
Նիկոլ Փաշինյանը 15-րդ անձն է, որը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը
Այսօր Ազգային ժողովը ձայների 59-42 համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Վերջինս Հայաստանի անկախությունից ի վեր 15-րդ աձն է, որ զբաղեցնում է երկրի վարչապետի պաշտոնը: Վերհիշենք, թե մինչ այս ովքեր են եղել գործադիր մարմնի ղեկավարները:
Հայաստանի անկախության մեջ առաջին վարչապետը եղել է Վազգեն Մանուկյանը: 1990-ի օգոստոսի 13-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ) է նշանակել Մանուկյանին: Վերջինս այդ պաշտոնում մնացել է մինչեւ 1991-ի սեպտեմբերի 26-ը, երբ հրաժարական է ներկայացրել: 1991-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին վարչապետի պաշտոնակատարը Հրանտ Բագրատյանն էր, ով նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալն էր ու էկոնոմիկայի նախարարը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ՀՀ առաջին նախագահ ընտրվեց մինչ այդ ԳԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով էլ նշանակեց կառավարության անդամներին: 1991-ի նոյեմբերի 22-ից մինչեւ 1992-ի հուլիսի 30-ը վարչապետի պաշտոնակատարը ՀՀ առաջին ու վերջին փոխնախագահ Գագիկ Հարությունյանն էր: Հետագայում այդ պաշտոնը վերացվեց:
Հարությունյանին փոխարինեց Խոսրով Հարությունյանը, որը եւս կարճ պաշտոնավարեց՝ մինչեւ 1993-ի փետրվար: Նախորդների համեմատ վարչապետի պաշտոնում ավելի երկար մնաց Հրանտ Բագրատյանը, ով 1993-ի փետրվարին փոխարինեց Խ. Հարությունյանին արդեն ոչ թե որպես պաշտոնակատար, այլ հենց վարչապետ: Հ. Բագրատյանն իր պաշտոնը թողեց 1996-ի նոյեմբերին՝ ներքաղաքական ճգնաժամի պայմաններում, որն առաջացել էր 1996-ի սեպտեմբերին ՀՀ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանի հաղթանակի արձանագրումից հետո:
Հրանտ Բագրատյանի փոխարեն Տեր-Պետրոսյանը 1996-ի նոյեմբերին վարչապետ նշանակեց Արմեն Սարգսյանին, ով, սակայն, պաշտոնավարեց մինչեւ 1997-ի փետրվարի վերջ: Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ Սարգսյանը ստիպված էր հրաժարական տալ առողջական խնդիրների պատճառով: Նրա փոխարեն նախագահ Տեր-Պետրոսյանը ԼՂՀ-ից հրավիրեց Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով ՀՀ վարչապետ նշանակվեց մարտի 20-ին:
Փետրվարի 3-ին, երբ Տեր-Պետրոսյանը եւ նրա թիմը հրաժարական տվեցին, վարչապետ Քոչարյանը դարձավ առաջին պետական դեմքը երկրում: 1998-ի մարտի 30-ին արձանագրվեց նրա հաղթանակը արտահերթ նախագահական ընտրություններում: Արդեն ապրիլին Քոչարյանը վարչապետ նշանակեց Արմեն Դարբինյանին, ով, սակայն, երկար չմնաց այդ պաշտոնում, որովհետեւ 1999-ի մայիսի 30-ին ԱԺ ընտրություններում հաղթեց «Միասնություն» դաշինքը, որի թեկնածու Վազգեն Սարգսյանն էլ Քոչարյանի կողմից 1999-ի հունիսին նշանակվեց վարչապետ: Վ. Սարգսյանը 4 ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, զոհ դարձավ ԱԺ-ում կազմակերպված ահաբեկչությանը:
Նախագահ Քոչարյանը ներքաղաքական լարված իրավիճակը մեղմելու նպատակով նոյեմբերին վարչապետ նշանակեց Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին, բայց շատ չանցած պաշտոնանկ արեց նրան: 2000-ի մայիսին Քոչարյանը նոր վարչապետ նշանակեց Անդրանիկ Մարգարյանին, ով իր պաշտոնավարման ժամկետով գերազանցեց նախորդներին: Մարգարյանը պաշտոնավարեց մինչեւ իր մահը՝ 2007-ի մարտի 25-ը: Նրա փոխարեն Քոչարյանը նշանակեց Սերժ Սարգսյանին, ով ամիսներ անց առաջադրվեց նախագահի թեկնածու, իսկ 2008-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ճանաչվեց հաղթող:
Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ս. Սարգսյանը 2008-ի ապրիլին վարչապետ նշանակեց Տիգրան Սարգսյանին: Վերջինս Ա. Մարգարյանի պես երկար պաշտոնավարեց՝ 6 տարի՝ մինչեւ 2014-ի ապրիլ, երբ հրաժարական տվեց:
Տիգրան Սարգսյանի փոխարեն ապրիլի 13-ին Ս. Սարգսյանը նշանակեց Հովիկ Աբրահամյանին, ով մինչ այդ ԱԺ նախագահն էր: 2016-ի սեպտեմբերին Աբրահամյանը հրաժարական տվեց, նրան փոխարինեց Կարեն Կարապետյանը:
Կարապետյանը գործադիրի ղեկավարն էր մինչեւ 2018-ի ապրիլի 17-ը, երբ ԱԺ-ն Սահմանադրության փոփոխություններից հետո խորհրդարանական կառավարման համակարգի անցած Հայաստանում առաջին անգամ վարչապետ ընտրեց: Դա, ինչպես եւ սպասվում էր, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանն էր:
Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համաժողովրդական շարժումը ստիպեց, որ իր քաղաքական կարիերայում երկրորդ անգամ վարչապետ դարձած Ս. Սարգսյանը ընտրվելուց 6 օր անց՝ ապրիլի 23-ին, հրաժարական տա: Վարչապետի պարտականությունները մինչեւ Փաշինյանի ընտրությունը կատարում էր առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
Այսօր՝ մայիսի 8-ին, վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, առաջինն է Հայաստանի անկախացումից ի վեր, որը վարչապետ է դառնում՝ լինելով ընդդիմության անդամ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել