտահերթ ընտրություններ:
Խորհրդարանական ընտրություններում գլխավոր ֆավորիտը Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է, որն ըստ սոցհարցումների՝ 600 պատգամավորական տեղ ունեցող խորհրդարանում մեծամասնություն կստանա, սակայն Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, կփորձի խոչընդոտել, որ Էրդողանի գլխավորած կուսակցության մեծամասնությունը բացարձակ չլինի: Սպասվում է, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը նույնպես կհաղթահարի նախընտրական 10 տոկոսանոց շեմը և կհայտնվի խորհրդարանում:
Ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 54,9 միլիոն, որոնցից մոտ 3 միլիոնը գտնվում են արտասահմանում: Թուրքական խոշոր համայնքներ կան Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում և Ավստրիայում: Արտասահմանում ապրող Թուրքիայի քաղաքացիների համար 60 երկրների 123 դիվանագիտական ներկայացուցչություններում կբացվեն ընտրատեղամասեր:
Հիշեցնենք, որ 64-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի կառավարման ղեկին է 2003 թվականից: Մինչև 2014 թվականը թվականը նա զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, իսկ դրանից հետո դարձել է երկրի նախագահ:
Լուսանկարը՝ Lefteris Pitarakis / AP
Մեկնաբանել