
Պետգնումներով 2017-ի ամենախոշոր պայմանագիրը կնքվել է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի ընկերության հետ
2017-ին պետական գնումներով ամենախոշոր պայմանագիրը կնքվել է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Արփա-Սևան» ընկերության հետ: Պայմանագրի արժեքը կազմել է մոտ 1 միլիարդ 873 միլիոն դրամ։
Պետական գնումների խոշոր պայմանագրերը հիմնականում շահում են պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունները:
2017 թվականին 5 ամենախոշոր պայմանագրերը կնքվել են «Արփա-Սևան», «Ֆլեշ», «Սուարդի», «Էյէմփիջի գրուպ», «Իայսիտելեկոմ» ընկերությունների հետ: Այս տեղեկատվությունը «Հետք»-ի գրավոր հարցմանը ի պատասխան հայտնել են ֆինանսների նախարարությունից:
«Արփա-Սևան» ընկերության տնօրենը պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին է՝ Պարույր Հակոբյանը: 2017 թ փետրվարի 14-ին ընկերության հետ Ջրային տնտեսության պետական կոմիտեն է կնքել 1 միլիարդ 873 միլիոն դրամի պայմանագիր։
Ըստ պայմանագրի՝ ընկերությունը պարտավորվել էր մինչ 2017 թվականի դեկտեմբերի 20-ը հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել Արփա-Սևան N 2 թունելի վթարային հատվածներում:
Երկրորդ խոշոր պայմանագիրը պաշտպանության նախարարությունը կնքել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընկերոջ՝ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերության հետ: 1 միլիարդ 864 միլիոն դրամ արժողությամբ այս պայմանագրով ընկերությունը ՊՆ-ին մատակարարել է «Պրեմիում», «Ռեգուլյար» տեսակի ավտոբենզին, ամառային և ձմեռային դիզվառելանյութ: «Ֆլեշ» ընկերության հետ պայմանագիրը կնքվել է ապրիլի 26-ին: Հիշեցնենք, որ 2016 թվականին «Ֆլեշ»-ի հետ ամենախոշոր պայմանագիրն էր կնքվել: Այդ տարի ընկերությունը պետական բյուջեից ստացել էր 2 միլիարդ 342 միլիոն դրամ և պաշտպանության նախարարությանը մատակարարել ավտոբենզին եւ դիզվառելիք: Պայմանագրի արժեքի գրեթե կեսը ուղղվել էր «Ռեգուլյար» տեսակի ավտոբենզին ձեռք բերելուն:
Երրորդ խոշոր պայմանագիրը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կնքել է իտալական «Սուարդի» բաց բաժնետիրական ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ: Մոտ 1 միլիարդ 528 միլիոն դրամ է ստացել այս ընկերությունը Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 103 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների համար: Ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրենը Ֆիլիպպո Դուզիոնին է, ով նաև հանդիսանում է սառեցված սննդամթերքի արտադրությամբ զբաղվող «Իտալգուստո Ֆուդ» ընկերության տնօրենը:
Հիշեցնենք, որ «Սուարդի» ընկերությունը 2016 թ.-ի դեկտեմբերի 5-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ Սեւանի քաղաքապետարանից 70 մլն 674 հազար 756 դրամ բռնագանձելու պահանջով: Ընկերությունը 2015 թ.-ին ասֆալտապատման եւ բարեկարգման լայնածավալ աշխատանքներ է իրականացրել Սեւան քաղաքում, որի դիմաց չի վճարվել: Սակայն հետագայում ընկերությունն ու Սևանի քաղաքապետարանը հաշտության համաձայնագիր էին կնքել, և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2017 թ.-ի հոկտեմբերի 12-ին որոշել էր գործը կարճել:
Չորրորդ խոշոր պայմանագիրը կնքվել է Հայաստանում Ֆիլիպինների Հանրապետության գլխավոր պատվավոր հյուպատոս Ալբերտ Թառոյանին պատկանող «Էյէմփիջի գրուպ» ընկերության հետ: Պետական եկամուտների կոմիտեն հյուպատոսին պատկանող ընկերությանը փոխանցել է 1 միլիարդ 411 միլիոն դրամ՝ 37 միլիոն հատ «Ալկոհոլային խմիչք» և մոտ 296 միլիոն հատ «Ծխախոտ» տեսակի ակցիզային դրոշմանիշերի տպագրության համար: Ընդհանուր առմամբ 1 միլիարդ 65 միլիոն դրամ է հատկացվել ծխախոտի ակցիզների տպագրության համար, 346 միլիոն դրամ էլ՝ ալկոհոլի ակցիզների տպագրության համար:
Հավելենք, որ «Էյէմփիջի գրուպ»-ի 2016թ.-ի գործարքը երկրորդ խոշորն էր՝ «Ֆլեշ»-ից հետո: 2016-ին ՊԵԿ-ի հետ կնքած պայմանագրով ընկերությունը` ներմուծվող և տեղական ալկոհոլային խմիչքների (45 մլն հատ), ծխախոտի (259 մլն հատ) և պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների (500 մլն հատ) պոլիմերային թաղանթի հիմքով «2017» թվագրությամբ և օրենքով սահմանված ստանդարտներով դրոշմապիտակներ էր տպագրել: Պետբյուջեի համար այս պայմանագիրը արժեցել էր 1 միլիարդ 891 միլիոն դրամ։
Խոշոր պայմանագրերի հինգերորդ հորիզոնականը զբաղեցնում է «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերությունը, որի հետ 960 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել կառավարության աշխատակազմը: Պայմանագիրը կնքվել է ապրիլի 2-ին կայացած ընտրությունների գործընթացը կազմակերպելու նպատակով: Ընկերությունն ընտրության օրը ընտրական բոլոր տեղամասերում իրականացրել է ընտրական գործընթացի ձայնային հաշվարկի տեսանկարահանում, տեսանյութի պահպանում, ըստ պահանջի՝ պատճենների տրամադրում: Իսկ ինտերնետային ծածկույթով ապահովված տեղամասերում նաև առցանց հեռարձակման և կենտրոնական պահոցում տեսանյութի պատճենի պահպանման համակարգի ներդրում, գործարկում: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերության սեփականատերը Երվանդ Սիմոնյանն է:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ անդրադարձել էինք նաև 2016 թվականի խոշոր պայմանագրերին և պարզել, որ պետական մարմինները այդ պայմանագրերը կնքել էին պաշտոնյաներին փոխկապակցված ընկերությունների հետ: Մասնավորապես՝ ամենախոշոր պայմանագիրը կնքվել էր Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերության, ապա հաջորդաբար՝ Հայաստանում Ֆիլիպինների Հանրապետության գլխավոր պատվավոր հյուպատոս Ալբերտ Թառոյանի «Էյէմփիջի գրուպ», ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանին պատկանող «Գեվգրիգ», ՀԿԿ-ական պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի ազգական Ռուբեն Բաղդասարյանի «Խաչհար», պաշտպանության նախարարության աշխատակից Գաստելո Մկրտչյանի «Ավանգարդ» ՍՊԸ-ների հետ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել