
2011 լրատվական տարին՝ թվերով
2011թ.-ի ընթացքում ողջ աշխարհում սպանվել է 66 լրագրող (16%-ով ավելի, քան 2010թ.), ձերբակալվել է 1044 լրագրող, ֆիզիկապես հարձակվել կամ սպառնացել են 1959 լրագրողի, գրաքննվել է 499 լրատվամիջոց, առևանգվել է 71 լրագրող, ստիպված է եղել իր երկիրը լքել 73 լրագրող, սպանվել է ինտերնետում ակտիվ տեղեկություններ տարածող 5 մարդ, ձերբակալվել է 199 բլոգեր և ինտերնետում ակտիվ տեղեկություններ տարածող մարդ:
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ ընդհանուր առմամբ՝ 2011թ.-ը բարդ էր լրատվամիջոցների ազատության առումով: Լուրերի կենտրոնում Արաբական գարունն էր: 2011-ին սպանված 66 լրագրողից 20-ը սպանվել է Միջին Արևելքում (ինչը երկու անգամ ավելի է, քան 2010-ին): Նույնքան լրագրողներ են զոհվել Լատինական Ամերիկայում, որտեղ մեծապես առկա է քրեական տարրերի կողմից բռնությունների ենթարկվելու սպառնալիքը:
Երկրորդ տարին անընդմեջ լրագրողների համար ամենամահացու երկիրը Պակիստանն է, որտեղ ընդհանուր առմամբ զոհվել է 10 լրագրող, որոնց մեծ մասը սպանվել է: Չինաստանը, Իրանը և Էրիթրեան շարունակում են մնալ աշխարհի ամենամեծ բանտերը լրատվամիջոցների համար:
Արաբական գարունը, դրանից ներշնչված բողոքի շարժումները մոտակա երկրներում, ինչպես օրինակ Սուդանում և Ադրբեջանում, նաև փողոցային բողոքի ակցիաները այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հունաստանը, Բելառուսը, Ուգանդան, Չիլին և ԱՄՆ-ն, տեղիք տվեցին լրագրողների ձերբակալությունների շեշտակի աճի. 2010թ. ձերբակալված 535 լրագրողի համեմատ 2011-ին ձերբակալվել է 1044 լրագրող:
Շատ են դեպքերը, երբ աշխատանքի ժամանակ ֆիզիկապես խոչընդոտել են լրագրողներին (նրանց կարճ ժամանակով ձերբակալել են կամ կանչել հարցաքննության): Հիմնականում խոչընդոտողները կատարում էին կառավարության պատվերը՝ նպատակ ունենալով կանխել այն տեղեկատվության հրապարակումը, որը, նրանց կարծիքով, սպառնալիք է պարունակում:
«Բողոքների տարվա» հիշատակելի զարգացումներից էին նաև նրանք, որ լրագրողների վրա հարձակումների դեպքերն աճեցին 43%-ով, իսկ 31%-ով աճեցին ինտերնետում ակտիվ գործող մարդկանց ձերբակալությունները, որոնք դառնում են հիմնական թիրախները, երբ լրատվամիջոցների աշխատանքի արգելափակման ժամանակ տեղեկատվություն են տրամադրում փողոցային ցույցերի մասին: 2011-ին սպանվել է ինտերնետում ակտիվ տեղեկություններ տարածող 5 մարդ, որից 3-ը՝ միայն Մեքսիկայում:
Կահիրեի Թահրիր հրապարակից մինչև Պակիստանի հարավարևմտյան Խուզդար քաղաք, Մոգադիշոյից մինչև Ֆիլիպինների քաղաքներ՝ քաղաքականապես անկայուն ժամանակներում լրագրող աշխատելու ռիսկերը 2011-ին արտահայտվել են ավելի սուր, քան երբևէ: 2011-ին փողոցն էր այն վայրը, որտեղ վտանգ կար հաճախ ցույցերի ժամանակ, որոնք հանգեցնում էին ուժգին բախումների անվտանգության ուժերի հետ կամ վերաճում բացահայտ հակամարտության:
Այս տարի առաջին անգամ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կազմել է աշխարհի 10 ամենավտանգավոր այն վայրերի ցուցակը, որտեղ լրագրողներն ու ինտերնետում ակտիվ տեղեկություններ տարածող մարդիկ ենթարկվել են բռնության, իսկ տեղեկատվության ազատությունն արհամարհվել է:
Այդ երկրներն են՝ Եգիպտոս, Լիբիա, Սիրիա, Պակիստան, Բահրեյն, Եմեն, Կոտ դ’Իվուար, Մեքսիկա, Ֆիլիպիններ և Սոմալի: Այս 10 վայրում արձանագրվել են լրատվամիջոցների ծայրաստիճան գրաքննության դեպքեր և բռնություն նրանց նկատմամբ, ովքեր փորձել են հաղորդել ազատ ու անկախ լուրեր և տեղեկատվություն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել