
Երեւանի ավտոկայանատեղերը. Նոր Նորք համայնք
Երեւանի տարբեր հատվածներում գործող վճարովի ավտոկայանատեղերից գանձվող գումարները հիմնականում մնում են ստվերում: Մեր ուսումնասիրությունն ընդգրկել է Երեւանի բոլոր համայնքները:
Նոր Նորք համայնքում, թաղապետարանի տրամադրած փաստաթղթով, գործում են 5 վճարովի ավտոկայանատեղեր, որոնցում մեքենան կայանելու համար վարորդից գանձվում է 100 դրամ: Այս 100-ական դրամներով, սակայն, ամսական գոյանում է ավելի քան 1 միլիոն դրամ, որի 90 տոկոսն ուղղակի մտնում է համայնքի ավտոկայանները տնօրինող անհատ ձեռներեցի գրպանը:
Նոր Նորք համայնքում վճարովի ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունքը թաղապետարանը հանձնել է տնտեսվարող մեկ սուբյեկտի՝ անհատ ձեռներեց Գրիգոր Մուրադյանին: Ենթավարձակալության պայմանագրով վերջինիս տրվել է ընդհանուր մակերեսով 530 քմ հողատարածք՝ 1 քմ-ն տարեկան 1900 դրամ վարձավճարով: Այսինքն` ըստ թաղապետարանի տվյալների` Գ. Մուրադյանն իր վարձակալած տարածքի համար համայնքային բյուջե է վճարում ամսական մոտ 84 հազար դրամ:
«Էս գործ չի, ուզում եմ թարգել: Վարորդներն ավտոկանգառի հսկիչներին կա՛մ փող չեն տալիս, կա՛մ էլ 100-ի տեղը 20-30 դրամ են վճարում: Ձմռան ամիսներին նույնիսկ թաղապետարանի փողը հազիվ եմ հավաքում»,- դժգոհում է Գ. Մուրադյանը եւ նշում, որ իր ենթակայության տակ` որպես ավտոկանգառի հսկիչ, աշխատում է 10-12 մարդ: Նրանցից յուրաքանչյուրը մեքենաներից օրական գանձում է 1500-1700 դրամ, որից 1000 դրամը տալիս է Մուրադյանին` իբրեւ օրվա «պլան»:
«Էդ փողից ամիսը 100 հազար դրամ տալիս եմ թաղապետարանին: Տակը մնում է մոտ 60 հազար դրամ: Դա էլ իմ աշխատավարձն է»,- ասում է Գ. Մուրադյանը: Նշենք, սակայն, որ պարզ թվաբանությամբ Գ.Մուրադյանի ներկայացրած թվերով «տակի մնացող» գումարն ամսական կազմում է ոչ թե 60, այլ առնվազն 200 հազար դրամ:
Մենք օրեր շարունակ հետեւել ենք Նոր Նորք համայնքի վճարովի ավտոկանգառների գործունեությանը, զրուցել գրեթե բոլոր հսկիչների հետ:
Գ. Մուրադյանն ամեն օր ժամը 15-ից 17-ն ընկած հատվածում շրջում է իր «տարածքներով» եւ աշխատակիցներից հավաքում օրվա «պլանը»: Նրանցից միայն երկուսն են օրական մուծում 1000-ական դրամ: Մյուսները, կախված իրենց տարածքներում մեքենաների հոսքի առատությունից, վճարում են մինչեւ 5000 դրամ: Ընդհանուր վերցրած` Գ. Մուրադյանն օրական հավաքում է մոտ 35 հազար դրամ: Բացի թաղապետարանին տրվող գումարից, նա որեւէ այլ վճարում, ասենք, եկամտահարկ կամ սոցիալական հատկացումներ չի կատարում:
«Էդ սաղ ծախսերը թաղապետարանը մեր վրայից հանել է: Ես միայն թաղապետարանի հետ գործ ունեմ, ու տվածս գումարի մեջ ամեն ինչը մտնում է»,- պարզաբանում է Գ. Մուրադյանը:
Տեղեկացնենք, որ վերջինս վճարովի ավտոկանգառներ է ստեղծել նաեւ այնպիսի տարածքներում, որոնք թաղապետարանի կողմից իրեն տրված չեն: Օրինակ` Գ. Մուրադյանին հատկացվել է թիվ 7 շուկային հարակից Սաֆյան փողոցի ձախակողմյան հատվածը: Որպես վճարովի ավտոկայանատեղի` նա շահագործում է նաեւ այս նեղ փողոցի աջակողմյան մասը, ինչը երթեւեկությունը դարձնում է դժվարանցանելի: Գ. Մուրադյանը վճարովի ավտոկանգառ է կազմակերպել նաեւ N 14 պոլիկլինիկայի մուտքին հարակից տարածքում: Մինչդեռ «Երեւան քաղաքում ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի կազմակերպման կարգը հաստատելու մասին» քաղաքապետի 2006 թ. որոշմամբ` «…բուժհիմնարկներին հարող տարածքներում կարող են կազմակերպվել միայն ընդհանուր օգտագործման անվճար ավտոկայանատեղեր»:
Բացի այդ, քաղաքապետի նույն այս որոշման համաձայն` ավտոկանգառները պետք է ունենան հատուկ գծանշումներ, համապատասխան ճանապարհային նշաններ, տեղեկատվական ցուցանակ, որը պետք է պարունակի թաղային համայնքի, ավտոկանգառի սեփականատիրոջ անվանումները, հասցեն, հեռախոսահամարը, գանձվող գումարի չափը: Աշխատակիցները պետք է կրեն արտահագուստ, ունենան որոշ տեղեկություններ պարունակող լամինացված անվանաքարտ, վճարվող գումարի դիմաց վարորդներին պետք է տրամադրեն համարակալված կտրոններ եւ այլն:
Այս պայմաններից Գ. Մուրադյանն ապահովել է միայն մեկը. նրա աշխատողներն ունեն արտահագուստ, որի վրա գրված է` «Նոր Նորք, PARKING»: Արտահագուստի համար վերջիններս Գ. Մուրադյանին վճարել են 2000 դրամ:
Հավելենք, որ քաղաքապետի վերոհիշյալ որոշումը սահմանում է նաեւ, որ «ավտոկանգառի գործունեությունը կարող է դադարեցվել, եթե շահագործողի կողմից սույն կարգի պահանջները չեն կատարվում»: Իսկ շահագործման գործընթացի վերահսկողությունը դրված է նաեւ թաղապետարանի վրա:
Նոր Նորքի թաղապետարանը, անշուշտ, գիտի կանգառներից հավաքվող գումարի իրական չափերը, բայց քանի որ այս փողերի մի մասը նորից հասնում է իրենց` կանխիկ եւ առանց որեւէ փաստաթղթի, նրանց այս իրավիճակը վաղուց ձեռնտու է:
Մեկնաբանել