
Հեսսեի երկու վեպերը հայերեն են հրատարակվել
«Քյուրքչյան» հրատարակչության նախաձեռնությամբ լույս են տեսել գերմանացի բանաստեղծ, արձակագիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերման Հեսսեի «Սիդհարթա» և «Դեմիան» գրքերի հայերեն թարգմանությունները: Թարգմանիչը բանաստեղծ, գրականագետ, էսսեիստ Աշոտ Ալեքսանյանն է: Նա թարգմանել է գերմանացի, ավստրիացի, ֆրանսիացի մի շարք հեղինակների գործեր (Շիլլեր, Մյորիկե, Բրոխ, Վերֆել, Հյուգո, Ռեմբո, Բոդլեր, Քամյու, Կոկտո և ուրիշներ):
«Քյուրքչյան» հրատարակչությունը ներկայացնող Սոնա Քյուրքչյանը նշում է, որ «Սիդհարթան» և «Դեմիանը» Հեսսեի ամենահայտնի ստեղծագործություններից են: «Սիդհարթայի» հայերեն թարգմանությունը, ըստ Սոնայի, Աշոտ Ալեքսանյանն արել էր տարիներ առաջ, սակայն գիրքը հատվածաբար էր տպագրվել գրական ամսագրերում, կար նաև համացանցային տարբերակը: Ըստ հրատարակչի՝ գրքերը հրատարակելու ազդակներից մեկը դրանց ամբողջական տպագիր տարբերակներն ունենալն էր: Բացի դրանից՝ երկու վեպերում էլ անձի փնտրտուքն է, որ այսօր դարձյալ արդիական է:
Աշոտ Ալեքսանյանն ասում է, որ գրքերը հրատարակելուց առաջ «Քյուրքչյան» հրատարակչության հետ քննարկել են հեղինակի ընտրությունը, ընթերցողի հավանական արձագանքը: Ավելացնում է, որ Հեսսեի գրքերը վերջերս հայերեն թարգամանում է նաև իր լավ ընկեր Արա Առաքելյանը:
Հեսսեն Ա. Ալեքսանյանի երկու ամենասիրելի հեղինակներից է, բայց չի ասում, թե ով է երկրորդը: Ալեքսանյանը թարգմանական գործունեությունն սկսել է հենց Հեսսեյով, երբ 1990 թ. Խորհրդային Միությունը դեռևս չէր փլուզվել, բայց երկիրն արդեն խարխլված էր տնտեսապես, ֆիզիկապես, գաղափարապես:
Երկու գրքերն էլ, ըստ նրա, Հեսսեի մարգարեություններն են, մարդու անձնական և անանձնական էությունների խառնուրդը, թե մարդն ինչից է հունցված, ինչ դրդումներ, դրդապատճառներ են կապում այս կյանքին:
«Հեսսեն «Սիդհարթան» համարում էր իր ամենահզոր, ամենասիրելի գիրքը»,- նշում է թարգմանիչը: 1923թ-ին այն լույս է տեսել երեք այլ ստեղծագործությունների հետ՝ «Դենզոնի վերջին ամառը», Քլամյը և Վագները» և «Մանյան հոգւն»: Հեսսեն այն համարում է քառամիասնություն, և կարծում էր, որ այդ 4 գրքերով ամեն բան ասել է:
««Սիդհարթան» կարդալիս մարդկանց թվում է, թե այնտեղ հինդուիզմի գաղափարախոսությունն է, բայց սա համադրություն է, այստեղ առանձին ներկայացված է Լաո Ցզիի փիլիսոփայությունը, բրահմանիզմն է որպես առանձին երևույթ»,- ասում է Աշոտ Ալեքսանյանն ու հավելում, որ թարգմանությունների մեջ հենց տերմինաբանական դժվարություններ կային, քանի որ գրքերում ներկայացվածները տարբեր ուսումունքներ են:
Թագմանիչը նշում է, որ Հեսսեն «Սիհհարթան» սկսել է գրել 1919 թ., երբ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Եվրոպայի ժողովուրդներն ականտես եղան արհավիրքների, ինչը շրջադարձային եղավ Հեսսեի համար: «Սիդհարթան» գրելիս հեղինակը հանկարծ ընդհատել է այն ու սկսեց գրել մեկ այլ ստեղծագործություն՝ «Քլինգզորի վերջին ամառը»:
Երկրորդ վեպով՝ «Դեմիանով», ինչպես Ա. Ալեքսանյանն է նշում, սկսվել է Հեսսեի հոգու հեղափոխությունը: Գաղափարը հղացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ բոլորն ասում էին, թե պատերազմն ավարտվել է, ամեն բան տեղն է ընկնելու, սակայն իրականում այդպես չէր: Ըստ այդմ՝ եթե մարդը խաղաղասիրական գաղափարների մասին է խոսում, դա դեռ չի նշանակում, որ պիտի հանգի դրանց:
Մեկնաբանել