
Լևոն Արոնյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը մոտենում է ավարտին: Այսօր հայտնի դարձան եզրափակչի մասնակիցները: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչ փուլում ուժերն էր չափում ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:
Սեպտեմբերի 19-ին և 20-ին կայացած դասական շախմատի երկու պարտիաներում կողմերը չէին կարողացել որոշել հաղթողին, քանի որ երկու դեպքում էլ գրանցվել էր ոչ-ոքի արդյունքը: Այսօր կայացած թայ-բրեյքի պարտիաներում Արոնյանն ու Վաշիե-Լագրավը երկար ժամանակ չէին կարողանում առավելության հասնել միմյանց նկատմամբ: Արագ շախմատի կանոններով անցկացված առաջին պարտիայում հաղթեց ֆրանսիացին, իսկ պատասխան պարտիայում ավելի ուժեղ գտնվեց Արոնյանը: Կայծակնային շախմատում կրկին հավասարություն գրանցվեց: Կողմերը երկու ոչ-ոքի խաղացին: Դիմակայության հաղթողի անունը հայտնի չդարձավ նաև 5+3 համակարգով անցկացված պարտիաներում:
Եզրափակչի մասնակցի անունը վճռվեց միայն «արմագեդոն» համակարգով կայացած պարտիայում: Այս դեպքում եթե 61-րդ քայլից հետո ոչ-ոքի է գրանցվում, ապա առավելությունը տրվում է սևերով խաղացող կողմին, սակայն սպիտակներով գործող Արոնյանը մատային գրոհ սկսեց և 78-րդ քայլին ստիպեց հանձնվել Վաշիե-Լագրավին:
Այսպիսով, 34-ամյա Լևոն Արոնյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի չինացի 24-ամյա գրոսմայստեր Դին Լիրենի հետ, ով կիսաեզրափակչում կրկին թայ-բրեյքում առավելության էր հասել աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկի՝ ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոյի նկատմամբ:
Անկախ եզրափակչի արդյունքից՝ Արոնյանն ու Լիրենը 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճեցին, որի հաղթողը իրավունք կստանա աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկել մոլորակի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնում էին ևս երկու շախմատիստներ՝ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հրանտ Մելքումյանը, սակայն նրանք մրցաշարի մեկնարկային՝ 1/64 եզրափակիչ փուլից դուրս էին մնացել պայքարից:
Աշխարհի գավաթի խաղարկությունը տեղի էր ունենում «նոքաութ» համակարգով, այսինքն՝ դիմակայության պարտվողը լքում էր մրցաշարը: Դասական շախմատի երկու պարտիաների հավասար արդյունքի դեպքում անցկացվում էին արագ, կայծակնային, 5+3 և «արմագեդոն» համակարգով պարտիաներ: Միայն եզրափակչում է անցկացվելու դասական շախմատի չորս պարտիա:
Լուսանկարը՝ ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել