
Facebook-ը օգտատերերի տվյալներ է փոխանցել սմարթֆոններ արտադրող 60 ընկերությունների
Facebook-ը վերջին 10 տարիներին տվյալների փոխանցման համաձայնագրեր է կնքել հեռախոսային սարքավորումներ արտադրող առնվազն 60 ընկերությունների հետ, որոնց թվում են նաև Apple-ը, Amazon-ը, BlackBerry-ն, Microsoft-ն ու Samsung-ը:
BBC-ն, հղում անելով New York Times-ին, գրում է, որ Facebook-ն իր գործընկերների համար հասանելի է դարձրել օգտատերերի և նրանց ընկերների տվյալները՝ առանց վերջիններիս համաձայնության, չնայած այն բանի, որ ավելի վաղ Facebook-ը հայտարարել էր, թե այլևս երրորդ կողմերին օգտատերերի տվյալները չի փոխանցելու:
New York Times-ի տեղեկություններով՝ Facebook-ի որոշ գործընկերներ հասանելիություն են ունեցել օգտատիրոջ ընտանեկան կարգավիճակին, նրա կրոնական և քաղաքական հայացքներին, ինչպես նաև այն միջոցառումներին, որոնց նա պատրաստվել է այցելել:
Այդ համաձայնագրերի մեծ մասը մինչև հիմա շարունակում է ուժի մեջ մնալ, չնայած որ սոցցանցը այս տարվա ապրիլից սկսել է կասեցնել նմանատիպ համագործակցությունը՝ Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալից հետո: Հիշեցնենք, որ այդ ընկերությունը Facebook-ի միլիոնավոր օգտատերերի տվյալներ է հավաքել՝ քաղաքական գովազդներում օգտագործելու նպատակով:
Facebook-ի ներկայացուցիչները վստահեցնում են, որ օգտատերերի տվյալներին հասանելիության վերաբերյալ բոլոր համաձայնագրերը համապատասխանում են ընկերության գաղտնիության քաղաքականությանը և ԱՄՆ-ի Դաշնային առևտրային հանձնաժողովի (FTC) պահանջներին: Սոցցանցը հավաստիացնում է, որ գործընկերային համաձայնագրերը ենթադրում են սահմանափակ օգտագործման տվյալներ, և Facebook-ը մինչև հիմա տվյալների օգտագործման չարաշահումներ չի հայտնաբերել:
Այնուամենայնիվ, մի շարք փորձագետներ New York Times-ին պատմել են, որ այդ ամենը կարող է սպառնալ օգտատերերի անվտանգությանն ու տվյալների գաղտնիությանը: Facebook-ի ծրագրային ապահովման նախկին աշխատակիցները հայտարարել են, թե զարմացած են, որ ընկերությունը խախտել է տվյալների հասանելիության սահմանափակումները:
Լուսանկարը՝ JAAP ARRIENS / NURPHOTO / AFP
Մեկնաբանել