
70 հազար դոլար՝ Ամերիկա չմեկնելու դիմաց
Արարատ Դավթյան
Հռիփսիմե Խաչատրյան
Արտակ Մնացականյանի հայրը ծանր հիվանդ էր, դեղերի համար ամսական անհրաժեշտ էր մոտ հազար դոլար: Չնայած գիտեր, որ հիվանդությունն անբուժելի էր, սակայն ջանում էր ինչ-որ չափով երկարացնել հոր կյանքը եւ աշխատանք էր փնտրում: Հենց այդ ժամանակ՝ 2004թ. մարտին, Արտակը «Շանթ» հեռուստաընկերության վազող տողի հայտարարությունից եւ «Գինդ» շաբաթաթերթից տեղեկացավ «Work & Rest» կազմակերպության մասին: Կազմակերպությունը ուսանողներին հրավիրում էր քառամսյա շրջագայության եւ աշխատանքի Միացյալ Նահանգներ:
«Work & Rest»-ի գրասենյակում պայմաններին ծանոթանալիս Արտակն անկեղծորեն պատմում է ընտանիքի դրությունը եւ ԱՄՆ մեկնելու բուն մտադրությունը: Նրան խոստանում են աջակցել՝ գտնելով հնարավորինս բարձր վարձատրությամբ աշխատատեղ: Շուտով, անհրաժեշտ մուծումները կատարելուց հետո, Արտակին առաջարկում են մեկնել Նյու Ջերսի՝ «Fast food»-ում որպես գանձապահ աշխատելու, երկուշաբթիից ուրբաթ ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ն՝ 9 դոլար 80 ցենտ ժամավարձով, իսկ աշխատանքային ժամերից դուրս՝ շաբաթ եւ կիրակի օրերին, յուրաքանչյուր ժամը 5 դոլար հավելավճարով: Նա մտածեց, որ այդպես կարող է աշխատել բավականին գումար եւ օգնել հորը: Մնում էր սպասել մեկնելու օրվան՝ հունիսի 1-ին:
Հյուսիսային համալսարանի իրավագիտական ֆակուլտետի ուսանող Արտակ Մնացականյանը այդպես էլ չմեկնեց Ամերիկա, իսկ նրա հայրը մահացավ անցյալ տարվա հուլիսի 20-ին:
«Work & Rest»-ը 2004-ի փետրվարից տեղակայված էր Երեւանի Մոսկովյան փողոցի 31 շենքի առաջին հարկում՝ Սպարտակ Ստեփանյանից վարձակալած տարածքում: Կազմակերպության տնօրենը Ալբերտ Ավետիսյանն էր, գործադիր տնօրենը՝ Հասմիկ Յագմուլյանը, գործավարը՝ Քրիստինեն (որոշ ժամանակ որպես գործավար աշխատել է նաեւ Լիլիթ անունով մի աղջիկ):
Ալբերտը հաճախորդներին վստահեցրել է, թե «Work & Rest»-ը մասնաճյուղ ունի նաեւ Վրաստանում, գործում է 4 տարի, եւ իրենց միջոցով ամեն տարի դեսպանատուն դիմած 100 ուսանողներից մերժվել է ընդամենը 1-2 հոգի, այն էլ՝ դիմող ուսանողների մեղքով: Իսկ եթե, այնուամենայնիվ, որեւէ մեկը ԱՄՆ մեկնելու համար դեսպանատան թույլտվությունը չստանար, նրանք խոստանում էին վերադարձնել վճարված գրեթե ողջ գումարը՝ բացառությամբ 20000 դրամի, որն էլ պահանջել են կենսաթոշակայինի համար:
Այսպիսով՝ «Work & Rest»-ի ծառայությունից օգտվել ցանկացողներից պահանջվում էր վճարել 20000 դրամ՝ գումարած 950 դոլար, որից 250-ը սկզբում, իսկ 700-ը աշխատանքային պայմանագրի հաստատումից հետո:
Աշխատանքային պայմանագրերը կնքվել են 1-2 օրվա ընթացքում: Վճարումների դիմաց Հասմիկ Յագմուլյանը Ալբերտ Ավետիսյանի անձնագրի համարով եւ ստորագրությամբ կամ միայն իր ստորագրությամբ, առանց կնիքի, ստացական է տվել: Ըստ դրա՝ ստորագրող տնօրենը պարտավորվում է ապահովել աշխատանքային պայմանագիրը, հակառակ դեպքում՝ երաշխավորում գումարի վերադարձը:
«Ես որդուս՝ Արթուրին, որոշել էի ուղարկել: Նա փրկարար պիտի աշխատեր Նյու Ջերսիում: Վճարումները կատարելիս հարցրել եմ՝ հնարավոր չէ՞ այդ ամենը նոտարի միջոցով իրականացնել: Հասմիկը ասաց՝ ոչ եւ ավելացրեց, որ իրենց գործունեության ընթացքում երբեւէ նոտարով պայմանագիր չեն կնքել: Ասաց՝ ամեն ինչ լավ է լինելու եւ անհանգստանալու կարիք չկա: Ես ասացի, որ որդիս անգլերեն լավ չգիտի: Հասմիկն ասաց, որ Ալբերտը դեսպանատանը լուրջ կապեր ունի, չանհանգստանամ, իրենց խմբին նույնիսկ չեն էլ ստուգում»,-պատմում է Ռուզաննա Ավետիսյանը:
«Work & Rest» կարող էին դիմել ոչ միայն ստացիոնար, այլեւ հեռակա եւ ոչ պետական բուհում սովորող ուսանողները: Պահանջվող փաստաթուղթը տեղեկանքն էր բուհից, անգլերենի իմացությունը անհրաժեշտ, բայց ինչպես հետո պարզվեց՝ ամենեւին պարտադիր չէր: Կազմակերպությանը դիմած Էլեն Տաճատյանը պատմեց, որ վերոհիշյալ տեղեկանքն իրեն չի հաջողվել ներկայացնել, եւ Ալբերտը խոստացել է անձամբ ձեռք բերել այն ու դեսպանատուն մտնելու օրը հանձնել նրան:
«Work & Rest»-ում ուսանողների ծնողները ստորագրել են պայմանագիր, որ եթե ուսանողը չվերադառնա, ապա նրանք պարտավորվում են տվյալ կազմակերպությանը վճարել 10000 դոլար: Ուշագրավն այն է, որ այս պարտավորագրերը կնքվել են «Հասարակական կապերի միջազգային փոխգործունեության կենտրոն» հասարակական կազմակերպության կնիքով: Այս կազմակերպության ղեկավարը նույն ինքը՝ «Work & Rest»-ի գործադիր տնօրեն Հասմիկ Յագմուլյանն է: Իսկ տնօրեն Ալբերտը, գործավարներ Քրիստինեն եւ Լիլիթը հասարակական կազմակերպության անդամներն են:
Հունիսի 1-ին ուսանողները պիտի ուղեւորվեին Միացյալ Նահանգներ, սակայն նրանցից ոչ մեկը դեռ դեսպանատուն չէր մտել: Կազմակերպությունում հայտնում էին, որ դեսպանատուն մտնելու «ժետոնները» դեռ չեն ստացել:
Ամերիկա մեկնողների մեծ մասի ծնողները անհրաժեշտ փողը վերցրել էին պարտքով կամ տոկոսով: «Արարատ 73»-ի հարձակվող Էդիկ Հարությունյանը որդուն՝ Երեւանի պետական ֆիզիկական դաստիարակության ինստիտուտի ուսանող Արայիկին, ԱՄՆ ուղարկելու համար պահանջվող գումարը ձեռք էր բերել տունը գրավ դնելով եւ առ այսօր վճարում է այդ գումարի տոկոսները: Պարտքով վերցրած գումարի տոկոսներն է վճարում նաեւ վարձով ապրող Ռուզաննա Հովհաննիսյանը, իսկ նրա որդին՝ Արթուրը, ուսման վարձը չմուծելու պատճառով հավանաբար կմեկնի զինծառայության՝ առանց պետական քննությունները հանձնելու եւ դիպլոմային աշխատանքը պաշտպանելու:
Լուսինե Գասպարյանը սեփական նախաձեռնությամբ հունիսի 3-ին գնացել է դեսպանատուն եւ, ներկայանալով որպես «Work & Rest»-ի ուսանող, խնդրել, որ իրեն ժետոն տրամադրեն: «Ինձ ասացին, որ նման կազմակերպություն իրենց մոտ գրանցված չէ: Մենք երկու հոգի էինք՝ ես եւ եղբայրս: Գնացինք կազմակերպություն, մայրս պահանջեց 1900 դոլարը: Հասմիկը բացատրեց, որ ստացականներում Ալբերտի անձնագրի համարը սխալ է գրել, դրա համար էլ դեսպանատանը չեն գրանցել: Ասաց՝ մի շաբաթ էլ համբերեք»,-պատմում է Լուսինեն:
Մեր բոլոր զրուցակիցները նշում են, որ «Work & Rest»-ին չվստահելու բավականին հիմքեր կային, բայց ԱՄՆ մեկնելու մեծ ցանկության, հատկապես Հասմիկի եւ Քրիստինեի ճարտար լեզվի ազդեցության տակ «իրենց ունեցած կասկածները տեղի են տվել»: Դիմողների մի մասը նույնիսկ չի տեսել Ալբերտին: Եվ միայն իրադարձություններին հետադարձ հայացք ձգելուց հետո են հասկացել, թե որքան միամիտ են եղել՝ վստահելով մի կազմակերպության, որի գրասենյակում նույնիսկ համակարգիչ չի եղել, որը ֆինանսական հարցերից բացի մնացած ամեն ինչ հարմարեցրել է ուսանողների ցանկություններին, եւ որի տնօրենը՝ Ալբերտը, գրասենյակում հայտնվել է միայն այն ժամանակ, երբ հաճախորդները կամ պայմաններին ծանոթանալիս, կամ էլ վճարումները կատարելիս են եղել, իսկ մնացած դեպքերում «կարեւոր գործերով գտնվել է Վրաստանում»:
Նա Վրաստանում էր նաեւ հունիսի 11-ին: Այդ օրը կազմակերպության գրասենյակում հավաքված բազմաթիվ ուսանողների եւ ծնողների պահանջով Հասմիկը զանգահարել է ոմն Գիվի Անանաշվիլու վրացական բջջային հեռախոսահամարով, եւ վերջինս հեռախոսը փոխանցել է Ալբերտին: Տնօրեն Ալբերտն ասել է, որ սպասեն՝ ինքը գալու է: Հետո պարզվել է, որ մինչ գրասենյակում հավաքվածներն իրենց գումարը ետ ստանալու ակնկալիքով սպասում էին Ալբերտին, նա «Պարտեզ» խանութի մոտակայքում հանդիպել է ծնողներից Գեղամին, որն էլ, բանից անտեղյակ, դիմող-ուսանողներից հավաքած 13000 դոլարը հանձնել է նրան:
Նույն երեկոյան ոստիկանության քաղաքային վարչությունից մի քանի հոգի եկել, հասարակական կազմակերպության կնիքը, բոլոր փաստաթղթերը հավաքել, աշխատակիցներին ու հավաքվածներին տարել են վարչություն: Այստեղ Հասմիկի պայուսակի աստառի տակից գտել են 20000 դոլարից ավելի գումարի բանկային կտրոններ, որոնք ուղարկված են եղել ՌԴ:
Ոստիկանությունում Հասմիկը պնդել է, որ ինքը ոչ մի բանի հետ կապ չունի, Ալբերտի մոտ ուղղակի աշխատող է եղել: Այն, որ 10000 դոլարի պարտավորագրերը կնքված են եղել իր ղեկավարած հասարակական կազմակերպության կնիքով, բացատրել է, որ Ալբերտը կնիք չի ունեցել, եւ ինքը պարզապես օգնել է նրան:
Հասմիկին նույն օրն իսկ ազատ են արձակել:
Կենտրոն համայնքի ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որը մի քանի ամիս անց տեղափոխվել է Երեւանի քաղաքային դատախազության վարույթ: եստիկանությունում եւ դատախազությունում ցուցմունք տված բոլոր տուժածները հայտնել են, որ գործ են ունեցել Հասմիկ Յագմուլյանի հետ: Սակայն Երեւանի դատախազության քննիչ Սարգիս Հովհաննիսյանը նրան այս գործով ճանաչել է «տուժող»: Թե ինչու է Հասմիկը դարձել «տուժող» եւ մնացել անպատիժ հայտնի է միայն դատախազության աշխատակիցներին: Գործը վաղուց պետք է մտներ դատարան եւ Հ. Յագմուլյանը ստանար իր պատիժը:
Գործավար Լիլիթը պատմեց, որ ինքը, «Շանթ» հ/ը վազող տողից տեղեկանալով, որ «Work & Rest»-ին անհրաժեշտ են աշխատողներ, 2004թ. մարտին հիշյալ կազմակերպությունում որպես գործավար տեղավորվել է աշխատանքի: Սկզբում նրան ասել են, թե տնօրենը ոմն Գեորգ Գեորգաձեն է: Հետո փոփոխություններ են եղել, եւ տնօրեն է դարձել գովազդային գործակալ Ալբերտ Ավետիսյանը: Լիլիթն աշխատանքից ազատվել էր մայիսին:
«Հասարակական կապերի միջազգային փոխգործունեության կենտրոն» ՀԿ նախագահ, «Work & Rest»-ի գործադիր տնօրեն Հասմիկ Յագմուլյանն այսօր հրաժարվում է որեւէ կերպ մեկնաբանել իր քայլերը: Քննիչներն արգելել են, ինչպես նա նշեց մեր հեռախոսազրույցի ժամանակ, այս թեմայով խոսելը:
Կարեն Ստեփանյանը՝ դիմող ուսանողներից մեկի հայրը, նամակ է գրել քաղաքային դատախազություն, հակակոռուպցիոն հանձնաժողովին եւ ԱԺ նախագահին: Գործին միջամտել է նաեւ ոստիկանության 6-րդ վարչությունը, բայց մինչ օրս որեւէ բան չի պարզվել:
«Work & Rest»-ի խաբեության զոհ է դարձել 70 մարդ: Նրանցից յուրաքանչյուրը այդ կազմակերպությունում թողել է հազար դոլար: Ալբերտ Ավետիսյանը եւ Հասմիկ Յագմուլյանը յուրացրել են 70 հազար դոլար եւ մնացել անպատիժ:
Տուժածների մի մասը կորցրել է հույսը: Մյուս մասը համոզված է, որ նրանց ետեւում կանգնած են իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Հակառակ դեպքում Ալբերտին վաղուց կհայտնաբերեին: «Նրա հայրը վերջերս վերանորոգեց տունը, եվրառեմոնտ արեց, եղբայրը թանկարժեք մեքենա է գնել, եւ երկուսն էլ ոչ մի տեղ չեն աշխատում: Որտեղի՞ց նրանց փող, ինչու՞ քննիչները չեն պարզում»,- ասում է ուսանողներից մեկի հայրը:
Լուսանկարում Հասմիկ Յագմուլյանը եւ Ալբերտ Ավետիսյանն են
Մեկնաբանել