HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամբոյի ֆեդերացիան զարմացած է մարզական լրագրողների ընտրությունից

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ի սրտե շնորհավորում է մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքով որոշված 2011 թվականի տասը լավագույն մարզիկներին, մաղթում հետագա հաջողություններ ու նորանոր բարձունքների նվաճում՝ ի պատիվ մեր երկրի և ի փառս հայկական սպորտի:

Միևնույն ժամանակ մենք մեր զարմանքն ու տարակուսանքն ենք հայտնում առ այն, որ տասնյակում տեղ չեն գտել Սամբոյի 2011 թ. Եվրոպայի չեմպիոն Վաչիկ Վարդանյանի կամ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հակոբ Առաքելյանի անունները:

Ինքնին հասկանալի է, որ քվեարկությանը մասնակցած մարզական լրագրողները նախապատվությունը տվել են օլիմպիական մարզաձևերին, սակայն չմոռանանք, որ սամբո մարզաձևը նույնպես մեծ մասսայականություն է վայելում, հանդիսանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամ, ֆինանսավորվում է պետական բյուջեից և տարվա մարզական արդյունքներն ամփոփելիս էլ՝ հայ մարզիկների նվաճած մեդալների ընդհանուր ցուցակում հաշվառվում են նաև սամբիստների՝ աշխարհի և եվրոպայի առաջնություններում նվաճված մեդալները, որոնք, գուցե չունեն օլիմպիական մարզաձևերից ակնկալվող հնչեղությունը, սակայն իրենց հարգով ու փայլով չեն զիջում նմաններին:

Տեղեկանքի կարգով նշենք, որ հայ սամբիստները 2011 թ. աշխարհի և Եվրոպայի առաջնություններից վերադարձել են երկու տասնյակ մեդալներով, որը կազմում է ընդհանուրի մոտ 15 տոկոսը:

Կարծում ենք, հետայսու, արժե վերանայել մարզաձևերի հանդեպ «կաղապարված» մոտեցումը, այդպիսով՝ նպաստել բոլոր այն հայ մարզիկներին, ովքեր միջազգային ամենաբարձր ասպարեզներում հնչեցնում են հայոց օրհներգն ու ծածանում հայոց եռագույնը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter