
Խանութներում արված առևտուրն աճել է, կրպակներինը` նվազել
2017 հունվար-սեպտեմբերին հանրապետությունում կատարվել է 1 տրիլիոն 790 միլիարդ դրամի առևտուր: 2016 թվականի նույն ամիսների համեմատությամբ՝ առևտրաշրջանառության ծավալն աճել է 12 %-ով: Այս ամիսներին արված առևտրի ընդհանուր տեսակարար կշռի կեսը ապահովել է մանրածախ առևտուրը, որի շրջանառությունը կազմել է 920 միլիարդ դրամ:
Իսկ մեծածախ առևտուրը առևտրաշրջանառության ծավալում նախորդ տարվա առաջին ինը ամիսների համեմատությամբ ամենամեծ աճն է ունեցել՝ 21 %-ով: 12 % աճ էլ ավտոմեքենաների առևտուրն է գրանցել: Առևտրաշրջանառության ենթակառուցվածքային ծավալներին կարող եք ծանոթանալ գծապատկերով։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ առևտրաշրջանառության ծավալը մինչ հունիս աստիճանաբար աճել է, դրանից հետո սկսել նվազել:
Չնայած այդ ամիսների առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ ծավալային աճ է ունեցել: Առևտրաշրջանառության ամսական տվյալներով՝ 2017-ի առաջին ինը ամիսներին առևտրի ծավալը 120-220 միլիարդ դրամ է եղել:
Մանրածախ առևտուր
Ազգային վիճակագրական ծառայությունը նաև առանձնացված կերպով անդրադարձել է ոլորտի հիմնական շրջանառությունը ապահովող ենթակառուցվածքին՝ մանրածախ առևտրին: 2017-ի հունվար-սեպտեմբերին մանրածախ առևտրի ծավալը կազմել է 920 միլիարդ դրամ, որի 79 %-ը կամ 726 միլիարդը՝ խանութներում արված առևտուրն է ապահովել: Նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ այն 8 %-ով աճել է:
Բացի այդ, նաև աճել է գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում արված առևտուրը, սրան հակառակ ցուցանիշային անկում է նկատվում կրպակներում և սպառողական ապրանքների շուկաներով արված առևտրի ծավալում:
Առանձնացված տվյալներով՝ մանրածախ առևտրի ծավալն աճել է տարվա առաջին ինը ամիսներից բոլորում: Մանրածախ առևտրի շրջանառության ամենամեծ ծավալը գրանցվել է սեպտեմբերին, երբ ոլորտն ունեցել է 115 միլիարդ դրամի շրջանառություն՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ էլ 6 %-անոց աճ:
Մանրածախ առևտրի 920 միլիարդ դրամ շրջանառությունից 677 միլիարդ դրամը ապահովել է Երևանը, ապա մեծ է եղել Կոտայքի մարզում արված առևտրի ծավալը:
Առևտրաշրջանառության մարզային ծավալը մեծամասամբ ուղիղ համեմատական է լինում այդ մարզի բնակչության թվաքանակին: Այդ է պատճառը, որ մանրածախ առևտրի ծավալը մեծ է եղել այդ մարզերում, իսկ քիչ ծավալ գրանցել է ամենաքիչ բնակչություն ունեցող մարզը՝ Վայոց ձորը: Մարզերի և Երևանի մանրածախ առևտրի շրջանառության համեմատության մասին խոսելիս, կարող ենք փաստական մեկ տվյալ նշել, որով օրինակ՝ եթե մայրաքաղաքում մանրածախ առևտրի ծավալը եղել է 670 միլիարդ դրամ, ապա մարզերի առևտրաշրջանառությունը կազմել է մի քանի տասնյակ միլիարդ: Մարզերից առավելագույն առևտրաշրջանառությունը արձանագրել է Կոտայքի մարզը՝ 45 միլիարդ դրամ:
Խանութների մասին
Ինչպես արդեն նշեցինք՝ մանրածախ առևտրի 79 %-ը բաժին է հասել խանութներին: Այն ունեցել է 729 միլիարդ դրամ շրջանառություն։ Պաշտոնական տվյալներով` հանրապետությունում գործում է 13 757 խանութ, որոնք ունեն ավելի քան 37 հազար աշխատակից:
Խանութների 94 %-ը գերփոքր են՝ մինչ 9 աշխատակից ունեցող: Գերփոքր խանութներում աշխատում է խանութներում աշխատող 37 հազար աշխատակիցների գրեթե կեսը: Այս խանութները ապահովել են մանրածախ առևտրի շրջանառության 33 %-ը:
Իսկ սպառողական ապրանքների շուկաները հանրապետությունում 54-ն են: Դրանցից 28-ը Երևանում են գործում և ապահովել են այս ոլորտի շրջանառության գրեթե կեսը:
Մեկնաբանել