
Ղազախերենն անցում է կատարում լատինատառ այբուբենի
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ ղազախերենը կյուրեղագրից (кириллица) փուլ առ փուլ անցում կկատարի լատինատառ այբուբենի: Նախագահի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում նշվում է, որ անցումը լատինատառ այբուբենին պետք է ավարտվի 2025 թվականին: Աշխատանքները համակարգելու համար ստեղծվել է ազգային հանձնաժողով: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Լատինատառ այբուբենին անցումը Ղազախստանում սկսվել է քննարկվել 2007 թվականից: Հիմա ղազախական այբուբենի լատինատառ տարբերակը օգտագործվում է Թուրքիայի և մի քանի արևմտյան երկրների ղազախական համայնքների կողմից, սակայն դա ոչ մի պաշտոնական կարգավիճակ չունի: Չինաստանի ղազախները օգտվում են արաբական այբուբենից:
Լատինատառ համակարգը Ղազախստանում կիրառվել է 1929-1940 թվականներին: Այբուբենի այդ տարբերակը հայտնի է եղել Յանալիֆ կամ Նոր թյուրքական այբուբեն անուններով:
Հետխորհրդային երկրներից լատինական այբուբենը օգտագործում են Մերձբալթյան երկրներում (Լատվիա, Լիտվա, Էստոնիա), Մոլդովայում, ինչպես նաև թյուրքալեզու Ադրբեջանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում:
Լուսանկարը՝ Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել