Ռոման Ամոյանը ճանաչվել է 2011 թ. Հայաստանի լավագույն մարզիկ
Մարզական լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքում 2011-ի Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը, որն այս տարի գերմանական Դորտմունդում երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը (առաջինը՝ 2006-ին Մոսկվայում, Ամոյանը ժամանակին դարձել է նաեւ աշխարհի փոխչեմպիոն, օլիմպիական բրոնզե մեդալակիր): Ռոմանը մեր մարզիկներից միակն էր, ով անհատական պայքարում կարողացավ հասնել նման լուրջ հաջողության, ինչն էլ, ըստ էության, վճռական դեր խաղաց հարցման ժամանակ: Ամոյանը վաստակել է 346 միավոր:
300 միավորով երկրորդն է դարձել նույն ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, որը Ստամբուլում կայացած աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ եւ օլիմպիական ուղեգիր, ինչը պարզապես սփոփանք էր մեր թիմի համար, որից ակնկալիքները բավականին մեծ էին: 296 միավորով երրորդը Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն է, ում մասնակցությամբ մեր թիմն այս տարի դարձավ աշխարհի չեմպիոն:
Տարվա լավագույն թիմը, անշուշտ, հենց աշխարհի չեմպիոն շախմատի հավաքականն է: Երկրորդը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին է, իսկ երրորդը՝ հունահռոմեական հավաքականը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել