
«Լավատեսությամբ քայլել է պետք»,- ասում է 2 անչափահասներին մեծացնող մայրը
Մարինե Մարտիրոսյան
10-ամյա Լիլիան ու 9-ամյա եղբայրը՝ Էմանուելը, հեռուստացույց էին դիտում, երբ ներս մտանք նրանց սենյակ: Մայրը՝ Արմինե Ղազարյանը, խնդրում է նստել՝ առաջարկելով սենյակի միակ աթոռը:
Անծանոթների ներկայությունը մի փոքր կաշկանդվածություն ու անհարմարավետություն է ստեղծում երեխաների համար. ստիպված լինելով իջեցնել հեռուստացույցի ձայնը՝ նրանք մոտենում են էկրանին. «Անվախ Հենրի» ֆիլմն են դիտում: Կաշկանդող մթնոլորտը փոխելու համար սկսում եմ հարցեր տալ ֆիլմից, կտրուկ են պատասխանում: Հարցնում եմ՝ իսկ Հենրին որտե՞ղ է, Էմանուելն առանց աչքը հեռացնելու հեռուստացույցից պատասխանում է, թե ինքնաթիռում է: Լիլիան ժպտում է:
Էրեբունու հանրակացարանի առաջին հարկի փոքր սենյակում են ապրում՝ վարձակալությամբ: Տունը կոկիկ է, ամեն իր, կարծես, իր տեղն ունի: Բացված բազմոցը նաև մահճակալ է Էմանուելի և 39-ամյա Արմինեի համար, իսկ Լիլիան քնում է տատիկից նվեր ստացած մահճակալին:
Երիտասարդ մայրն ասում է, որ այստեղ են արդեն 4 տարի, ամսական 25 հազար դրամ վարձ են տալիս: Ամուսնալուծվելուց հետո է եկել հանրակացարան: Մինչ այդ ամուսնու հետ ապրում էին Խարբերդում, հետո, ասում է, իրար չհասկացան, ընտանիքում արդեն բռնություն կար: Սա պատմելիս Արմինեի ձայնի մեջ ոչ մի թրթիռ չկա: Շարունակում է պատմությունը, ասում է՝ ամուսնալուծվել են, բայց երբեք իրեն թույլ չի տվել երեխաների մոտ ամուսնուն վատաբանել: «Երեխաներիս մեջ երբեք թույն չեմ լցրել իրենց հոր հանդեպ, իրենց հայրն է, պետք է սիրեն ու հարգեն, հետո մեծանան, գուցե շատ բան հասկանան»,- սա ասելուց ժպտում է, ապա գլուխը կախում, հետո ավելացնում, որ ամուսինը գալիս, տեսնում է երեխաներին:
Արմինեն հաճախ է ժպտում, բայց ժպիտի մեջ տխրություն կա: Հիմա հավաքարար է աշխատում հացի փռում, օրական 1500 դրամ է ստանում: Բացի դրանից՝ երկու կամ երեք օրը մեկ լավաշի խմորն է գրտնակում. մի գունդը 5 դրամով է գրտնակում, ընդհանուր մոտ 2600 դրամ է աշխատում: Բայց աշխատանքի բուռն շրջանը Նոր տարվա նախաշեմին է. ռեկորդ է գրանցել՝ օրվա մեջ 500 գունդ է գրտնակել:
Ամռանն օրերն է հաշվում, որ դեկտեմբերը շուտ գա, որպեսզի կարողանա ապառիկ գնած սառնարանի գումարը փակել: Ասում է՝ ստիպված է գնել. սնունդը փչանում էր:
Երեխաների համար 31 հազար դրամ նպաստ է ստանում: Արմինեի ասելով՝ նույնիսկ 5 հազար դրամն իրենց համար մեծ գումար է: Եթե գումարը բավականացներ, շատ կցանկանար Լիլիային տանել քանոնի դասերի, Էմանուելին էլ՝ ֆուտբոլի խմբակ:
Լիլիային հարցնում եմ, թե ինչ երազանք ունի, անմիջապես չի պատասխանում: Քույր ու եղբայր ամաչկոտ են: Հարցս տալուց մտածում էի, թե երեխաները կասեն, որ տուն են ուզում ունենալ:
«Քանոն եմ ուզում, որ նվագեմ»,- 10-ամյա աղջկա ձայնը փոխվում է, հայացքն էկրանից կտրվում է, ոգևորվում է: Արմինեն՝ հակառակը, կուչ է գալիս, ձեռքերն իրար մեջ է առնում: «Շատ եմ ուզում, որ երեխաներս լավ մարդ դառնան, երկրորդը՝ փոքր սենյակ ունենանք, որ իմանամ մերն է»,- նշում է մայրը:
Իսկ Էմանուելն ասում է, որ ֆուտբոլիստ է երազում դառնալ, բայց, շարունակում է, քույրը՝ Լիլիան, չի թողնում, որ հեռուստացույցով ֆուտբոլ նայի, դրա համար էլ հիմա ոչ մի ֆուտբոլիստի անուն չգիտի: Բարկանում է, Լիլիան՝ ծիծաղում:
Պահարանի տակ դրված են Լիլիայի չմուշկները: Մեկ ամիս առաջ հայրն է նվիրել, դրանց կողքին ևս մեկ զույգ չմուշկ կա՝ տատիկից է նվեր ստացել: Ասում է, որ ամենաշատը հոր նվիրածն է սիրում: Արմինեն գովում է աղջկան՝ ասելով, որ լավ չմշկորդ է, դուստրը հաստատում է: Հետո հագնում է չմուշկներն ու տան մեջ մի պտույտ փորձում անել, բայց հազիվ է իրեն պահում, քիչ է մնում ընկնի: Էմանուելը վերցնում է փոքր պտուտակահանն ու քրոջ չմուշկները, ուշադիր նայում դրանց: Անիվներից մեկը չի պտտվում, և պատանի «վարպետն» ուզում է հանել այն: 9-ամյա տղան այնպես արհեստավարժ է հանում պտուտակը, որ կողքից զարմանալի է թվում:
Մայրը ծիծաղում է իմ ասածից, հաստատում է, որ որդին սիրում է քանդել-սարքել, Լիլիան էլ դիզայներ է դառնալու, հագուստ է կտրում-ձևում: Երեխաները հաճախում են «Օրրան» բարեգործական կազմակերպություն:
Էմանուելը սքեյթբորդն է հանում, դա էլ է հայրը նվիրել: Բակ ենք դուրս գալիս, Էմանուելը՝ սքեյթբորդով: Բակի տղաներն իրար մեջ խոսում են, գրազ գալիս, որ Էմանուելը մինչև փողոցի մյուս հատվածը չի հասնի: 9-ամյա տղան շատ հեռու է, չի լսում:
Մայրն ու քույրը հանրակացարանի մուտքի մոտից են հետևում Էմանուելին: Արմինեն ասում է, որ չնայած սենյակը փոքր է, վարձով են ապրում, իր ներսում խաղաղություն է. ճանապարհը հեշտ չէր ու չէ, բայց, ավելացնում է, լավատեսությամբ քայլել է պետք:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել